Հայաստան - ԱրցախՄշակութային

«Եկէ՜ք միասին բարձրանանք Շուշի»

Վլադիմիր Գէորգեան. «Լուսանկարում էի Շուշիում. գոնէ այդ ձեւով մի մասնիկ փրկւել է Շուշիից»

«Ես ապրում էի Շուշիում։ Տարիների ընթացքում լուսանկարներիս արխիւից է ներկայացւած։ Փառք Աստծոյ, փրկւել է։ Տարբեր ժամանակների, տարբեր եղանակների նկարներ են։ Ինձ թւում է՝ ամէն մէկն իր կարօտը կը գայ, կառնի»: Aravot.am-ի հետ զրոյցում ասաց շուշեցի լուսանկարիչ, ռեժիսոր  Վլադիմիր Գէորգեանը։

ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան եւ «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի համագործակցութեամբ, նոյեմբերի 10-12-ը ՀԲԸՄ ցուցասրահում ներկայացւել են լուսանկարիչ Վլադիմիր Գէորգեանի «Եկէ՜ք միասին բարձրանանք Շուշի» լուսանկարների ցուցահանդէսը: Ցուցադրւել են Արցախի Շուշի քաղաքի մասին պատմող 45 լուսանկարներ։

Հարցին՝ հե՞շտ էր լաւ լուսանկարներ ստանալը Շուշիում, Վլադիմիր Գէորգեանը պատասխանել է․ «Միանշանակ, քանի որ բարձունքում էր քաղաքը, լոյսը իւրայատուկ ձեւով էր աշխատում, բացի դրանից մառախուղ էր շատ լինում՝ ցածր մառախուղ, որը Շուշիին շատ բնորոշ է։ Ինձ համար մուսա էր քաղաքը, ամէն մէկը մի ձեւով էր վայելում քաղաքը. մէկն իր մտքերի մէջ, ես որոշել էի լուսանկարներ անել։ Գոնէ այդ ձեւով մի մասնիկ փրկւել է Շուշիից»։

Իսկ թէ վերջին լուսանկարը Շուշիում ե՞րբ է արել, Վլադիմիր Գէորգեանը պատասխանել է. «Շուշիի ճանապարհին եմ արել։ Առաջին շրջափակումը, որը տեւեց մի քանի ժամ, այդ ժամանակ ես Արցախ էի գնում Երեւանից։ Հիմնական բլոկադան այդ լուսանկարն անելուց մէկ ամիս յետոյ սկսւեց։ Գնացի, մէկ շաբաթ մամայի մօտ մնացի, հետ եկայ ու ճանապարհին նկարեցի։ 2022 թւականն էր»։

Խօսելով ցուցահանդէսի՝ «Եկէ՜ք միասին բարձրանանք Շուշի» խորագրի մասին, լուսանկարիչն ասել է․ «Երկու իմաստ ունի․ Արցախի բոլոր շրջաններից, երբ գալիս էին Շուշի, չէին ասում՝ գնանք, ասում էին բարձրանանք Շուշի։ Քաղաքը նաեւ հոգեւոր, մշակութային էր, եւ բարձրանանք նաեւ հոգեւոր տեսանկիւնից։ Այդ նուրբ երանգը կայ. միայն ֆիզիկապէս բարձրանալու մասին չէ խօսքը։ Մի անգամ նոյն խորագրով ցուցահանդէս արել էինք, որոշեցինք՝ այս մէկն էլ նոյնը մնայ. խորհրդանշական դարձաւ։ Եթէ Աստծոյ կամքով էլի լինի ցուցահանդէս, գուցէ էլի նոյնը թողնենք, մինչեւ մի օր էլի բարձրանանք Շուշի»։

Վլադիմիր Գէորգեանն ասել է, որ այս պահին չի լուսանկարում, ներքին դադար է. «Ներսից պէտք է լինի այդ պահանջը։ Մուսայի բացակայութիւն ասեմ, թէ ուղղակի կենտրոնացման… բայց մի օր կը սկսեմ»։

«Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը Aravot.am-ի հետ զրոյցում ասել է, որ Վլադիմիր Գէորգեանը, ապրելով Շուշիում անընդհատ լուսանկարել է Շուշիի բոլոր անկիւնները, Շուշիի հոգեւոր, մշակութային դիմագիծը՝ լեռները, բնութիւնը, մարդկանց. «Միակ լուսանկարիչն է, որն ամբողջութեամբ լուսանկարել է Շուշին։ Արցախում իրեն անւանում էին Շուշիի լուսանկարիչ Վլադիմիր։ Մենք փորձեցինք նոյեմբերի 9-10-ին՝ հայ ժողովրդի համար դաժան այս օրերին կեանքի կոչել այս ցուցահանդէսը։ Խորհրդանշական կերպով ընտրել ենք «Բարձրանանք Շուշի»-ն խորագիրը։ Նոյեմբերի 9-10-ը չնայած մեր պատմութեան մէջ անկումային օրեր էին, բայց այս ցուցահանդէսով փորձում ենք ցոյց տալ, որ չպէտք է այդ օրերը վերածել սգի օրերի, այլ պահանջատիրութեան եւ համազգային պահանջի վերանորոգման օրւայ։ Եւ հոգով, մտքով շարունակել բարձրանալ դէպի Արցախ, հասնել Շուշիի բարձունքը։ Պայքարի ու բարձրանալու գաղափարն ենք փորձել ցոյց տալ այս ցուցահանդէսով։ Միաժամանակ յաւերժ քաղաքի գաղափարն ենք փորձել փոխանցել։ Շուշին մեզ համար մի քաղաք է, որը յաւերժ է իր լոյսով, ջերմութեամբ, գոյներով, անգամ իր մառախուղով ու մէգով, որի մէջ կայ խորունկ աստւածային լոյս ու խորութիւն»։

«Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի խորհրդի անդամ, հրապարակագիր, քաղաքական վերլուծաբան Միքայէլ Հաջեանը, որի երկու որդիները զոհւել են 44-օրեայ պատերազմի ժամանակ, ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է. «Այս ցուցահանդէսը մշակութային ու քաղաքական շառաչուն ապտակ է նրան ու բոլոր նրանց, որոնք Շուշին սկսել էին համարել որպէս դժգոյն ու դժբախտ քաղաք։ Սա շառաչուն ապտակ է բոլոր այն միջազգային կառոյցներին, որոնց անտարբեր հայացքի առաջ տեղի ունեցաւ մեծ ողբերգութիւնը՝ Արցախի բռնազաւթումն ու հայաթափումը։ Այն Արցախի, որտեղ բազում դարեր շարունակ ապրում ու ստեղծագործում է հայ ժողովուրդն իր հայրենի երկրում՝ առաւել եւս Շուշիում։ Եւ նաեւ այս ցուցահանդէսը մի կարեւոր յիշեցում է Բաքւում մեկնարկած COP29 միջազգային համաժողովի մասնակիցներին, հասկացնել տալու նրանց, որ գտնւում են մի երկրում, որը ոչ միայն զուտ բռնապետական, այլեւ զաւթիչ, ագրեսոր եւ ցեղասպանութիւն իրականացրած երկիր է։ Նրանք պէտք է իրենց կարծիքը յայտնեն. ոչ բոլորը, բայց կարծիք յայտնողներ անպայման կը լինեն»։

ՏԱԹԵՒ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Related Articles

Back to top button