Զէնքերի չտարածման ասոցիացիայի քաղաքական հարցերով տնօրէն Քելսի Դէյւընփորթը Just Security-ի հետ զրոյցում. «Եթէ ոչ դիւանագիտութեամբ, ապա ի՞նչով կարելի է կանխել պատժամիջոցների վերադարձի գործընթացը»

«ԱԼԻՔ» – Երեք եւրոպական երկրները (E3), որոնք միջուկային համապարփակ համաձայնագրին մաս կազմող պետութիւններից են (Անգլիա, Ֆրանսիա եւ Գերմանիա), հինգշաբթի՝ օգոստոսի 28-ին, անցան ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթացին, որոնք կասեցւել կամ վերասահմանւել էին 2015 թւականին՝ Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի համաձայն։
Փորձագիտական կենտրոնների հաւաստմամբ ներկայ իրավիճակում Իրանի վերաբերեալ նման որոշումները, պայմանաւորւած են աշխարհաքաղաքական զարգացումների, մասնաւորապէս Արեւմուտքի աջակցութեամբ ուղղորդւող հակամարտութիւնների արդիւնքների հետ, որոնք ազդեցութիւն են գործում միեւնոյն ճակատում յայտնւած կողմերի դիրքերի վրայ:
Իրանի միջուկային խաղաղ ծրագրի փոխկապակցումը ռազմականի հետ շարունակում է մնալ Արեւմուտքի օրակարգում, ինչն ակնյայտօրէն երեւում է նաեւ ամերիկեան փորձագիտական կենտրոնների հրապարակումներում, որոնց հրապարակումներում միջուկային խնդրի հարցը քննարկւում է ռազմական վերլուծաբանների հետ զրոյցներում:
Նոյն կապակցութեամբ Just Security թւային ամսագիրը զրուցել է Զէնքերի վերահսկման եւ չտարածման ասոցիացիայի քաղաքական հարցերով տնօրէն Քելսի Դէյւընփորթի հետ՝ վերջին զարգացումներից յետոյ Իրանի եւ Եւրոպայի հետագայ անելիքների վերաբերեալ:
Նշենք, որ այս մեկնաբանութիւնների թարգմանութիւնն ու հրապարակումը «Ալիք»-ում չի նշանակում դրանց բովանդակութեանը հաւանութիւն տալը:
Just Security – 2015 թւականին՝ Համատեղ համապարփակ համաձայնագրի (Բարջամ) ստորագրումից անմիջապէս յետոյ, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդն ընդունեց 2231 բանաձեւը՝ համաձայնագիրը հաստատելու եւ դրա իրականացման համար ճանապարհ հարթելու համար: Իրանի միջուկային ծրագրի որոշ սահմանափակումներ կասեցնելով եւ մասամբ վերաիմաստաւորելով՝ բանաձեւը ստեղծեց համապատասխան «մատակարարման ուղի» զգայուն միջուկային նիւթերի Իրան փոխանցման համար: Նախատեսեց «հետադարձ մեխանիզմ»-ով յայտնի միջոց՝ պարտաւորութիւնների խախտման դէպքում ՄԱԿ-ի նախկին պատժամիջոցները վերականգնելու համար: Ինչպէս նաեւ սահմանեց, որ Անվտանգութեան խորհրդի կողմից Իրանի նկատմամբ սահմանափակումները կը վերացւեն համաձայնագրի ուժի մէջ մտնելուց ամենաուշը 10 տարի անց (եթէ հետադարձ մեխանիզմը մինչ այդ չի ակտիւացւել): Մինչ «հետադարձի» բաժնին անդրադառնալը, կարո՞ղ էք բացատրել 2231 բանաձեւի առանձնայատկութիւնները եւ թէ ինչու է այն այսօր վերականգնւում:
Քելսի Դէյւընփորթ – 2006-2010 թւականներին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը մի շարք բանաձեւեր ընդունեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու եւ նրա միջուկային ծրագիրը սահմանափակելու մասին, այն բանից յետոյ, երբ ԱԷՄԿ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի մասին Անվտանգութեան խորհրդին զեկուցեց համապատասխան համաձայնագրով ենթադրւած չափանիշերի անտեսման մասին։
2231 բանաձեւը, որը հաստատեց Բարջամը որպէս այդպիսին, փոփոխեց ՄԱԿ-ի միջուկային պատժամիջոցներն ու սահմանափակումները Իրանի նկատմամբ եւ կարեւոր դեր խաղաց դրա իրականացման գործում։ Բանաձեւն անմիջապէս վերացրեց սահմանափակումների մի մասը, այդ թւում՝ հարստացման արգելքը, որը կարեւոր էր համաձայնագրի իրականացման համար։ Սահմանափակումների մի մասը, սակայն, ժամանակաւորապէս մնաց ուժի մէջ: ՄԱԿ-ի կողմից դրւած՝ զէնքի էմբարգոն երկարաձգւեց հինգ տարով, իսկ Իրանի նկատմամբ հրթիռային սահմանափակումները՝ ութ տարով։
2231 բանաձեւը նաեւ ստեղծեց յատուկ մեխանիզմ՝ Իրանի կողմից զգայուն նիւթերի ձեռքբերումը վերահսկելու համար։ Ցանկացած երկիր, որը ցանկանում էր նման ապրանքներ արտահանել Իրան, պէտք է ունենար Անվտանգութեան խորհրդի համապատասխան մարմնի թոյլտւութիւնը: Մարմին, որտեղ Միացեալ Նահանգները եւ P5+1-ի բանակցութիւններին մասնակցող միւս անդամները վետոյի իրաւունք ունէին։ Այս մեխանիզմը յայտնի դարձաւ որպէս «Մատակարարման ուղի»։
2231 բանաձեւը պարտադիր պարտաւորութիւններ ստեղծեց ՄԱԿ-ի բոլոր անդամ պետութիւնների համար։ Օրինակ՝ Իրանին միջուկային կամ կրկնակի նշանակութեան ապրանքների եւ ծառայութիւնների մատակարարումն արգելելը, բացառութեամբ «մատակարարման ուղի»-ի ալիքով։
Եւ վերջապէս, 2231 բանաձեւն ունի որոշակի ժամկէտի աւարտ։ Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրի ընդունումից տասը տարի անց՝ «դադարեցման օրը», բանաձեւի բոլոր դրոյթները կը չեղարկւեն, եւ իրանական միջուկային գործը կը հանւի Անվտանգութեան խորհրդի օրակարգից։ Իրանի համար գործի փակումը յատկապէս կարեւոր է, քանի որ Թեհրանը ցանկանում է ճանաչւել որպէս Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրի (NPT) «լիարժէք» անդամ։ Դադարեցման ամսաթիւը այս տարւայ հոկտեմբերի 18-ն է, եւ եթէ 2231 բանաձեւի ժամկէտը լրանայ, ինքնաբերաբար վերադարձի մեխանիզմը նոյնպէս դրա հետ մէկտեղ կը վերանայ։
Ինչպէ՞ս է աշխատում վերադարձի մեխանիզմը եւ ո՞վ է կարող այն ակտիւացնել։
Քելսի Դէյւընփորթ – Աւտոմատ վերականգնումը եզակի մեխանիզմ է, որը թոյլ է տալիս համաձայնագրի ցանկացած կողմի, որը նաեւ ՄԱԿ-ի անդամ է (այսինքն՝ բոլորին՝ բացառութեամբ Եւրամիութեան ներկայացուցչի), յայտ ներկայացնել վերականգնելու Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւով վերացւած կամ փոփոխւած պատժամիջոցներն ու սահմանափակումները՝ առանց վետոյի հնարաւորութեան։
Այս մեխանիզմը մշակւել է, քանի որ P5+1 անդամները (Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Միացեալ Թագաւորութիւն եւ Միացեալ Նահանգներ) մտահոգւած էին, որ եթէ Իրանը խախտի իր միջուկային պարտաւորութիւնները, Անվտանգութեան խորհրդի մշտական անդամը կարող է վետօ դնել պատժամիջոցների վերականգնման վրայ։ Այս մեխանիզմը ապահովում էր, որ պատժամիջոցների վերականգնման ճանապարհը չի փակւի մինչեւ 2025 թւականի հոկտեմբերը։
Այն ակտիւացնելու համար Բարջամի ցանկացած անդամ կարող էր Անվտանգութեան խորհրդին տեղեկացնել Իրանի կողմից պարտաւորութիւնների չկատարումը։ Անվտանգութեան խորհրդը նախագահող կողմն այնուհետեւ պէտք է 10 օրւայ ընթացքում ներկայացնի բանաձեւի նախագիծ՝ պատժամիջոցների կասեցումը շարունակելու մասով, իսկ Անվտանգութեան խորհուրդը 30 օրւայ ընթացքում կը քւէարկի դրա վերաբերեալ։ Եթէ բանաձեւը չի ընդունւում կամ վետօ չի դրւում, ապա ինքնաբերաբար վերականգնւում են նախկին պատժամիջոցները:
ԱՄՆ-ն այլեւս չի կարող օգտագործել այս մեխանիզմը 2018 թւականի մայիսին համաձայնագրից դուրս գալու բերումով։ Թրամփի վարչակազմը փորձեց օգտագործել այն 2020 թւականին՝ Իրանի նկատմամբ զէնքի էմբարգոյի վերացումը կանխելու նպատակով, սակայն Անվտանգութեան խորհրդի նախագահը յայտարարեց, որ քանի որ ԱՄՆ-ը այլեւս Բարջամի կողմ չէ, չի կարող մեխանիզմի ակտիւացման յայտ ներկայացնել:
Օգոստոսի 28-ին երեք եւրոպական երկրներ (E3) դիմում ներկայացրեցին Անվտանգութեան խորհրդի նախագահին՝ ակտիւացնելով Իրանի վրայ ճնշում գործադրելու պահեստային մեխանիզն՝ իր միջուկային ծրագրի հարցում զիջումների գնալու համար: Ի՞նչ է սա նշանակում գործնականում, եւ արդեօ՞ք դա ճիշտ որոշում էր:
Քելսի Դէյւընփորթ – Եւրոպացիները դժւարին վիճակում էին։ 2019 թւականից ի վեր Իրանի միջուկային օբիտկտներում իրագործւած աշխատանքներն այդ երկիրը գործնականում հասցրել են միջուկային զէնքի ստեղծման շեմին, իսկ յունիսին ԱՄՆ-ի եւ Իսրայէլի յարձակումներից յետոյ Իրանը դադարեցրեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ԱԷՄԳ) հետ համագործակցութիւնը եւ չեղարկեց ստուգումների առիթը։ Ռուսաստանը եւ Չինաստանը նոյնպես չեն դատապարտել Իրանի խախտումները, ուստի քիչ հաւանական է, որ Անվտանգութեան խորհուրդը որեւէ հետագայ գործողութիւն ձեռնարկի։ Այնպէս, որ եթէ եւրոպացիները չակտիւացնէին «մեխանիզմը», գործիքը կը դադարեր աշխատել։
Սակայն ճնշումն արդիւնաւէտ է միայն այն դէպքում, երբ այն ուղեկցւում է դիւանագիտական ուղիով։ Յստակ չէ, թէ արդեօք ԱՄՆ-ը այս պահին բանակցութիւնները անհրաժեշտ է համարում, թէ՞ Իրանը ԱՄՆ-ին հաւատում է որպէս վստահելի կողմ։ Իրանը նոյնպէս դժկամութեամբ է զիջումների գնում ճնշման դիմաց եւ, հաւանաբար, կոշտ կարձագանքի, այդ թւում՝ սպառնալով դուրս գալ Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրից (NPT)։ Հետեւաբար, այս քայլը կարող է սրել լարւածութիւնը։
Մեխանիզմն ակտիւացնելով՝ 30-օրեայ ժամկէտ է սահմանւել համաձայնութեան հասնելու համար։ Եթէ կողմերը պատրաստ կը լինեն խօսել, դա կարող է արագացնել դիւանագիտական գործընթացը։ Եւրոպացիները առաջարկում են երկարաձգել այս ժամկէտը՝ որոշ միջոցառումների դիմաց Իրանի կողմից միջուկային ռիսկերը նւազեցնելու համար:
Իրանը, ինչպէս եւ սպասւում էր «անհիմն ու անօրինական» է որակել Եւրոպայի քայլը: ԱՄՆ Պետդեպարտամենտը նաեւ յայտարարել է, որ առաջիկայ շաբաթներին կաշխատի եւրոպացիների հետ՝ պատժամիջոցների վերականգնումն արագացնելու համար։ Եթէ ոչ դիւանագիտութեամբ, ապա ի՞նչով կարելի է կանխել այս գործընթացը:
Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Թեհրանը շարունակում է հետաքրքրւած լինել «արդար եւ հաւասարակշռւած» բանակցութիւններով, եթէ երաշխաւորւած լինեն Միջուկային զէնքի չտարածման մասին համաձայնագրի շրջանակներում միջուկային իրաւունքները, եւ բանակցութիւններն ուղեկցւած չլինեն ռազմական սպառնալիքներով։
Քելսի Դէյւընփորթ – Ժամանակաւոր համաձայնագիրը կարող է ներառել Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան տեսուչների վերադարձը Իրանի բոլոր միջուկային օբիեկտներ եւ թափանցիկութիւն 60 տոկոսով հարստացւած ուրանի պաշարների վերաբերեալ։ Դրա դիմաց ԱՄՆ-ը եւ եւրոպացիները կարող են Անվտանգութեան խորհրդում բանաձեւ ընդունել՝ վերականգնումը (պատժամիջոցների) վեց ամսով երկարաձգելու համար։ ԱՄՆ-ը նաեւ կը պարտաւորւի վեց ամիս ձեռնպահ մնալ ռազմական գործողութիւններից՝ վստահութեան մթնոլորտ ձեւաւորելու համար։
Եթէ դիւանագիտութիւնը ձախողւի եւ յաջորդ ամիս վերադառնան պատժամիջոցները, ինչպիսի՞ն կը լինի ՄԱԿ-ի պատժամիջոցների պատկերը Իրանի միջուկային ծրագրի դէմ։
Քելսի Դէյւընփորթ – Պատժամիջոցների վերադարձը մեծ տնտեսական ազդեցութիւն չի ունենայ, քանի որ ԱՄՆ պատժամիջոցները 2018 թւականից ցայսօր փակել էին Իրանի հետ փոխգործակցութեան գրեթէ բոլոր տնտեսական կամուրջները: Սակայն զէնքի էմբարգոյի վերադարձը եւ հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի մասով արգելքը կը գործարւի, այդ թւում իրանական անօդաչու թռչող սարքերի Ռուսաստան առաքումը, պաշտօնապէս արձանագրւելու է որպէս անօրինական փոխանցում:
Միջուկային ճակատում պատժամիջոցների վերադարձը կը վերականգնի հարստացման կասեցման պահանջը, «ծանր ջրի» ռեակտորների եւ պլուտոնիւմի մշակման արգելքը, ինչպէս նաեւ միջուկային գործունէութեան մէջ օտարերկրեայ ներդրումների արգելքը։ Բալիստիկ հրթիռների հետ կապւած ցանկացած գործունէութիւն նոյնպէս կարգելւի։
Ինչքանո՞վ էք վստահ, որ դիւանագիտական այս գործընթացով երաշխաւորւած կը լինի պատժամիջոցների վերադարձը։
Քելսի Դէյւընփորթ – Բոլորն են համաձայն, որ Իրանը չպէտք է ձեռք բերի միջուկային զէնք, կամ պէտք է շարունակի մնալ որպէս NPT-ի անդամ։ Սակայն այս նպատակին հասնելու եղանակների վերաբերեալ անհամաձայնութիւն՝ կայ։ Ռուսաստանը եւ Չինաստանը դէմ են պատժամիջոցների վերադարձին եւ կարող են չկիրառել դրանք։ Սա կը թուլացնի պատժամիջոցների իմաստը եւ նոյնիսկ կարող է Իրանին դրդել աւելի կոշտ արձագանքով քայլերի:
Որո՞նք են լաւագոյն եւ վատագոյն սցենարներն առաջիկայ ամիսների համար։
Քելսի Դէյւընփորթ – Լաւագոյն սցենարը՝ արագ եւ իրատեսական համաձայնագիրն է՝ վերադարձի մեխանիզմը երկարաձգելու, միջուկային թափանցիկութիւնը վերականգնելու եւ դիւանագիտութեամբ զբաղւելն է:
Վատագոյնը՝ Իրանը դուրս է գալիս Միջուկային զէնքի չտարածման համաձայնագրից՝ NPT-ից եւ անցնում միջուկային զէնքի ստեղծման ծրագրին՝ բացայայտ կամ գաղտնի կերպով։ Այս սցենարում Իրանի՝ Միացեալ Նահանգների եւ Իսրայէլի հետ նոր հակամարտութեան հաւանականութիւնը շատ բարձր է լինելու։