Արա Պօղոսեան. «Բաքւի բռնապետը ոչ մի դէպքում կանգ չի առնելու, քանի դեռ Նիկոլի նման ղեկավար կայ Հայաստանում»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրարադառնալով Ադրբեջանի կողմից պահանջներ ներկայացնելու գործելաոճին եւ դրանք բաւարարելու ՀՀ գործող իշխանութիւնների որդեգրած մեխանիզմին:
«Թշնամին գործում է նոյն փորձւած բանաձեւով.
- Ձեւակերպում է իր պահանջները,
- Միջազգային լսողութիւն է ապահովում իր պահանջների համար,
- Սկսում է Հայաստանի նկատմամբ առաւելագոյն ճնշման մեխանիզմների գործարկումը.
ա) դիւանագիտական ճնշում,
բ) Սահմանային լարման միջոցով «Ուժի կիրառման սպառնալիքի» գործադրում։
Թշնամու բոլոր պահանջները Հայաստանի իշխանութիւնները բաւարարում են նոյն մեխանիզմով.
- Իրենց ենթակայ փորձագէտների միջոցով տարածում են թէզ, թէ իբր տւեալ զիջումը զիջում չէ եւ դա բխում է Հայաստանի շահերից,
- Սկսում են ագրեսիւ քարոզչութիւն, թէ եթէ դա չանեն կը լինի պատերազմ,
- Սկսում են տարածել թէ անխուսափելի է տւեալ պահանջի բաւարարումը,
- Իշխանութիւնները ասում են, որ իրականում այդ զիջումը զիջում չի, որովհետեւ Նիկոլը սկզբից էլ էդպէս էր ուզում։
Սա փորձւած մեխանիզմ է, որը արդէն 5 տարի գործադրւում է, հայ ժողովրդին հոգեբանական բռնութեան ենթարկելու միջոցով։
Քանի դեռ այս կոնֆիգուրացիայով խաղն աշխատում է, Ադրբեջանի պահանջները անընդհատ կը շարունակւեն։ Կանգ չի՛ լինելու, Բաքւի բռնապետը ո՛չ մի դէպքում կանգ չի առնելու, քանի դեռ Նիկոլի նման ղեկավար կա՛ Հայաստանում։
Ընտրութիւնը ՀԱՅ ժողովրդինն է»,- գրել է նա: