Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սուրէն Սուրէնեանց. «Մենք ականատես ենք լինում հէնց այն «հոգեւոր հաւաքի» գործնական իրագործմանը, որի մասին Փաշինեանը խօսում էր ամիսներ առաջ»

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ կարգալոյծ է հռչակւել Տ. Արամ քահանայ Ասատրեանը։ Այս մասին գրել է քաղաքագէտ Սուրէն Սուրէնեանցը:

«Սակայն որոշման հրապարակումից անմիջապէս յետոյ նախկին Տէր Արամը՝ այժմ Ստեփան Ասատրեան անունը կրող նախկին հոգեւորականը, հանդէս է եկել բացայայտ մարտահրաւէրով՝ յայտարարելով, որ գտնւում է Յովհաննավանքում եւ չի պատրաստւում ենթարկւել Եկեղեցու բարձրագոյն իշխանութեանը։

Աւելին՝ նա դիմել է հաւատացեալներին ուղիղ կոչով՝ հրաւիրելով բոլորին կիրակի օրը մասնակցելու Սուրբ եւ Անմահ Պատարագին, որը մտադիր է մատուցել անձամբ ինքը՝ արդէն կարգազրկւած լինելով։

Սա այլեւս անհնազանդութիւն չէ։

Սա ուղիղ ապստամբութիւն է Հայոց Եկեղեցու դէմ, փորձ՝ ներսից խարխլելու մեր ազգային ամենահին ու կենսական ինստիտուտը։

Եթէ ճիշտ են տեղեկութիւնները, որ այդ պատարագին հրաւիրւած է եւ, ըստ ամենայնի, ներկայ է լինելու Նիկոլ Փաշինեանը, ապա տեղի ունեցողը ստանում է անթաքոյց քաղաքական բնոյթ. մենք ականատես ենք լինում հէնց այն «հոգեւոր հաւաքի» գործնական իրագործմանը, որի մասին Փաշինեանը խօսում էր ամիսներ առաջ։

Այս ամէնը վկայում է, որ իշխանութեան հակաեկեղեցական ռազմավարութիւնը անցել է բացայայտ ճակատային յարձակման փուլ։

Նպատակը պարզ է ու վտանգաւոր. օգտագործելով կարգազանց հոգեւորականներին՝ պառակտել Հայոց Եկեղեցին, խաթարել նրա ինստիտուցիոնալ ամբողջականութիւնը եւ այն վերածել Փաշինեանի քաղաքականութեան ենթակայ գործիքի»,- գրել է նա:

Related Articles

Back to top button