ԻրանՄիջազգայինՔաղաքական

«Ֆարս»-ն է վերլուծում. Իրանի հակազանգեզուրեան ծրագրերը, որոնք դոփում են տեղում

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի միջնորդութեամբ նախաստորագրւած զանգեզուրեան միջանցքի (Թրամփի ճանապարհը TRIPP-ԽՄԲ.) համաձայնագրից անցնում է մէկ ամիս։ Ի տարբերութիւն դրա, Իրանը երկու ռազմավարական ծրագիր է ներկայացրել՝ «Հիւսիս-Հարաւ միջանցքը» եւ «Պարսից ծոց-Սեւ ծով»-ը, որպէս աշխարհաքաղաքական այլընտրանքներ, սակայն դեռեւս գործնական առաջընթացի նշաններ չկան այս նախագծերում։

Ֆարս լրատւական գործակալութեան վերլուծաբան Մոհամմադ Քարիմին իր «Իրանի հակազանգեզուրեան նախագծեր» յօդւածում արձանագրել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը, որպէս տարածաշրջանի վիճահարոյց նախագծերից մէկը, արագ տեմպերով է ընթանում։ Վերջին շաբաթների ընթացքում ամերիկեան պատւիրակութիւն է այցելել Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան շրջաններ «Զանգզուրի միջանցք»-ի հետ կապւած առաջադրանքով:

Նախագիծ, որն ունի ԱՄՆ-ի աջակցութիւնը եւ կրում է Ադրբեջանի ու Թուրքիայի անմիջական աջակցութիւնը, եւ կարող է գործնականում փոխել Կովկասի աշխարհաքաղաքական հաւասարումներն ու թուլացնել Իրանի դերակատարութիւնը տարանցիկ երթուղիներում։

Տարանցիկ ճանապարհների հարցերով իրանցի փորձագէտը յաւելել է, որ նման պայմաններում Թեհրանն ունի երկու հիմնական տարբերակ՝ այս փոփոխութիւններին դիմակայելու համար՝ «Հիւսիս-Հարաւ» եւ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքները։ Սակայն այստեղ կարեւոր խնդիրն այն է, որ չնայած ամերիկեան այդ՝ «Զանգեզուրի համաձայնագրից» մէկ ամսից է անցնում, դարձեալ Իրանի կողմից որեւէ գործնական քայլ չի ձեռնարկւել այս երկու երթուղիներն ակտիւացնելու համար։

Իրանի առաջին տարբերակը՝ «Հիւսիս-Հարաւ»-ն ստորագրւել է շուրջ երկու տասնամեակ առաջ Իրանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ։ Ծրագիրը նպատակ ունի Բանդար Աբբասը եւ Իրանի միւս հարաւային նաւահանգիստները կապել Ռուսաստանի եւ Եւրոպայի հետ:

Այս նախագծի գլխաւոր զարկերակը 160 կիլոմետրանոց Ռաշթ-Աստարա երկաթգիծն է: Երթուղի, որը կը կարողանայ բազմապատկել Իրանի տարանցիկութեան քաշը։ Չնայած Ռուսաստանի կողմից 1.6 միլիարդ դոլար վարկի խոստմանը եւ երթուղու երկայնքով հողերի շուրջ կէսի գնմանն ու ազատմանը, նախագիծը շարունակում է ընթանալ չափազանց դանդաղ, ինչի հարցում նշւել է, որ հիմնականում կայուն ու շարունակական ֆինանսաւորումն է նախագծի ամենամեծ խոչընդոտը:

Չնայած Ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարութեան պաշտօնական ժամանակացոյցով նախագծի աւարտի համար չորս տարւայ ժամկէտ էր նշանակւած, սակայն փորձագէտների կարծիքով յուսալի եւ շարունակական ռեսուրսների բացակայութեան բերումով երկաթուղին կարճաժամկէտ հեռանկարում չի գործարկւի։

Երկրորդ տարբերակը «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքն է, որն Իրանի կողմից առաջարկւել էր 2016 թւականին: Այս երթուղին ենթադրաբար իրանական ապրանքները Հայաստանի ու Վրաստանի միջով կը տեղափոխի Սեւ ծովի Փոթի եւ Բաթումի նաւահանգիստներ, Եւրոպա տեղափոխելու համար:

«Պարսից ծոց-Սեւ ծով» նախագծի հիմնական առաւելութիւնը ապրանքաշրջանառութեան ժամատարութեան եւ ծախսերի 30 տոկոսով կրճատումն է, ինչպէս նաեւ Իրանի կախւածութեան նւազեցումը Թուրքիայից ու Ադրբեջանի Հանրապետութիւնից, դէպի Եւրոպա տանող ճանապարհին:

Բացի այդ, վերոնշեալ միջանցքով Իրանը կապւելու է չորս ծովային ջրանցքների՝ Պարսից ծոցի, Օմանի, Կասպից ծովի եւ Սեւ ծովի հետ: Այն, յատկապէս, հետաքրքրութիւն է առաջացնում Հնդկաստանի համար։

Այդուհանդերձ, նախագիծը դեռեւս մնում է ​​խորհրդակցութիւնների փուլում, եւ իրականացման համար լուրջ նշաններ չեն երեւում։

«Զանգեզուրի» շուրջ զարգացումների արագութեան համեմատ, այս երկու ծրագրերի գործարկման ուշացումը Իրանի համար ռազմավարական յետընթաց պիտի գնահատել:

Չնայած երկու միջանցքներն էլ որպէս լուրջ տարբերակներ բարձրացւել են ելոյթների ու քաղաքական հանդիպումների ժամանակ, սակայն գործնականում լրջութիւնը պակասում է նախագծերի իրականացման գործում:

Եւ սա այն դէպքում, երբ Անկարան ու Բաքուն, Արեւմուտքի աջակցութեամբ, «Զանգեզուրի» նախագիծն են առաջ մղում որպէս Արեւելքն ու Արեւմուտքը կապող այլընտրանքային ուղի։

Տրանսպորտի եւ տարանցման փորձագէտ Քարիմ Նայինիի խօսքով՝ առանց իրանական միջանցքների աշխատանքների արագացմանը, Թեհրանի գլխին է կախւած տարածաշրջանի հիմնական տարանցիկ հաւասարումներից դուրս մղւելու վտանգը:

Նայինին ընդգծել է, որ Իրանը պէտք է ոչ միայն ապահովի կայուն ֆինանսական ռեսուրսներ՝ Ռաշթ-Աստարա երկաթուղային գիծն աւարտին հասցնելու եւ շահագրգիռ երկրների համար այս երկաթուղային գծի ճանապարհը բացելու համար, այլեւ անհրաժեշտ է «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքը փոխըմբռնման յուշագրի մակարդակից տեղափոխել գործնական փուլ։

Այլ կերպ ասած, Իրանի պատմական հնարաւորութիւնը Կովկասում կախւած է արագաշարժութեան հետ եւ անյապաղ որոշումներով մօտեցումներից։ Եթէ Թեհրանի երկու ռազմավարական նախագծերը մնան խօսքի ու խոստումների մակարդակում, ապա «Զանգեզուրը» միայնակ կը տիրի խաղադաշտին: Իսկ միջանցքների հետ կապւած աշխատանքները եթէ գործնականում արագացւեն, Իրանը կարող է ոչ միայն չէզոքացնել «Զանգեզուրի» հետեւանքները, այլեւ կարող է դառնալ Եւրասիայի հիմնական տարանցիկ մայրուղին։

Related Articles

Back to top button