Թուրքիան, Պակիստանը եւ Ադրբեջանը քննարկել են զէնքի համատեղ արտադրութիւնը եւ վարժանքներ անցկացնելը
«ԱԼԻՔ» – Աստանայում Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպումը։ Հաղորդում է News.am-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտում համատեղ արտադրութիւնը։ Նրանք պայմանաւորւել են նաեւ պարբերաբար համատեղ վարժանքներ անցկացնել։
Աւելի ուշ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադէն պատասխանելով հանդիպման մասին լրագրողների հարցերին, ասել է. «Աստանայում առաջնորդների մակարդակով այս հանդիպումը կը նպաստի երեք երկրների միջեւ յարաբերութիւնների նոր մակարդակի բարձրացմանը, առաջնորդների ղեկավարութեամբ եռակողմ համագործակցութեան հարթակի ամրապնդմանը եւ կանոնաւոր կազմակերպմանը, նոր ուղղութիւններով Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա ռազմավարական գործընկերութեան ընդլայնմանը»: