ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը ներում կը շնորհի Ադրբեջանից կաշառք ստանալու մէջ մեղադրւող կոնգրեսական Հենրի Կուելլարին

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի յայտարարել է, որ ներում կը շնորհի տեխասցի դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելլարին, որին անցեալ տարի մեղադրանք էր առաջադրւել կաշառակերութեան եւ փողերի լւացման մեղադրանքներով: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է NBC News-ը։

Truth Social-ում գրառման մէջ Թրամփը դեմոկրատներին մեղադրել է, որ նրանք ձգտում են «յարձակւել, թալանել, ստել, խարդախութիւն անել, կործանել եւ ոչնչացնել իւրաքանչիւրին, ով կը համարձակւի դէմ գնալ իրենց ծայրայեղ ձախ օրակարգին, ինչը չկասեցնելու դէպքում կոչնչացնի մեր մեծ երկիրը»։

«Այս եւ այլ փաստերի հիման վրայ ես լիակատար եւ անվերապահ ՆԵՐՈՒՄ եմ շնորհում սիրելի կոնգրեսական Հենրի Կուելլարին եւ Իմելդային»,- գրել է Թրամփը՝ նկատի ունենալով Կուելիարի կնոջը, որը եւս բախւում է մեղադրանքներին։

«Հենրի, ես քեզ չեմ ճանաչում, բայց կարող ես այսօր գիշեր հանգիստ քնել. քո մղձաւանջը վերջապէս աւարտւեց»,- շարունակել է նախագահը։

X-ի հարթակում իր գրառման մէջ կոնգրեսականը շնորհակալութիւն է յայտնել Թրամփին «նրա ականաւոր ղեկավարութեան եւ փաստերն ուսումնասիրելու համար ժամանակ յատկացնելու համար»։

«Այս ներումը մեզ մաքուր էջ է տալիս,-գրել է Կուելիարը։- Աղմուկն անցաւ։ Աշխատանքը մնում է։ Եւ ես մտադիր եմ առերեսւել դրան։ Շնորհակալութիւն, պարոն նախագահ, Աստւած օրհնի ձեզ եւ Աստւած օրհնի Ամերիկայի Միացեալ Նահանգները»։

Յիշեցնենք, որ Դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելիարը եւ նրա կինը՝ Իմելդան, մեղադրւել են Ադրբեջանի պետական ​​էներգետիկ ընկերութիւնից եւ անանուն մեքսիկական բանկից մօտ 600 հազար դոլար կաշառք ստանալու մէջ: Արդարադատութեան նախարարութիւնը 2024 թւականի մայիսին մեղադրանք է առաջադրել Կուելիարին եւ նրա կնոջը 14 կէտով, դրանց թւում՝ կաշառակերութեան, էլեկտրոնային խարդախութեան եւ փողերի լւացման համար: Օգոստոսին ԱՄՆ շրջանային դատարանը մերժել է «Օտարերկրեայ գործակալների գրանցման մասին» օրէնքի ենթադրեալ խախտումների վերաբերեալ երկու մեղադրանքը:

Related Articles

Back to top button