Ինչ կարելի էր անել մեր պատանդների ազատ արձակման ուղղութեամբ. «Հայաքւէն» եւս մէկ քայլ է նշել

«ԱԼԻՔ» – «Հայաքւէն» ազգային քաղաքացիական միաւորումը յայտարարել է, թէ ինչ կարելի էր անել մեր պատանդների ազատ արձակման ուղղութեամբ:
«Ի թիւս նախկինում թւարկւածի` կարելի էր նաեւ հիւպատոսական յարաբերութիւնների մասին Վիեննայի կոնւենցիայի համաձայն` Բաքւում պահւող հայ պատանդների նկատմամբ կիրառել հիւպատոսական հասանելիութեան ապահովման մեխանիզմ երրորդ երկրի միջոցով. խնդրել չէզոք երկրի՝ Շւէյցարիային՝ Հայաստանի անունից ապահովել հիւպատոսական ծառայութեան հասանելիութիւն, ինչպէս նաեւ շտապ բժշկական օգնութիւն բոլոր հայ պատանդների համար։
Դա պէտք է ձեռնարկէր արտաքին գործերի նախարարութիւնը, այլ ոչ թէ քաղաքացիական ակտիւիստները, որոնք յուսահատ ջանքեր են գործադրում։
Կարելի էր գործադրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակի դիտորդների կամ յատուկ բանագնացի ինստիտուտը, ի վերջոյ՝ ուղիղ կապը»,- նշել են նախաձեռնութիւնից:
Լուրը հաղորդել է news.am-ը: