Եթէ մինչեւ աշուն չյաջողւի հեռացնել Փաշինեանին, իշխանութիւններն ընտրութիւններ կանցկացնեն

«ԱԼԻՔ» – Եթէ մինչեւ աշուն չյաջողւի հեռացնել Փաշինեանին, իշխող ռեժիմն ընտրութիւններ կանցկացնի. news.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։
Նրա կանխատեսումներով՝ նման դէպքում քաղաքական ուժերն ուզած-չուզած կը մասնակցեն դրանց։
Նա մատնանշեց ընդդիմութեան համախմբման կարեւորութիւնը, որտեղ «ամէն ինչ չէ, որ հարթ է ընթանում»։
«Սուտ կը լինի ասել, թէ բոլոր ընդդիմադիր ուժերն ունեն նոյն գաղափարներն ու մօտեցումները։ Եթէ այդպէս լինէր, Փաշինեանն արդէն իշխանութեան չէր լինի։ Թէեւ այդ տարաձայնութիւնները կարող են լինել, բայց ամէն դէպքում կարմիր գծերի հատումն անթոյլատրելի է։ Եթէ կան խնդիրներ, դրանք պէտք է յստակեցւեն եւ լուծւեն»,-նշել է պատգամաւորը։
Նա համաձայնեց այն տեսակէտին, որ Գիւմրիի ընտրութիւններից յետոյ հնարաւոր կը լինի փորձել հասնել իշխանափոխութեան ամբողջ երկրում։
«Արդէն ասացի, որ այս ընտրութիւնները շատ աւելի կարեւոր նշանակութիւն ունէին, քան սոսկ ՏԻՄ ընտրութիւններ, դրանք կարող են դառնալ իշխանութեան հեռացման շարժման ստեղծման նախաբանը: Դրա հետ համաձայն են բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք մասնակցել են Հայաստանի երկրորդ քաղաքում ընտրութիւններին, ինչը կարող է փոփոխութիւնների համար լաւ նեցուկ ծառայել։
Եթէ առանձին ընդդիմադիր գործիչների թւում է, թէ կարող են յաւակնել միայն քաղաքապետի պաշտօնին եւ հեռանալ երկրում իշխանափոխութեան համար պայքարից, պէտք է հասկանան, որ իշխանութիւններն ունեն իրենց հեռացնելու գործիքներ։ Դա տեղի է ունեցել Ախուրեանում, Վանաձորում, Ալավերդիում եւ այլ վայրերում։ Իշխանութիւնները հիմա էլ ասում են, որ Գիւմրիում ոչինչ աւարտւած չէ: Ուստի եթէ ընդդիմութիւնը չմիաւորւի յանուն նրա, ինչի մասին խօսում էր նախընտրական քարոզարշաւի ժամանակ, հնարաւոր չի լինի էական յաջողութիւնների հասնել»,- ընդգծել է Դանիէլեանը։
Միաժամանակ խորհրդարանականը կոչ է արել չգերագնահատել Գիւմրիի ընտրութիւնների արդիւնքների նշանակութիւնը։ «Այդ արդիւնքները պէտք է կապիտալիզացւեն, այլապէս ոչինչ չի ստացւի»,-նշել է նա։
Անվստահութեան քւէի կողմնակիցները, ըստ նրա, պէտք է հաշւի առնեն, որ դա գործընթաց է, որին պէտք է քայլեր նախորդեն։
«Միայն յայտարարութիւնները բաւարար չեն, պէտք է նախնական աշխատանք տանել նրանց հետ, ովքեր պէտք է քւէարկեն դրա օգտին, այսինքն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան պատգամաւորների հետ»։ Ինչո՞ւ պէտք է այս պատգամաւորները ներկայ պայմաններում նման գործողութիւնների դիմեն, յատկապէս, եթէ ղեկավարութիւնը նրանց մէջ վախ է սերմանել։ «Ուստի կարեւոր է գեներացնել նաեւ փողոցային շարժումը»,- եզրափակել է պատգամաւորը։