Հարաւային Կորէայի նախագահի իմփիչմենթի փորձերը ձախողւել են
«ԱԼԻՔ» – Հարաւային Կորէայի նախագահ Իւն Սոկ Եօլի իմփիչմենթի քւէարկութիւնը ձախողւել է անհրաժեշտ քւէների բացակայութեան պատճառով: Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ տեղեկացրել է հարաւկորէական Yonhap լրատւական գործակալութիւնը:
192 ընդդիմադիր օրէնսդիրներ եւ կառավարող «Ժողովրդի իշխանութեան» կուսակցութեան երեք օրէնսդիրներ քւէարկել են յօգուտ իմփիչմենթի, բայց քւորում չի ապահովւել հինգ ձայնի անբաւարարութեան պատճառով։
Քւէարկութեան ձախողումից յետոյ ընդդիմութեան ղեկավարը երդւել է հասնել նախագահի իմփիչմենթին՝ ամէն գնով։
Նշենք, որ երկրի նախագահ Իւն Սոկ Եօլը խորհրդարանի նիստի նախօրէին յայտնել է, որ անկեղծօրէն ցաւում է, որ ռազմական դրութիւն յայտարարելու իր որոշումն անհանգստացրել է հասարակութեանը: Նա հաւաստիացրել է, որ այլեւս նման փորձեր չի ձեռնարկելու։
Յիշեցնենք, որ Սոկ Եօլը ռազմական դրութիւն էր յայտարարել երեքշաբթի երեկոյեան եւ չեղարկել այն վեց ժամ յետոյ, երբ Ազգային ժողովը դէմ էր քւէարկել։
Նա ընդդիմութեանը մեղադրում է այն բանում, որ կաթւածահար է անում պետութեան աշխատանքը՝ փորձելով անվստահութիւն յայտնել երկրի կարեւոր անձանց դէմ։ Նրա խօսքով՝ նոր կառավարութեան աշխատանքն սկսելու պահից (ընտրութիւնները տեղի են ունեցել անցեալ գարնանը) ընդդիմութեան վերահսկողութեան տակ յայտնւած խորհրդարանը սպառնացել է իմփիչմենթով 22 բարձրաստիճան պետծառայողի, այդ թւում՝ մի քանի դատախազների, ներքին գործերի եւ պաշտպանութեան նախարարներին։
Ընդդիմադիր պատգամաւորները Հետաքննութիւնների ազգային վարչութիւն են ներկայացրել խռովութեան պաշտօնական մեղադրանք նախագահի, պաշտպանութեան նախկին նախարարի, բանակի շտաբի պետի, որը ղեկավարում էր ռազմական դրութիւնը, ներքին գործերի նախարարի եւ այլոց դէմ։
Հարաւային Կորէայի ոստիկանութիւնը սկսել է հետաքննութիւն երկրի նախագահի նկատմամբ՝ կապւած խռովութեան մեղադրանքի հետ։