Հայաստան - ԱրցախՔաղաքական

5 քաղաքական ուժերի համատեղ յայտարարութիւնը

Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները վիճարկող հայցերի վերաբերեալ որոշումը։

Սահմանադրական դատարանի այս որոշումը.

– չի լուծում ձեւաւորւող իշխանութեան լեգիտիմութեան հարցը. նման պայմաններում ու արձանագրւած արդիւնքներով ձեւաւորւած իշխանութիւնը զուրկ է լեգիտիմութիւնից.

– չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգւածային ընտրախախտումները եւ չի լուծում երկրում առկայ խորքային քաղաքական ու իրաւական ճգնաժամը։

Ընդհակառակը, վերջին իրաւական ատեանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարւելը խորացնում է երկրում առկայ ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխութեան մթնոլորտի ձեւաւորմանը եւ պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրութեան դաշտ։ Ուստի առկայ քաղաքական ճգնաժամի հաղթահարման եւ սահմանադրական կարգի վերականգնման նպատակով՝ ներքոստորագրեալ քաղաքական ուժերը յայտարարում են հետեւեալ սկզբունքային ուղղութիւնների շուրջ համախոհութեան եւ միասնական քաղաքական օրակարգ ձեւաւորելու վերաբերեալ.

1․ Հայաստանի Սահմանադրութեան պարտադրւած փոփոխութիւնների կանխում. Գործող վարչախմբի կողմից նախապատրաստւող սահմանադրական փոփոխութիւնները դիտարկելով որպէս արտաքին պարտադրանք՝ մենք օգտագործելու ենք օրէնսդրական, հանրային եւ քաղաքական բոլոր միջոցները՝ թոյլ չտալու համար Մայր օրէնքի փոփոխութիւնը, ինչն ուղղակի եւ անդառնալի հարւած է ՀՀ ինքնիշխանութեանը։

2․ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանութիւն. հաշւի առնելով եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դէմ իրականացւող համակարգւած ապօրինի արշաւը՝ մեր քաղաքական օրակարգի անկիւնաքարն է լինելու Սահմանադրութեան 18-րդ յիդւածով երաշխաւորւած՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելութեան, նրա իրաւունքների, գոյքի եւ հեղինակութեան պաշտպանութիւնը ցանկացած ոտնձգութիւններից։

3․ Քաղբանտարկեալների իրաւունքների պաշտպանութիւն. յետընտրական շրջանում մեկնարկել է քաղաքական բռնաճնշումների նոր ալիք։ Ընտրական եւ քաղաքական գործընթացներին զուգահեռ երկրում ծաւալւած ռեպրեսիւ պրակտիկան յանգեցրել է քաղբանտարկեալների թւի շեշտակի աճին։ Մեր միասնական քայլերն ուղղւած են լինելու նրանց իրաւունքների պաշտպանութեանը եւ անյապաղ ազատ արձակման պահանջին։

4․ Գործող իշխանութեան հեռացում. Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննութիւնը միայն փաստեց, որ գործող վարչախմբի հեռացումն այլընտրանք չունեցող հրամայական է։ Ուստի իշխանափոխութիւնը եւ նոր որակի ազգային իշխանութեան ձեւաւորումը մնում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման, համերաշխութեան հաստատման եւ անվտանգութեան ապահովման միակ նախապայմանը։

Մենք գիտակցում ենք, որ իրաւական ինստիտուտների կազմաքանդման պայմաններում պետութեան եւ սահմանադրական կարգի պահպանման միակ երաշխաւորը մնում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին։

Ուստի, սիրելի՛ քաղաքացիներ,

Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թէ պայքարի աւարտն է, այլ նոր՝ աւելի համակարգւած, ինստիտուցիոնալ եւ լայնածաւալ քաղաքական դիմադրութեան փուլի սկիզբը։

Վերոնշւած կէտերի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ անելիքների վերաբերեալ քննարկումները շարունակւում են։ Քննարկումներից բխած հետագայ քայլերի, այդ թւում՝ համատեղ հնարաւոր ծրագրերի մասին կը տեղեկացնենք առաջիկայում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցութիւնների դաշինք

«Հայաստան» կուսակցութիւնների դաշինք

«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւն

«Հայ ազգային կոնգրես» կուսակցութիւն

«Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցութիւն

Related Articles

Back to top button