Զախարովան՝ Կապանում ՌԴ հիւպատոսութեան մասին. ակնկալում ենք մայիսին պայմանաւորւել ժամկէտի շուրջ

«ԱԼԻՔ» – Կապանում ՌԴ գլխաւոր հիւպատոսութիւն բացելու հարցում բազմապլան որոշակիութիւն կայ, ակնկալում ենք, որ մինչեւ մայիս կոնկրետ պայմանաւորւածութիւններ ձեռք կը բերենք գլխաւոր հիւպատոսութեան բացման ժամկէտների վերաբերեալ։ Այս մասին ամենշաբաթեայ ճեպազրոյցում յայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք համոզւած ենք, որ ռուսական ներկայութեան հետեւողական ընդլայնումը հանրապետութեան հարաւում ռազմավարական առումով կարեւոր շրջանում համապատասխանում է թէ՛ Հայաստանի, թէ՛ Ռուսաստանի, թէ՛ առհասարակ տարածաշրջանի երկարաժամկէտ շահերին»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ այդ քայլը կարող է էական ազդակ հաղորդել առեւտրաներդրումային, հանրային-կրթական, մշակութային-հումանիտար համագործակցութեանը, Ռուսաստանի մարզերի հետ այդ շրջանի փոխշահաւէտ կապերի հաստատմանը։
Դիւանագէտը կարծում է, որ Սիւնիքում երկրների միջեւ տնտեսական օրակարգի խթանումը ԵԱՏՄ ձեւաչափում աւելի է կարեւորւում՝ կապւած Իրանի հետ ազատ առեւտրի գօտու մասին համաձայնագրի վերջին վաւերացման հետ։
Զախարովայի խօսքով՝ ՌԴ գլխաւոր հիւպատոսութեան բացումը յուսալի ապահովագրութիւն կը դառնայ Սիւնիքի մարզի դինամիկ, խաղաղ եւ անվտանգ զարգացման համար։
Լուրը հաղորդում է news.am-ը: