Հայաստան - Արցախ

Թեւան Պօղոսեան. «Մենք աշխարհին պէտք է ապացուցենք, որ Արցախը իրական է եւ այն պարտաւոր ենք վերականգնել»

«ԱԼԻՔ» – «Յանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը ֆէյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ կրկնելով մէկ տարի առաջ իր կոչը։

«Մենք աշխարհին պէտք է ապացուցենք, որ Արցախը իրական է եւ այն պարտաւոր ենք վերականգնել: Նոյնն անում եմ այսօր եւ շատ ուրախ կը լինեմ, որ այս տարի աւելի շատ մարդ միանայ կոչիս։

Մի գաղափար ունեմ, աւելի ճիշտ՝ կոչ: Երբ որեւէ երկիր տօնում է իր անկախութեան տօնը ՀՀ-ում, այն իր դեսպանատանն ընդունելութիւն է կազմակերպում: Այդպէս է ինչպէս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, այնպէս էլ այլոց պարագայում:

Հայերը սեպտեմբերի 2-ին միշտ կարողացել են մեկնել Արցախի Հանրապետութիւն եւ այնտեղ նշել ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ տօնը: Այս տարի դրա յոյսը մեծ չէ, եթէ չասեմ, ընդհանրապէս չկայ: Բայց ՀՀ-ում կայ Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութիւն: Կոչս հետեւեալն է. եկէք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութիւն Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտայայտելու համար: Վստահ եմ, մեզ որեւէ մէկի հրաւէրը պէտք չէ, կարող ենք պարզապէս ինչ-որ յարմար ժամի այցելել ներկայացուցչութիւն եւ այնտեղ մի քանի րոպէ անցկացնելով՝ յայտնել մեր աջակցութիւնը: Կարող էք նկարւել, ինչ-որ բան գրել, ասել, զրուցել:

Վստահ եմ, որ ամբողջ աշխատակազմն այնտեղ է լինելու: Այնտեղ է լինելու նաեւ Արցախի Հանրապետութեան նախագահը, ԱԺ պատգամաւորները եւ այլ գործող պաշտօնեաները: Մամուլը նոյնպէս այնտեղ պիտի լինի, քանի որ տեղին կը լինէր աշխարհին ցոյց տալ, որ հայերի համար Արցախը կայ եւ կը լինի: Վստահ եմ, որ եթէ բոլոր այցելուները սոցիալական ցանցերում մի նկար տեղադրեն իրենց այցի մասին, ինչ-որ բան գրեն դրա մասին, սա նոյնպէս համաշխարհային տարածում կը ստանայ սեպտեմբերի 2-ին, եւ գոնէ այսպէս կը բարձրաձայնենք մեր արցախեան եղբայրների եւ քոյրերի ցաւը: Եկէք սեպտեմբերի 2-ին գտնենք այդ մի քանի րոպէն այցելենք Արցախ:

Այցելէք խմբերով, մենակ, անկախ ամէն ինչից: Արցախը միշտ է իմացել ինչպէս միաւորել, եւ վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կը միաւորի:

Արցախը մեր բոլորի կարիքն ունի:

Յուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարաւոր հայերի հոսք կը լինի դէպի Արցախի Հանրապետութեան Ներկայացուցչութիւն»,- գրել է Թևան Պօղոսեանը։

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման օրն է: 1991 թւականի այդ օրը, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումեանի շրջանի բոլոր մակարդակների պատգամաւորների համատեղ նիստը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը։

Related Articles

Back to top button