Իրանը եւ Հայաստանը համատեղ զօրավարժութիւններ են անցկացնում սահմանին
ԻՅՊԿ-ն մանրամասնել է Հայաստանի եւ Իրանի միջեւ անցկացւող համատեղ զօրավարժութիւնները

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի ցամաքային զօրքերի փոխհրամանատար, պատերազմական գործողութիւնների բրիգադային գեներալ Վալիօլլահ Մադանին ԶՈՒ մամլոյ ծառայութեանը յայտնելով Իրանի եւ Հայաստանի համատեղ զօրավարժութիւնների անցկացման մասին, յաւելել է, որ երկու երկրների սահմանայի գօտում անցկացւող այս զօրավարժութիւնները կոչւում են «Խաղաղութեան զօրավարժութիւններ»,- յայտնում է IRNA գործակալութիւնը։
ԻՅՊԿ բրիգադային գեներալը յաւելել է, որ «խաղաղ զօրավարժութիւնները» երկու օր տեւողութեամբ անց են կացւելու Նորդուզի սահմանային շրջաններում։
Սարդար Մադանին յստակեցրել է, որ ոչ մի վտանգաւոր զարգացում չի նկատւել, իսկ զօրավարժութիւններն անց են կացւում մտածւած ու իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներով: «Զօրավարժութիւններն իրականացւում են տարածաշրջանում կայուն խաղաղութեանը համահունչ, հիմնական նպատակը սահմանների անվտանգութեան ամրապնդումն է»,- ընդգծել է զօրավարժութիւնների իրանական ստորաբաժանումների հրամանատարը եւ տեղեկացրել, որ զօրավարժութիւնների իրականացման ընթացքում երկու երկրներն իրենց օպերատիւ ստորաբաժանումներով տեղակայւել են սահմանամերձ Նորդուզի շրջանում։
Նա անդրադառնալով Սիւնիքի կարեւոր նշանակութիւնը երկու երկրների հազարամեակների կապը պահպանալու առումով, յաւելել է. «Զօրավարժութիւներն իրականացւում են տարածաշրջանում կայուն խաղաղութեանը համահունչ։ Իրանի հետ Հայաստանի սահմանին միշտ տիրել է խաղաղութիւն: Այս սահմանային տարածքները խիստ ռազմավարական նշանակութիւն ունեն՝ հաշւի առնելով այն զգայուն դիրքը, որտեղ գտնւում է այս տարածաշրջանը»:
«Խաղաղութեան զօրավարժութիւնների» անցկացման նպատակների վերաբերեալ նա յայտարարել է.«Այս զօրավարժութիւնների անցկացման հիմնական նպատակը սահմանային անվտանգութեան ամրապնդումն է»։
Նա նշել է նաեւ, որ այն տարածքները, որտեղ զօրավարժութիւններն են իրականացւում, գտնւում են ԻՅՊԿ-ի «Աշուրա» ստորաբաժանումների շրջանային շտաբի վերահսկողութեան ներքոյ: «Այս շտաբն է պատասխանատւութիւնը կրում «Խաղաղութեան զօրավարժութիւններն անթերի իրականացնելու առաջադրանքի համար»:
Եզրափակելով խօսքը, գեներալ Մադանին բարձր է գնահատել «Աշուրա»-ի 31-րդ օպերատիւ դիւիզիայի պատրաստւածութիւնը եւ նշել, որ «Աշուրա»-ն Արեւելեան Ատրպատականի կարեւոր զօրամիաւորումներից է, եւ Իրաքի ոտնձգութիւնների դէմ պաշտպանութեան ութ տարիների ընթացքում համարւել է ԻՅՊԿ-ի ամենայայտնի ստորաբաժանումներից մէկը։