Համայնք

Մադլէն Բաղդասարեանի անմոռաց յիշատակին

(Մահւահ 40-օրեակի առթիւ)

Սրանից շուրջ 40 օր առաջ կեանքին հրաժեշտ տւեց սիրւած եւ նւիրւած, երկար տարիների ուսուցչուհի, ազգային գաղափարական անխոնջ գործիչ՝ Մադլէն Բաղդասարեանը:

Ծնւել է 1937 թւականի յունիսի 7-ին Իրանի Մազանդարան նահանգի Սարի քաղաքում, որտեղ ապրել են շուրջ 10 տարի: Այնուհետեւ ընտանիքը տեղափոխւում է Թեհրան եւ հաստատւում Նադերի քաղաքամասում: Երրորդ դասարանից յաճախում է ժամանակի «Քուշեշ Դաւթեան» դպրոց եւ յաջողութեամբ աւարտում, որպէս «Մարիամեան» միջնակարգ աղջկանց դպրոցի առաջին շրջանաւարտ:

Պատանեկան տարիքից խորապէս հետաքրքրւած լինելով ազգային, գաղափարական եւ հայապահպանման հարցերով, միանում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերին:

Նոյն հանգամանքից ելնելով նաեւ ընտրում է ուսուցչական անձնւէր ասպարէզը:

Մէկն է հանդիսանում այն 14 անձանցից, որոնք դոկտ. Յովհաննէս Հախնազարեանի ջանքերով, որպէս պետական պաշտօնեայ, աշխատանքի են անցնում «Քուշեշ» դպրոցում: Այն տարիներին երբ Կրթադաստիարակչութեան նախարարութեան կողմից ստեղծւեց ուղղեցոյց օղակը, օր. Մադլէնը մասնակցում է նոյն նախարարութեան կողմից կազմւած դասընթացներին եւ ստանում գերդիպլոմ վկայական, մասնագիտանալով պարսկերէն գրականութեան ճիւղում:

Իր աշակերտների կողմից սիրւած նւիրեալ ուսուցչուհին, ոչ մի ճիգ ու ջանք չէր խնայում դասերից բացի, իր սաներին փոխանցելու ընդհանուր գիտելիքներ եւ նրանց զարգացնել թէ՛ մտքով, եւ թէ՛ ուսման մակարդակով: Տարրական եւ ուղղեցոյց օղակներում դասաւանդել է պարսկերէնի ընդհանուր առարկաներ եւ ձեռքի աշխատանք:

30 տարի ծառայելուց յետոյ 1988 թւականին հանգստի է կոչւում եւ դարձեալ նւիրւում է արւեստին եւ այլ մշակութային աշխատանքներին: Լինելով հանրաճանաչ գրաֆիստ հանգուցեալ Արափիկ Բաղդասարեանի քոյրը, եղբօր տաղանդով ներշնչւած եւ ինքնուրոյն արւեստի բարձր ճաշակով օժտւած, փոքրիկ կտորից ունակ էր ստեղծել գունեղ եւ հրաշալի ստեղծագործութիւն՝ արւեստ: Եւ այս բոլորը կատարում էր ամենայն համեստութեամբ, խոհեմութեամբ եւ առանց բարձրաձայնելու:

2018 թ.-ին ձեռնարկում է թարգմանել Դոն Բոլոնեզի «Լինում է, չի լինում» գիրքը անգլերէնից հայերէն եւ անշահախնդիր նւիրում է հայկական կրթօջախներին, մի մասը, ուղարկւում Նոր Ջուղա եւ մի մասը նւիրւում «Սասուն ազգային մանկապարտէզ»-ին: Յատկանշական է, որ գիրքը ամբողջապէս հրատարակւում է Մադլէնի անձնական կարողութիւններով, նւիրելու նպատակով:

Օժանդակել է «Քուշեշ Դաւթեան» եւ «Մարիամեան» դպրոցների պատմութեան գրքի կազմութեան աշխատանքներին:

Մտայղացում ունէր ստեղծել երիզ «Մանուկների օրօրոցային երգերի շարան» խորագրով եւ այդ կապակցութեամբ ուսումնասիրութիւններ կատարում մասնագէտ անձանց հետ, սակայն այդ աշխատանքը մնաց անաւարտ:

Թեհրանի «Ղաւամ օլ Սալթանէ» քաղաքամասում, Ս. Աստւածածին եկեղեցուն եւ «Քուշեշ» դպրոցին կից ու իրենց բնակարանի տարածքում գտնւող փոքրիկ խանութը, այն վայրն էր, որտեղ կարելի էր հանդիպել Մադլէնին, իր եւ տաղանդաշատ անձանց արւեստի նմուշ-հաւաքածոներով:

Կարճատեւ հիւանդութիւնից յետոյ մահացաւ 2024 թւականի օգոստոսի 20-ին:

Յիշատակդ անմոռաց սիրելի օր. Մադլէն:

ԱՐՓԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Related Articles

Back to top button