Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայաստանի զրոյական կէտը. յիշողութեան զnhաբերումը խաղաղութեան պատրանքի համար

ԱՐԱ ԱՅՒԱԶԵԱՆ

ՀՀ նախկին ԱԳ նախարար

 

Սրընթաց թափ հաւաքող վերջին գործընթացները, ըստ էութեան, հանդիսանում են միջազգային օրակարգում մեր գոյութեան, ինքնութեան եւ արդարութեան պահանջատիրութեան վերաբերեալ Հայկական հարցի վճռական փուլի սկիզբը։ Այս վերջին հանգրւանը վտանգաւոր ճամփորդութիւն է ազգային յիշողութեան, ինքնութեան եւ հոգեւոր արժանապատւութեան կորստի ճանապարհով։

Հայ ժողովուրդը յայտնւել է պատմական ու ճակատագրական մի խաչմերուկում, երբ մոռացութիւնը ներկայացւում է որպէս ճանապարհ դէպի ապագայ, իսկ ինքնութիւնից հրաժարումը եւ պատմութեան ուրացումը՝ որպէս խաղաղութեան կեղծ պատրանք։ «Պրագմատիզմ» կամ «իրատեսութիւն» անւան տակ այսօր մեզ փորձում են պարտադրել ազգային յիշողութեան, ինքնութեան ու դիմադրութեան համակարգւած քանդումը։ Այս գործընթացների յետեւում թաքնւած է վտանգաւոր խաղադրոյք հայրենիքի դէմ, որը սպառնում է մեր գոյութեանը եւ հաւաքական հոգեւոր ինքնութեանը։

Այն ամէնը, ինչը կատարւել է եւ շարունակում է տեղի ունենալ, իրականում «զրոյացման» համապարփակ գործընթաց է: Այսպէս, Լեռնային Ղարաբաղի բանակցութիւնները «զրոյական կէտից» սկսելու որոշումը դիւանագիտական քայլ չէր։ Դա հրաժարում էր ազատագարական պայքարից: Մերժելով տասնամեակների բանակցային ժառանգութիւնն ու զոհողութիւնները՝ ժողովրդին յայտարարւեց, որ Արցախեան պայքարը սխալ էր կամ առասպել։

Նոյն կերպ այսօր «զրոյական կէտից» է նախանշւում քաղաքականութիւնը Թուրքիայի հանդէպ, ձգտելով կարգաւորել յարաբերութիւնները մի պետութեան հետ, որը ոչ միայն հերքում է Հայոց Ցեղասպանութիւնը, այլեւ հրապարակաւ մասնակցել է Արցախի հայաթափմանը եւ ողջունել հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը։ Խօսւում է բաց սահմանների մասին, մինչդեռ փակւում են արդարութեան դռները։ Խօսւում է «կառուցողական» երկխօսութեան մասին՝ լռեցնելով 1915-ի յիշողութիւնը։

Սա հաշտեցում չէ։ Սա կապիտուլիացիա է, որը ներկայացւում է «բարդ ու հնարամիտ» դիւանագիտութեան անւան տակ։

Եւ մինչ արտաքին ճակատում «սրբագրւում է» պատմութիւնը, ներսում լռեցւում է ընդդիմախօսութիւնը։ «Պետական յեղաշրջման նախապատրաստման» մեղադրանքով արդարացւում են ձերբակալութիւնները, գրաքննութիւնը, ահաբեկումն ու հետապնդումները։ Բայց ակնյայտ է. իրական վտանգը, որից վախենում են օրւայ իշխանութիւնները, բռնութիւնը չէ, այլ՝ այլակարծութիւնը։ Ոչ թէ «յեղաշրջում» է կանխւում, այլ վերացւում են քաղաքական բազմակարծութեան վերջին մնացորդները մի երկրում, որը գնալով ստիպւած է խօսել միայն իշխանութիւնների կողմից պարտադրւած պաշտօնական լեզւով։

Նոյն քաղաքականութեան մի մասն է դարձել Հայ Առաքելական Եկեղեցու դէմ արշաւը։ Այսպէս կոչւած բարեփոխման անվանման տակ եւ «զրոյական կէտի» տրամաբանութեամբ մեր ժողովրդի հոգեւոր սիրտը՝ Սուրբ Էջմիածինը, այսօր ենթարկւում է համակարգւած վարկաբեկման։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընտրւել է թիրախ՝ այն ուժերի կողմից, որոնք չեն հանդուրժում Եկեղեցու անկախ ձայնը։ Սա պատահական չէ, այլ՝ «իրական Հայաստանի» գաղափարին հակադրւող վերջին հաստատութիւնը խարխլելու փորձ: Բայց այն Հայաստանը, որը կտրւում է իր Եկեղեցուց, իրական Հայաստանը չէ։ Դա արմատներից կտրւած, մարող, հոգեզրկւած կերպարանք է։

Այո՛, աշխարհաքաղաքական իրադրութիւնը բարդ է։ Հայաստանը նորից յայտնւել է կայսրութիւնների բախման կիզակէտում եւ տարբեր շահերի ճնշումների դիմաց։ Բայց բարդութիւնը արդարացում չէ մոռացման եւ ուրացման համար։ Գոյատեւել չի նշանակում հրաժարւել ճշմարտութիւնից։ Իրական քաղաքականութիւնը չի պահանջում ինքնութեան լուծարում։ Բարդագոյն այդ ճանապարհով չորս հազարամեակ գոյատեւած ազգերը՝ այդ թւում Հայաստանը, անցել են ոչ թէ մոռանալով, այլ յիշելով ու դիմադրելով։ Անհերքելի է՝ Հայաստանն իսկապէս ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների անկեղծ եւ արդար կարգաւորման կարիք, բայց ոչ արժանապատւութեան, յիշողութեան ու ազգային ինքնութեան հաշւին։

Տեղի ունեցողը Հայաստանի ոչ բարեփոխում է, ոչ էլ այժմէականացում։ Մեր ներսում կատարւողը Հայաստանի կերպարի ու էութեան աղաւաղում է՝ մերկացնելով նրա հոգեւորութիւնը, պատմութիւնը, ինքնատիպութիւնն ու ազգային յիշողութիւնը:

Այս վտանգաւոր խաղերը՝ այսպէս կոչւած «զրոյական կէտերը», վերածւում են մէկ ընդհանուր ռազմավարութեան: Հիմա, թւում է, ոչ միայն Արցախը, այլ ամբողջ հայ ազգը՝ իր պատմութեամբ, յիշողութեամբ ու արժանապատւութեամբ, զոհաբերւում է այդ զրոյական կէտին։

Զրոյական կէտերը տարբեր խորհուրդներ են ունեցել մի շարք ազգերի համար: Եթէ Նիւ Եօրքի Զրոյական կէտը դարձաւ հաւաքական յիշողութեան եւ դիմադրութեան խորհրդանիշ, ապա ներկայիս Հայաստանում զրոյական կէտը կառուցւում է որպէս պատմական ուրացման, ազգային պառակտման եւ հոգեւոր պարտութեան յուշակոթող։

Եթէ շարունակենք այս ուղով, ապա Հայաստանը կը դառնայ այն, ինչ նոյնիսկ ամենադաժան նւաճողը չկարողացաւ պարտադրել. մի ազգ, որը կամաւոր կերպով մոռանում է ինքն իրեն։ Ժողովուրդ, որը ոչ թէ նւաճման, այլ ներքին հրաժարման հետեւանքով է զրկւում իր ինքնութիւնից։ Երկիր, որտեղ յիշողութիւնը դառնում է խանգարիչ, հաւատը՝ հնացած, իսկ ճշմարտութիւնը՝ սակարկելի եւ փոխանակելի։

Այս ճանապարհի շարունակութեան դէպքում հայերս այլեւս չենք լինի ազգ՝ միաւորւած հաւատքով, ժառանգութեամբ ու պայքարով։ Հայերս կը դառնանք համայնք՝ միաւորւած մոռացութեամբ։

Եւ դա կը լինի վերջնական յաղթանակը՝ ոչ թէ խաղաղութեան, այլ նրանց, ովքեր միշտ ցանկացել են Հայաստան՝ միայն անւան պահպանման պայմանով։

Փակուղուց դուրս գալու ուղին սկսւում է անցեալի վերյիշումից։ Հասարակութիւնը պէտք է կրկին վստահի իր պատմութեանը՝ ոչ որպէս անցեալի վիշտ, այլ որպէս ներկայ մարտահրաւէրներին դիմակայելու կամքի եւ ուժի յուսալի աղբիւր։ Հայաստանը պէտք է ուժեղանայ իր բազմակարծութեամբ, ոչ թէ մէկ ձայնով։ Եկեղեցին, մշակոյթը, պատմական գիտակցութիւնն ու ազգային արժանապատւութիւնը պէտք է նորից դառնան պետութեան հիմքը, այլ ոչ թէ դրա մնացորդները։

Խաղաղութիւնը հնարաւոր է միայն այն ժամանակ, երբ կառուցւում է արժանապատւութեան հիմքով։ Իսկ արժանապատւութիւնն անհնար է առանց յիշողութեան։ Սա է այն միակ ճանապարհը, որը կերաշխաւորի ունենալ այն Հայաստանը, որն իրօք իրական է։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Related Articles

Back to top button