Քաղաքական

Փաշինեանը միանում է Էրդողանին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ընդդիմանալու հարցում

Վերջին շաբաթւայ ընթացքում բուռն քննարկում ծաւալւեց Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բացակայութեան շուրջ, երբ հայ-ասորական ծագում ունեցող բլոգեր Պատրիկ Բեթ-Դաւիդը հարցրեց վարչապետ Բենիամին Նեթանիահուին, թէ ինչու Իսրայէլը չի ճանաչել հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնները: Նեթանիահուն սխալ արձագանքեց. «Իրականում, կարծում եմ՝ ճանաչել ենք: Կարծում եմ՝ Կնեսետը [խորհրդարանը] այդ մասին բանաձեւ է ընդունել»: Նեթանիահուն բոլորից լաւ գիտի, որ դա ճիշտ չէ, քանի որ ինքը՝ որպէս վարչապետ, արգելափակել է Կնեսետի մի քանի նման բանաձեւերը:

Երբ Բեթ-Դավիդը պնդեց, որ Նեթանիահուն որպէս վարչապետ ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, նա պատասխանեց. «Ես հէնց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։ Սա թեթեւամիտ անդրադարձ էր նման լուրջ խնդրին։

Նեթանիահուի հակիրճ յայտարարութիւնը որոշ մարդկանց կողմից մեկնաբանւեց որպէս Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առաջին դէպքը։ Իրականում Նեթանիահուն անդրադարձել էր Հայոց Ցեղասպանութեանը 2024 թւականի մարտին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը նրան համեմատեց «Հիտլերի, Ստալինի եւ Մուսոլինիի» հետ։ Նեթանիահուն պատասխանեց, որ Էրդողանը «հերքում է Հայոց Հոլոկոստը»։ 2024 թւականի յունւարին Իսրայէլի արտգործնախարար Իսրայէլ Կացը բացայայտ մեղադրեց Թուրքիային Հայոց Ցեղասպանութեան համար պատասխանատու լինելու մէջ. «Անցեալում Հայոց Ցեղասպանութիւն ունեցող Թուրքիայի նախագահը @RTERdogan, այժմ պարծենում է՝ անհիմն պնդումներով թիրախաւորելով Իսրայէլին։ Մենք յիշում ենք հայերին եւ քրդերին: Ձեր պատմութիւնն ինքնին խօսուն է…»։

Նաեւ ճիշտ չէ, որ ցեղասպանութեան վերաբերեալ Նեթանիահուի մեկնաբանութիւնը պայմանաւորւած էր Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ վատ յարաբերութիւններով։ Նրանք նախկինում բազմիցս բախւել են, իսկ յետոյ հաշտւել։

Այս հարցի նախապատմութիւնն աւելի լաւ հասկանալու համար եկէք անդրադառնանք վերջին հինգ տասնամեակների ընթացքում տեղի ունեցած որոշ զարգացումներին։

1982 թւականին Իսրայէլի Հոլոկոստի յուշահամալիրը հովանաւորեց Թել Աւիւում անցկացւող առաջին «Հոլոկոստին եւ ցեղասպանութեանը նւիրւած միջազգային համաժողովը»։ Մասնակցելու համար հրաւիրւած 100 մտաւորականների թւում կային վեց հայեր։ Թուրքիայի կառավարութիւնն անմիջապէս սպառնաց Իսրայէլին տարբեր հակահրէական գործողութիւններով։ Իսրայէլի արտգործնախարարութիւնը բաւարարեց Թուրքիայի պահանջը եւ ճնշում գործադրեց կազմակերպիչների վրայ՝ համաժողովը չեղարկելու համար։ Արդիւնքում, հովանաւորները հետ կանգնեցին, իսկ մի քանի ականաւոր հրեա՛ մտաւորականներ հրաժարւեցին մասնակցել, սակայն համաժողովը տեղի ունեցաւ, թէեւ սահմանափակ ձեւաչափով։

2001 եւ 2002 թւականներին Իսրայէլի այն ժամանակւայ արտգործնախարար Շիմոն Պերեսը կտրականապէս հերքեց Հայոց Ցեղասպանութիւնը՝ նշելով, որ Իսրայէլը մերժում է «Հոլոկոստի եւ հայկական մեղադրանքների միջեւ նմանութիւն ստեղծելու փորձերը»։ Երուսաղեմում գտնւող Հոլոկոստի եւ ցեղասպանութեան ինստիտուտի գործադիր տնօրէն Իսրայէլ Չարնին պատասխանեց Պերեսին ուղղւած կոշտ նամակով. «Դուք հատել էք բարոյական այն սահմանը, որը ոչ մի հրեայ չպէտք է իրեն թոյլ տայ խախտել… Ես, որպէս հրեայ եւ Իսրայէլցի, ամաչում եմ, թէ որքան հեռու էք գնացել այժմ, մտնելով Հայոց Ցեղասպանութեան իրական ժխտման տիրոյթ՝ համադրելի Հոլոկոստի ժխտման հետ»։

2015 թւականին, երբ ինձ հրաւիրեցին ելոյթ ունենալու Թել Աւիւի համալսարանում կայացած Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած համաժողովում, ես հնարաւորութիւն ունեցայ հանդիպելու Իսրայէլի այն ժամանակւայ նախագահ Ռեուվէն Ռիւլինի հետ։ Ես նրան բողոքեցի Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան անընդունելի ժխտման մասին, եւ նա բացատրեց, որ ինքը կասկածներ չունի Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ, քանի որ մեծացել է Երուսաղէմում՝ ցեղասպանութիւնը վերապրածների հետ։ Երբ Ռիւլինը Կնեսետի նախագահն էր, նա անյաջող փորձեր էր արել ընդունելու Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւ։ Հաշւի առնելով վարչապետ Նեթանիահուի բացասական դիրքորոշումը այս հարցում, նա ասաց, որ իր ձեռքերը կապւած էին որպէս նախագահ։ Այսպիսով, նա հաստատեց, որ Նեթանիահուն երկար տարիներ շարունակ դէմ է եղել Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը։

Թել Աւիւում իմ դասախօսութեան ընթացքում ես տարբերակեցի Իսրայէլի կառավարութեան ժխտողական դիրքորոշումը, մի շարք կարեւոր հրեայ անհատների կողմից Հայոց Ցեղասպանութեանը ցուցաբերած ուժեղ աջակցութիւնից, ինչպիսիք են՝ Օսմանեան կայսրութիւնում (1913-16) ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, «Ցեղասպանութիւն» եզրոյթի հեղինակ Ռաֆայէլ Լեմկինը, վիպասան Ֆրանց Վերֆելը, փոխարտգործնախարար, իսկ աւելի ուշ՝ արդարադատութեան նախարար Յոսի Բէյլինը, կրթութեան նախարար Յոսի Սարիդը, Ներգաղթեալների ինտեգրման նախարար Եաիր Ցաբանը, Խաղաղութեան Նոբէլեան մրցանակակիր Էլի Վիզելը եւ նախագահ Ռեուվէն Ռիւլինը։ Ես նրանց անւանեցի «արդարամիտ հրեաներ»։

Միւս կողմից, մինչ աշխարհասփիւռ հայերը տասնամեակներ շարունակ պայքարել են Հայոց Ցեղասպանութեան հանրայնացման համար, վարչապետ Փաշինեանը մանկամիտ հարցեր է բարձրացրել դրա ճանաչման վերաբերեալ՝ անտեսելով նրանց արժէքաւոր ջանքերը:

Անցեալ շաբաթ Փաշինեանը հայ լրագրողներին ասաց, որ Նեթանիահուի յայտարարութիւնը որեւէ կապ չունի Հայաստանի կամ հայ ժողովրդի շահերի հետ։ Նա նաեւ կասկածի տակ դրեց, թէ արդեօք հայերը որեւէ բան շահել են մի քանի տասնեակ երկրների կողմից ցեղասպանութեան ճանաչումից։ Նա նոյնիսկ բացայայտեց, որ ինքը օտարերկրեայ ղեկավարներին հարցրել է, թէ ինչու են նրանք ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։ Այսպիսով, Փաշինեանը ակտիւօրէն խաթարում է Հայ Դատի արդարութեան հասնելու ձգտումը։ Ահա թէ ինչ է լինում, երբ քաղաքականապէս անփորձ եւ ոչ հայրենասէր մարդը բարձրանում է իշխանութեան գլուխ Հայաստանում։

Փաշինեանը չի հասկանում, որ եթէ հայերը տասնամեակներ շարունակ չպայքարէին Հայոց Ցեղասպանութեան հանրայնացման համար, այսօր ոչ ոք այն չէր յիշի՝ թոյլ տալով Թուրքիային խուսափել զանգւածային սպանութիւնների համար պատժից։ Հայ ժողովուրդը պէտք է Թուրքիային պատասխանատւութեան ենթարկի նրա յանցագործութիւնների համար։

Փաշինեանը, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ տարւող ջանքերը քննադատելու փոխարէն, պէտք է կոնկրետ քայլեր ձեռնարկեր արդարութիւն պահանջելով, ներառեալ  փոխհատուցում եւ Արեւմտեան Հայաստանի գրաււած տարածքների վերադարձ։ Սա մի բան է, որ Սփիւռքը չի կարող անել, քանի որ միայն պետութիւնները կարող են հայցեր ներկայացնել Արդարադատութեան միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)։ Փաշինեանը երբեք նման քայլ չի ձեռնարկի, քանի որ նա զբաղւած է թուրքական եւ ադրբեջանական պահանջների հանդէպ զիջողական քաղաքականութիւն վարելով։

Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Նեթանիահուի յայտարարութեան արդիւնքում՝

1. Հայոց Ցեղասպանութիւնը լայնօրէն լուսաբանւեց միջազգային լրատւամիջոցների կողմից՝ ամբողջ աշխարհում միլիոնաւոր մարդկանց տեղեկացնելով թուրքական յանցագործութեան մասին, որը Թուրքիան յուսահատօրէն փորձում է թաքցնել։

2. Հայ եւ թուրք պաշտօնեաները, արձագանքելով Նեթանիահուի՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ մեկնաբանութիւններին, այն աւելի հանրայնացրեցին՝ անկախ նրանից՝ նրանք այն ճանաչե՞լ են, թէ՞ քննադատել։

3․ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը դատապարտեց Իսրայէլին՝ հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնների վերաբերեալ Նեթանիահուի մեկնաբանութիւնից յետոյ: Թուրքիան նաեւ յայտարարեց, որ դադարեցնում է Իսրայէլի հետ բոլոր առեւտրային յարաբերութիւնները եւ փակում իր օդային տարածքը իսրայէլական ինքնաթիռների համար՝ Գազայի հակամարտութեան պատճառով:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button