ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արէֆը՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի հետ հանդիպմանը. «Ամերիկան երբեք չի եզրակացրել, որ Իրանը ոչ-խաղաղ միջուկային ծրագրերի իրականացմանն է ձգտում»

«ԱԼԻՔ» –  Երեքշաբթի՝ օգոստոսի 5-ին, դէպի միջազգային ջրեր ճանապարհ չունեցող զարգացող երկրների երրորդ համաժողովի շրջանակում, նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արէֆը ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշի հետ հանդիպմանն անդրադարձել է սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ ռազմական ագրեսիային եւ ընդգծել. «Մենք յարգում ենք բոլոր միջազգային օրէնքներն ու կանոնակարգերը, այդ առումով ԱՄՆ-ը երբեւէ չի եզրակացրել, որ Իրանը ոչ-խաղաղ միջուկային ծրագրերի իրականացմանն է ձգտում: Սակայն վերջին պատերազմում այն միացաւ սիոնիստական ռեժիմին Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ ագրեսիայում»։

Նախագահի  առաջին տեղակալը յաելել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը համաձայնւել է կրակի դադարեցմանը մարդասիրական նկատառումներով, եւ չնայած մեզ շարունակում են սպառնալ պատերազմով, Իրանը քաղաքակրթութիւնից ելնելով գիտակցում է խաղաղութեան արժէքը եւ նախայարձակ չի լինի»։

Առաջին փոխնախագահը նշել է. «Մենք մտահոգւած ենք նաեւ, որ տարբեր երկրների դէմ այս ագրեսիաները  չդառնան տարածաշրջանն անկայունացնող ձեւաչափ: Եթէ ՄԱԿ-ը ձեռնարկէր իրավիճակին համապատասխան գործողութիւններ, մենք այսօր չէինք տեսնի այս աղէտալի վիճակն ու ողբերգութիւնները Պաղեստինի Գազայում»։

Արէֆը նշել է, որ ժամանակակից աշխարհում մարդկութիւնը Գազայում բախւել է սիոնիստների բարբարոսութեանն ու վայրենութեանը եւ  յաւելել, որ  Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ը կը ձեռնարկի արդիւնաւէտ միջոցներ սիոնիստական ռեժիմին զսպելու համար:

Նշելով, որ Իրանը միշտ պատրաստ է ՄԱԿ-ի հետ համագործակցութեանը՝ աշխարհում խաղաղութիւն հաստատելու համար, նա ընդգծել է. «Մենք ակնկալում ենք, որ Արեւմուտքի տարածած իրանաֆոբիան կը դատապարտւի Միաւորւած Ազգերի Կազմակերպութեան կողմից»:

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշը նոյնպէս բարձր է գնահատել պատմութեան ընթացքում իրանցիների կերտած քաղաքակրթութիւնը, ինչպէս նաեւ Իրանի ազդեցութիւնը համաշխարհային քաղաքակրթութեան վրայ եւ ընդգծել է. «Իսրայէլի եւ ԱՄՆ-ի յարձակումն Իրանի վրայ անօրինական էր եւ հակասում է միջազգային իրաւունքին: Իրանի միջուկային խնդիրը պէտք է լուծւի դիւանագիտական ճանապարհով, եւ մենք պատրաստ ենք օգտագործել ՄԱԿ-ի բոլոր հնարաւորութիւնները խնդրին դիւանագիտական լուծում տալու համար»։

Related Articles

Back to top button