ԻրանՔաղաքական

ԱԼԻ ԼԱՐԻՋԱՆԻՆ ՆՇԱՆԱԿՒԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

«ԱԼԻՔ»- Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը դոկտ. Ալի Լարիջանիին նշանակել է Ազգային Անվտանգութեան Գերագոյն խորհրդի քարտուղար:

Մինչ այդ այս պաշտօնը զբաղեցնում էր Ալի Աքբար Ահմադիանը, որը կարող է շուտով տեղափոխւել կառավարութիւն: Ինչպէս հաղորդում է «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը՝ նրա համար նախատեսւած է յատուկ յանձնարարութիւնների գծով փոխնախագահի նոր պաշտօնը:

«Թասնիմ»-ը նաեւ տեղեկացրել է, որ դոկտ. Լարիջանին մօտ ապագայում կը դառնայ նաեւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի երկու ներկայացուցիչներից մէկն Ազգային Անվտանգութեան Գերագոյն խորհրդում: Ներկայում այաթ. Խամենէիին խորհրդում ներկայացնում են Ալի Աքբար Ահմադիանը եւ Սայիդ Ջալիլին: Հաշւի առնելով վերջին փոփոխութիւնը, կարելի է ենթադրել, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ներկայացուցչի հանգամանքում Լարիջանին նոյնպէս կը փոխարինի Ահմադիանին:

Նշենք, որ դոկտ. Ալի Լարիջանին Իսլամական Հանրապետութեան քաղաքական դաշտի հնաբնակներից է, որն աչքի է ընկնում իր չափաւորական քաղաքական հայեացքներով եւ պրագմատիկ մօտեցումներով: Նա վերջին չորս տասնամեակների ընթացքում առանցքային պաշտօններ է զբաղեցրել համակարգում:

Նա Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի ձեւաւորման առաջին տարիներին միացել է այս կառոյցին, եւ զբաղեցրել է այնպիսի պաշտօններ, ինչպիսիք են՝ ԻՅՊԿ-ի փոխհրամանատարի եւ շտաբի պետի տեղակալի պաշտօնները:

1992-1994 թթ. Հաշեմի Ռաֆսանջանիի երկրորդ կառավարութեան կազմում զբաղեցրել է Մշակոյթի եւ իսլամական լուսաւորութեան նախարարի պաշտօնը:

1994-2004 թթ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հրամանով ղեկավարել է Իրանի ռադիօհեռուստատեսութիւնը:

2005-2007 թթ. զբաղեցրել է Ազգային Անվտանգութեան Գերագոյն խորհրդի քարտուղարի պաշտօնը

2008-2020 թթ. զբաղեցրել է Իսլ. խորհրդարանի նախագահի պաշտօնը:

2020 թւականից սկսեալ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդականն է, եւ նրա հրամանով անդամակցում է Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի կազմին:

 

Related Articles

Back to top button