Հաւաքագրում են տւեալներ Արցախում Ադրբեջանի կողմից քանդւած կամ իւրացւած բնակարանների ու տների վերաբերեալ՝ միջազգային իրաւական գործընթացների համար

«ԱԼԻՔ» – Արցախի միութիւնը Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանի հետ միասին, հաւաքագրում են տւեալներ Արցախի Հանրապետութեան բռնազաւթւած բնակավայրերում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից քանդւած կամ իւրացւած (փաստացի զբաղեցւած այլ անձանց կողմից) բնակարանների ու տների վերաբերեալ՝ միջազգային իրաւական գործընթացների համար: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ յայտնում է Արցախ միութեան նախագահ Արտակ Բեգլարեանը։
«Եթէ Դուք տեղեկութիւններ ունէք Ձեր բնակարանի (տան) յատկապէս քանդման կամ իւրացման վերաբերեալ եւ ցանկանում էք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատեաններում, ապա կարող էք լրացնել ստորեւ տրւած հարցաթերթիկը:
Ներկայացւած տւեալները կիրառւելու են բացառապէս միջազգային իրաւական նպատակներով՝ Ձեր գրաւոր համաձայնութեամբ: Տրւած տւեալների հիման վրայ կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ լրացուցիչ նիւթերի հաւաքագրման եւ հետագայ քայլերի կազմակերպման նպատակով:
Այլ իրաւախախտումների վերաբերեալ տւեալների զանգւածային հաւաքագրումը կը կազմակերպւի յաջորդ փուլերով՝ ըստ առաջնահերթութեան՝ հաշւի առնելով մեր կարողութիւնների խիստ սահմանափակւածութիւնը:
Պէտք է հաշւի առնել, որ դատական որոշումները կայացւելու են տարիներ անց: Հնարաւոր որոշումները կարող են վերաբերել արցախցիների վերադարձին, գոյքի պաշտպանութեանը, կորցրած գոյքի դիմաց փոխհատուցման տրամադրմանը եւ այլ առնչւող ուղղութիւնների»,- գրել է Արտակ Բեգլարեանը։