Իրան-Հայաստան դաշինքը կը փոխի ստատուս-քւօն Հարաւային Կովկասում

Իրանի Ազգային Անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը յայտարարել է, որ Իրանը թոյլ չի տայ թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական յարաբերութիւնները: Ընդգծելով բոլոր հարեւանների հետ սերտ կապերի պահպանման Իրանի քաղաքականութիւնը՝ Ահմադիանն ասել է, որ արտաքին ուժերը շահագրգռւած չեն ողջ տարածաշրջանում հանգստութեամբ։ Իրանցի պաշտօնեան ընդգծել է նաեւ Թեհրանի եւ Երեւանի միջեւ համատեղ նախագծերի ամբողջական իրականացման անհրաժեշտութիւնը։
Թեմայի հետ կապւած վերլուծականում «Հանրապետութեան հրապարակ» տելեգրամեան ալիքը գրում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախի հայաթափումից յետոյ էլ աւելի է ակտիւացրել Մեծ Թուրան ծրագիրը. «Նախկինում, երբ կար 12 հազար քկմ տարածքով Արցախի Հանրապետութիւնն ու Արցախի ՊԲ-ն, Ադրբեջանն աւելի զուսպ էր իր պանթուրքական ծրագրերում։ Սակայն քպականների կապիտուլեանտ քաղաքականութեան արդիւնքում Արցախը հայաթափւեց, ու այսօր վտանգի տակ են արդէն Սիւնիքի անվտանգութիւնն ու ՀՀ-ի գոյութիւնը։ Ադրբեջանի նախագահը ողջ Հայաստանն է անւանում «Արեւմտեան Ադրբեջան» ու ՔՊ-ից պահանջում է Բաքւին տրամադրել, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ը, որն իրականում պանթուրքական լոգիստիկա է եւ քայլ դէպի Սիւնիքի հայաթափում ու թուրքացում»։
Իրանը, սակայն, չի ցանկանում թուրք-ադրբեջանական դաշինքի եւ նրանց կուրատոր Արեւմուտք-Իսրայէլ տանդեմի դիրքերի ամրապնդում Իրանի սահմանների երկայնքով, քանի որ Թուրքիան եւ նրա կովկասեան սատելիտ Ադրբեջանը ցանկանում են Իրանից պոկել Իրանական Ադրբեջանը՝ պանթուրքական դրօշների ներքոյ։ «Իրանի համար Հայաստանը Մեծ Թուրանը զսպող գործօն է եղել տասնամեակներ շարունակ, քանի դեռ 2018 թւականին Երեւանում գունաւոր յեղաշրջմամբ իշխանութեան չբերւեց հակառուսական եւ արեւմտամէտ, իսկ դէ-ֆակտօ թրքամէտ ուժը։
Թեհրանը ցանկանում է, որ ՀՀ-ն ունենայ հզօր բանակ, կայուն տնտեսութիւն, ամուր սահմաններ, չտրամադրի Անկարային ու Բաքւին «Զանգեզուրի միջանցք»-ը, որը դառնալու է ՆԱՏՕ-ի ու Իսրայէլի ռազմական լոգիստիկան ընդդէմ Իրանի»,-գրում են հեղինակները։ Ադրբեջանական լրատւամիջոցները, յղում անելով երկրի պաշտպանութեան նախարարութեանը, յայտնել են Իրանի եւ «այլ մասնակիցների» հետ «օկուպացիայից ազատագրւած տարածքներում» համատեղ զօրավարժութիւնների մասին։ Հանդիպմանը ներկայացւել է զեկոյց զօրավարժութիւնների նպատակների, դրանց սցենարի եւ անցկացման վայրի, նախապատրաստական գործընթացի, անվտանգութեան կանոնների, ինչպէս նաեւ տարբեր փուլերում կատարւելիք խնդիրների մասին։ Տեղեկացւում է, որ զօրավարժութիւնները կը տեւեն մինչեւ մայիսի 21-ը։
Այս առումով «Հանրապետութեան հրապարակը» նշում է, որ Իրանը խորացնում է ռազմա-քաղաքական, տնտեսական-էներգետիկ, տրանսպորտային կապերն ու նախագծերն Ադրբեջանի հետ՝ ցանկանալով նւազեցնել Ադրբեջանում Թուրքիայի եւ Իսրայէլի, ինչպէս նաեւ բրիտանական ազդեցութիւնը. «Իրանը չի ցանկանում, որ Ադրբեջանը վերածւի հակաիրանական պլացդարմի՝ պանթուրքական ուժերի, Իսրայէլի եւ անգլօ-սաքսոնական շահերի համար։ Իրանն իր տարածքն է առաջարկում Ադրբեջանին՝ Նախիջեւանի հետ կապի համար, դրանով ցանկանում է պահպանել իր ազդեցութեան լծակները թէ՛ Բաքւի, թէ՛ Նախիջեւանի վրայ, ինչպէս նաեւ ադրբեջանական նոր յարձակումից փրկել Սիւնիքը։ Բացի այդ, Ադրբեջանն ու Իրանը կեանքի են կոչում ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգիծը։ Այսպիսով, Թեհրանը ցանկանում է ունենալ իր ազդեցութեան լծակներն Ադրբեջանի վրայ՝ դրանով փորձելով խաթարել թուրք-ադրբեջանական տանդեմը»։
Իսկ ի՞նչ պէտք է անի Հայաստանն, ըստ հեղինակների: «Իրանն ու ԵԱՏՄ խորացնում են կապերը տնտեսական ոլորտում, եւ Հայաստանը կարող է դառնալ ռուսական եւ վրացական ապրանքների համար միջանցք դէպի Իրան ու Պարսից ծոց։ Իրանը ցանկանում է ՀՀ-ով ունենալ անխափան լոգիստիկա դէպի Սեւ ծով եւ ռուսական շուկայ։ Հայաստանը պէտք է աւելի օպերատիւ կերպով կեանքի կոչի Հիւսիս-Հարաւ նախագիծը, որի շուրջ պէտք է ստեղծւեն նոր աշխատատեղեր, տուրիստական եւ այլ լոգիստիկաներ. Հիւսիս-Հարաւը պէտք է դառնայ Հայաստանի կեանքի ճանապարհը դէպի Իրան, եւս մէկ գործօն, որը կամրապնդի Սիւնիքի անվտանգութիւնն ու կը կանխի արտագաղթն այդ կարեւոր մարզից։ Այսպիսով, Հայաստան-Իրան կապերը պէտք է բարձրացնել որակապէս նոր մակարդակ՝ դրանք հարստացնելով իրանական ներդրումներով, համատեղ ձեռնարկութիւններով՝ օգտագործելով նաեւ Իրանի հայ համայնքի գործօնը, որպէս միաւորող հնարաւորութիւն։ Իրան-Հայաստան կապերի ամրապնդումը կը բարձրացնի ՀՀ աշխարհաքաղաքական դերն ու կը զսպի թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ նպատակներն ու ծրագրերը։
«ՓԱՍՏ»