Զելենսկին՝ Tomahawk հրթիռների տրամադրման հարցի մասին. նախագահ Թրամփը «ոչ» չի ասել, բայց եւ «այո» չի ասել

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC News-ի հարցազրոյցում յայտնել է, որ յոյսը չի կորցրել ուրբաթ ԱՄՆ կատարած այցի ժամանակ, չնայած այն բանին, որ համաձայնութիւն չի կնքել նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեծ հեռահարութեան Tomahawk հրթիռների մատակարարումների մասին, զէնք, որը կարող է փոխել Ռուսաստանի դէմ պատերազմի ընթացքը, հաղորդում է News.am-ը:
«Լաւ է, որ նախագահ Թրամփը «ոչ» չասաց, բայց այսօրւայ դրութեամբ «այո» էլ չի ասել»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին NBC News-ին ասել է, որ ուկրաինացի զինւորականները՝ զինւած Tomahawk հրթիռներով, «իսկական անհանգստութիւն» են առաջացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մօտ։
«Ես կարծում եմ, որ Պուտինը վախենում է, որ Միացեալ Նահանգները մեզ «Tomahawk» կը մատակարարեն։ Եւ ես կարծում եմ, որ նա իսկապէս վախենում է, որ մենք դրանք կը կիրառենք»,- ասել է նա։
Այնուամենայնիւ, ինչպէս նշել են ամերիկեան լրատւամիջոցները, առանց հրթիռների վերաբերեալ համաձայնագրի Ուկրաինա վերադառնալը, ամենայն հաւանականութեամբ, կը ստիպի Զելենսկու քննադատներին հարցնել, թէ ինչու էր նա առհասարակ գնացել ԱՄՆ։



