Պուտինը ներողութիւն է խնդրել Ալիեւից ՌԴ օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար
«ԱԼԻՔ» – Ռուսական կողմի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախօսազրոյցը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայութիւնը։
Հաղորդման համաձայն՝ մանրամասն քննարկւել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Աքթաու քաղաքի մօտ «Ադրբեջանական աւիաուղիներ» աւիանկերութեան ուղեւորատար ինքնաթիռի կործանմանը վերաբերող հարցերը։
Վլադիմիր Պուտինը ներողութիւն է խնդրել այն առնչութեամբ, որ ողբերգական միջադէպ է տեղի ունեցել Ռուսաստանի օդային տարածքում, եւ մէկ անգամ եւս խոր եւ անկեղծ ցաւակցութիւններ է յայտնել զոհւածների ընտանիքներին, ցանկացել շուտափոյթ ապաքինում տուժածներին։ Նշւել է, որ չւացուցակով շարժւող ադրբեջանական ուղեւորատար ինքնաթիռը քանիցս փորձել է մտնել վայրէջքի գիծ Գրոզնի քաղաքի օդանաւակայանում։ Այդ ժամանակ Գրոզնին, Մոզդոկը եւ Վլադիկաւկազը գրոհում էին ուկրաինական մարտական անօդաչուները, եւ ռուսական ՀՕՊ միջոցները հակադարձում էին այդ յարձակումներին։
ՌԴ Քննչական կոմիտէն քրէական գործ է յարուցել ՔՕ 263 յօդւածով (օդային տրանսպորտի տեղաշարժի եւ շահագործման անվտանգութեան կանոնների խախտում)։ Իրականացւում են նախնական քննչական գործողութիւններ, հարցաքննւում են քաղաքացիական եւ զինւորական մասնագէտները։
Ներկայում Ադրբեջանի գլխաւոր դատախազութեան երկու աշխատակիցներ Գրոզնիում են, որտեղ համատեղ աշխատում են ՌԴ գլխաւոր դատախազութեան եւ Քննչական կոմիտէի հետ միասին։ ՌԴ, Ադրբեջանի եւ Ղազախստանի պրոֆիլային ծառայութիւնները սերտօրէն փոխգործակցում են նաեւ աղետի վայրում՝ Աքթաու քաղաքում»,- նշւել է Կրեմլի հաղորդագրութիւնում։