«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան 80-ամեակի միջոցառումների շարանում, երէկ՝ սեպտեմբերի 8-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Այգեստան»-ում կազմակերպւել էր «Երգի մրցոյթ»-ի մասնակիցների Գալա համերգը:
Օրւայ բացման խօսքով հանդէս եկաւ Մեղեդի Նազարեանը, ում մտայղացումն է եղել յիշեալ մրցոյթը եւ այն նախաձեռնել է Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակը նշող յանձնախումբը: Խօսքի ընթացքում, նա հակիճ բացատրութիւններ ներկայացրեց մրցոյթի երկու փուլերից անցած եւ երրորդ փուլ համարւող՝ Գալա համերգին հասած մասնակիցների մասին, ընդգծելով որ 25 նախնական մասնակիցներից, ժիւրիի կազմի գնահատմամբ 11 լաւագոյն մասնակիցները առաջադրւել են Գալա համերգի համար, եւ կարեւորեց նման միջոցառումները նոր սերնդի մօտ արւեստը զարգացնելու գծով: Նշենք, որ ժիւրի կազմի անդամներն էին՝ Արփի Սիմրոջեանը, Արմէն Ասատրեանը, Մեղեդի Նազարեանը, Անի Արզումանեանը եւ Վահիկ Մարգարեանը: Ուսուցչական կազմի անդամներն էին՝ Արփի Սիմրոջեանը, Մեղեդի Նազարեանը եւ Արեգ Մարգարեանը: Երէկ՝ երեկոյեան Գալա համերգին իրենց հայերէն եւ այլ լեզուներով կատարումներով հանդէս եկան Էլին Պետրոսեանը, Նելլի Մկրտչեանը, Քեւին Մոսկոֆեանը, Մինէ Հաթամեանը, Լիանա Աղասեանը, Նարէ Դարուսին, Վահէ Քարամեանը, Ալիս Յովսէփեանը, Բենիա Ասլանեանը, Էրիկա Դաւթեանը, Վիկտորիա Խեչումեանը, Նազելի Փանոսեանը, Կարին Մարգամեանը եւ Էլւին Փանոսեանը:
Յատկանշական է, որ իւրաքանչիւր մասնակցի միջոցով անհատական երկու երգերի ներկայացումից բացի, խմբական երկու երգերով հանդէս եկան մասնակիցները, որին ներգրաււած էին նաեւ եզրափակիչ փուլ չանցած մասնակիցներից եւս:
Վերջում բեմ հրաւիրւեց Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակը նշող յանձնախմբի նախագահ Համլետ Խալոյեանը, ով բարձր գնահատեց նման նախաձեռնութիւնը, որը առիթ է ընձեռնում ճանաչելու համայնքի ունակ դէմքերին եւ նրանց դաստիարակելով ներգրաւել միութիւնների երգչախմբերում: Նա իր գնահատանքը յայտնեց երգի մրցոյթի կազմակերպիչներին, ուսուցչական կազմին, ժիւրիին եւ մասնակիցներին:
Վերջում կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանի եւ Համլետ Խալոյեանի ձեռամբ գնահատւեցին մասնակիցներն ու այդ բնագաւառում իրենց աշխատանքը ծաւալած անձինք: