ՀամայնքՆոր Ջուղա

ՀՀ հիմնադրման 108-ամեակի առթիւ ժողովրդական տօնախմբութիւն՝ Շահինշահրում

Հինգշաբթի՝ մայիս 28-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու բացօթեայ տարածքում, տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 108-ամեակը, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանի, թեմի եկեղեցական դասի, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յաձնախմբի, ներկայացուցիչների, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան եւ միութիւնների ներկայացուցչիների ու ժողովրդի:

Ծրագիրը, որը հանդիսավարեց Ադենա Մուրադեանը, սկիզբ առաւ Իրանի Իսլամական Հանրապետութեան օրհներգով, ապա Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով շրջափակ բերւեց Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը, որից յետոյ տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ դրօշակի օրհնութիւն՝ նախագահութեամբ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցական դասի. այս բաժինն աւարտւեց Հայաստանի Հանրապետութեան օրհներգի ունկնդրութեամբ: 

Այնուհետեւ Տօնակատարութեան կազմակերպիչ յանձնախմբի անունից ելոյթ ունեցաւ Մարիթա Քեշիշեանը: Նա շեշտելով, որ այսօր հայ ժողովրդի համար հրամայական են՝ միասնականութիւնը, հայկական պետականութեան եւ բանակի հզօրացումն ու արդար իրաւունքների վերականգնումը, աւելացրեց, թէ Սփիւռքը եւ Հայաստանը պէտք է գործեն միասնական՝ որպէս մէկ ամբողջութիւն: Նա պատգամեց աշխարհասփիւռ հայութեանը՝ յարգանք եւ երախտիք տածելով Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտողների նկատմամբ եւ հաւատարիմ մնալով նրանց անկախութեան եւ ազատութեան գաղափարին, պահեն ու պաշտպանեն հայրենիքը եւ որպէս սրբազան ժառանգութիւն փոխանցեն յետագայ սերունդներին:

Օրւայ բանախօս դոկտ. Գեղարդ Մանսուրեանը պատմական ակնարկ նետելով 1918 թւականի Մայիսեան յաղթանակներին, այն դիտեց որպէս հայ ժողովրդի միասնական ոգու դրսեւորում եւ ասաց, որ Մայիս 28-ով ոչ միայն ձեռք բերեցինք հայրենիքի ազատութիւնն ու անկախութիւնը եւ ստեղծեծինք մեր հայկական պետականութիւնը, այլ նաեւ կոտրեցինք շուրջ 600 տարի մեր ժողովրդի մտքում բուն դրած ստրկութեան մտայնութիւնը եւ արմատաւորեցինք յաղթանակի ոգին:

Նա իր խօսքի մի այլ բաժնում նշելով, որ Մայիսեան յաղթանակներում մեծ է եղել նաեւ հայ եկեղեցու եւ հոգեւորականների դերը, բացատրեց, թէ ինչպէս ժողովրդի այս խաւը մարդասիրական աշխատանքների իրագործմամբ ծառայեց հայրենակիցներին յետ պատերազմական ժամանակաշրջանում:

Պրն. Մանսուրեանը կարեւորելով նաեւ, որ 1918 թւականին կերտւած պետականութիւնը երաշխիքը հանդիսացաւ այսօրւայ հայկական պետականութեան գոյութեան, անդրադարձ ունեցաւ մերօրեայ պայմաններում հայրենիքում կատարւող իրադարձութիւններին եւ աւելացրեց, թէ Արցախը կորցնելով, թուրքական աշխարհի միացման օղակը հանդիսացաւ Սիւնիքը եւ եթէ չլինէին Իրանի զինավարժութիւնները Հայաստանի սահմանում, մենք կորցնելու էինք նաեւ Սիւնիքի տարածքը:

Նա ընդգծելով, որ Հայաստանի այսօրւայ իրականութիւնից փրկւելու ճանապարհը հայկական հզօր բանակի կերտումն է, յոյս յայտնեց, թէ Հայաստանի Ազգային ժողովի առաջիկայ ընտրութիւններում ողջախոհ ժողովրդի քւէների արդիւնքում կը ձեւակերպւի այնպիսի կառավարութիւն, որն ի վիճակի կը լինի Հայաստանից հեռու պահելու սպասւող դառն օրերը: 

Այնուհետեւ առաջնորդական տեղապահ Հայր Սուրբն իր խօսքն ուղղեց ներկաներին: Նա շեշտելով, որ հերոսներն անմահ են եւ այսօրւայ մեր ազատ ու անկախ հայրենիքի կերտման համար պարտական ենք մեր հերոսներին, ովքեր իրենց արեամբ ու զոհողութիւններով պատմութեան մէջ արձանագրեցին Մայիս 28-ը, աւելացրեց, թէ չկայ աւելի գեղեցիկ բան քան ազատութիւնը եւ ազատօրէն ապրելը, մտածելը, խօսելն ու իրագործելը: Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանն ընդգծելով, որ ազատութիւնը Աստծոյ կողմից մարդուն շնորհւած ամենագերագոյն նւէրն է, կոչ արեց՝ Մայիս 28-ի առիթը պատեհ համարելով, ի լուր աշխարհի, հաստատել մեր հաւաքականութիւնը եւ յայտնել, որ մենք կանք, պիտի լինենք ու դեռ շատանաք:

Երեկոյի գեղարւեստական բաժնում Արթին Քեշիշեանի ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ, հայկական շնչով ու յաղթանակի ոգով ողողւեց շրջափակը: Երգչին կենդանի նւագակցութեամբ ընկերակցում էր Արին Խաչիկեանը:

Տօնախմբութեան պաշտօնական բաժնի աւարտին առաւել մտերմիկ մթնոլորտ ստեղծւեց դիջէյ Վահանի ուրախ մեղեդիների ներքոյ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button