Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տէր կանգնենք մեր երկրին. «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահաւաքը եւ երթը

Մայիսի 31-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները Արամ Մանուկեանի արձանի, Սուրբ Աննա եկեղեցու եւ Մատենադարանի յարող տարածքներից երթ իրականացրեցին դէպի Ազատութեան հրապարակ, որտեղ մեկնարկեց «Հայաստան» դաշինքի անփոփիչ հանրահաւաքը:

Ելոյթներ ունեցան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, հասարակական գործիչ Արսինէ Մինասեանը, «Առաջ» կուսակցութեան նախագահ Սեւակ Խաչատրեանը, «Հայաստան» դաշինքի անդամներ Արծւիկ Մինասեանը, Քրիստինէ Վարդանեանը, Աննա Գրիգորեանը, Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

«Ձեր պայքարը ոչ թէ մեզ իշխանութեան բերելու համար է, այլ ձեր պայքարով դուք ձեր հայրենիքի, ձեր պետականութեան եւ ձեր ինքնութեան կողքին էք: Ուղիղ մէկ շաբաթից հայը կորոշի իր ճակատագիրը։ Հայ մարդու եւ մեր պետականութեան ճակատագիրը չի որոշւում ո՛չ Մոսկւայում, ո՛չ՝ Վաշինգտոնում, ո՛չ՝ Բրիւսէլում, ո՛չ էլ մէկ այլ մայրաքաղաքում, որոշւում է Հայաստանում: Մենք տէր ենք մեր ճակատագրին: Յունիսի 7-ը պարզապէս քւէարկութեան օր չէ, այլ իշխանափոխութեան օր է, Նիկոլ Փաշինեանին վռնդելու օր»,-յայտարարեց Իշխան Սաղաթէլեանը:

Ցուցադրւեց կարճ տեսանիւթ «Հայաստան» դաշինքի եւ քաղաքական միաւորների պայքարի անցած ճանապարհից:

Դաշինքի անդամներն իրենց ելոյթներում կարեւորեցին ընտրութիւններին քաղաքացիների ակտիւ մասնակցութիւնը՝ նշելով, որ երկիրը կանգնած է կարեւոր ընտրութեան առջեւ եւ սա առաջին հերթին ինքնութեան պահպանման պայքար է:

Ռոբերտ Քոչարեանը եզրափակիչ ելոյթում մասնաւորապէս ասաց. «Մեր հետագայ քայլերի բանաձեւը շատ պարզ է՝ չկայ Նիկոլը պաշտօնին՝ չկան խնդիրներ Հայաստանում: Չկայ Նիկոլը՝ չկայ ճգնաժամ, չկայ Նիկոլը՝ չկայ աղքատութիւն, չկայ Նիկոլը՝ չկայ պատերազմ, չկայ Նիկոլը՝ չկայ ազգային նւաստացում, չկայ Նիկոլը՝ չկայ 300 հազար ադրբեջանցիների վերադարձ: Բոլոր առկայ խնդիրները լուծելի են, ես գիտեմ՝ ինչպէս դա անել, եւ մենք դա կանենք: Մենք արդիւնաւէտ կառավարման հարուստ փորձ ունենք: Յունիսի 7-ին ժողովուրդը պէտք է գնայ ընտրութեան եւ ընտրի Հայաստանը, փորձը, պատասխանատւութիւնը»:

Հանրահաւաքի աւարտից յետոյ մեկնարկեց պայքարի եւ իրազեկման երթ՝ Երեւանի կենտրոնով:

Related Articles

Back to top button