Արթուր Խաչատրեան. «Արցախցիներից խլում են իրենց խնայողութիւնները»
«ԱԼԻՔ» – «Կան Արցախի Հանրապետութեան քաղաքացիներ, որոնք ունէին կենսաթոշակային խնայողութիւններ. պատերազմից, հայաթափումից, էթնիկ զտումից յետոյ մարդկանց մօտ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներ են, եւ մարդկանց մեծամասնութեան համար յոյսը այդ խնայւած գումարներն են»։ Այս մասին երէկ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշել է Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով նրան, որ արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարները այս պահին սառեցւած են:
«Երկրորդը՝ ինչու ՀՀ իշխանութիւնները յանկարծ որոշեցին Արցախի Հանրապետութեան քաղաքացիների գումարը խլել եւ օգտագործել ըստ իրենց հայեցողութեան։ Եթէ իրենք Արցախի քաղաքացիներին աւտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրաւական ռեժիմի, այդ դէպքում ինչի՞ բոլոր հարցերում այդքան հետեւողական չեն, թող բոլորին միանգամից առաջարկէին ՀՀ քաղաքացիութիւն եւ ասէին՝ ով որ չի ուզում, կարող է հրաժարւել: Բայց ոչ այդպէս չեն արել։
Մարդու խնայողութիւններն են, առանց իրեն հարցնելու, փողը ձեռից խլում ես, ասում ես՝ ներդնում եմ այսինչ հաշիւների վրայ՝ ենթադրելով, որ իրենք աւելի լաւ են հասկանում, թէ մեր հայրենակիցները ինչ կարիքներ ունեն հիմա եւ ինչ կարիքներ են ունենալու վաղը»,- ասել է նա:
Պատգամաւորի ներկայացմամբ՝ այդ գումարը առանց մարդու համաձայնութիւնը հայցելու տալիս են կենսաթոշակային հիմնադրամին, վերջինս էլ ներդրում է անում։
«Այսօրւայ քննարկումը խայտառակութիւն է, որովհետեւ յիշեցնեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հիմնական հիմնաւորումը տնտեսութեանը երկարաժամկէտ փողով ապահովելն էր։ Հիմա մենք ի՞նչ տեսանք, 65%-ը, որը մնում է Հայաստանում, հիմնականում պարտատոմսերի մէջ է պետական եւ աւանդների մէջ է։
Աւանդների մէջ քաղաքացին ինքը կարող էր ներդրում անել։ Այդ դէպքում ինչի՞ ես փողը տալիս ինչ-որ մի հատ հիմնադրամի, հիմնադրամը դրա վրայ փող է աշխատում եւ աւանդային աւանդների մէջ ներդրում է անում։ Ցանկացած քաղաքացի կարող է այդ աւանդային պայմանագիրը կնքել ցանկացած բանկի հետ:
Կամ պետական պարտատոմսերի մէջ ներդրում են անում։ Ի՞նչ է ստացւում։ Պետութիւնը ֆինանսաւորում է 50%-ով կենսաթոշակային հիմնադրամին, փող է տալիս ձրի, յետոյ գնում պարտքով փող է վերցնո՞ւմ։
Իրենց ասում էին, որ պէտք է իրական տնտեսութեան զարգացման համար փող ապահովեն։ Եւ ես շատ ուրախ եմ, որ այս հարցը համընկաւ բիւջետային քննարկման հետ, որովհետեւ բիւջէի քննարկման ժամանակ ասում էինք՝ դէ ասէք, այս վերջին համարեա 7 տարւայ ընթացքում քանի՞ ձեռնարկութիւն է Հայաստանում ստեղծւել: Տնտեսութիւնը չի գործում, տնտեսութեան լոկոմոտիւներ չկան: Արդիւնաբերութեան աճը, որ ցոյց են տալիս, ֆիկցիա է, հեքիաթ, իբրեւ թէ Հայաստանում 10 տոննա ոսկի է արտադրւել: Ո՞ր ձեռնարկութիւնն է դա արել, այդ ի՞նչ ոսկի է մտել Հայաստան, որը յետոյ հայկական ձեռնարկութիւններ իբրեւ թէ մշակել են։
Այսինքն, փոխանակ նախեւառաջ դնէին իրական տնտեսութեան զարգացման հիմքերը աջակցէին արտադրողին, վերին մակարդակի վրայ ինչ-որ ֆինանսական, գեղեցիկ բառերի յետեւից էին ընկել, եւ ունենք այն, ինչ որ ունենք:
Էլի եմ ասում, պարտատոմսի մէջ էս ներդրում անում, ստացւում է, որ պետութիւնը 10%-ի 50%-ը, 5%-ը ինքն է տալիս, յետոյ իր տւած փողը գնում պարտքով վերցնում»,- ասել է Խաչատրեանը:
ՀՀ կառավարութիւնը մէկ միլիարդի կարգի նոր վարկ վերցրեց, որ Գիւմրիում ծրագիր իրականացնի, միաժամանակ մէկ միլիարդ տւել էին, էլեկտրոմեքենաներ, պադաւատներ էին առել. նշեց Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է ծառայողական աւտոմեքենաները կացնային մեթոդով կրճատելու մասին:
«Այսինքն, եթէ դու այդ պադաւատները չառնէիր, այդ մի միլիարդի վարկ վերցնելու կարիք էլ չկար։ Իհարկէ, ինքը հասկացել է, որ դա հանրային մեծ ռեզոնանս ունեցող խնդիր է եւ փորձել է ցոյց տալ, որ ինքն էլ է դա անում, իսկ մեղաւոր են իր բոլոր ենթականները, որոնք իրեն ճիշտ չեն զեկուցել։ Նոյնը նաեւ արագաչափերն են»,- ասել է նա:
Արթուր Խաչատրեանը նկատել է, որ Փաշինեանի ասածները պատերազմից առաջ եւ հիմա, 180 աստիճանով տարբեր են. «Ես երէկ, օրինակ, կարդում էի, Սեւրի պայմանագրի 100-ամեակի ժամանակ իր ուղերձը։ Նայէք՝ ինչ կարծիք ինքը ունէր հայ-թուրքական յարաբերութիւնների մասին 2020 թւականի օգոստոսին, հիմա ինչ է ասում»։