Ադրբեջանում որոշել են հիմնովին զբաղւել Հայաստանի հանքերով
Ադրբեջանում որոշել են հիմնովին զբաղւել Հայաստանի հանքերով եւ ամէն ինչ անել, որ Հայաստանի հանքարդիւնաբերութեանը վնասեն: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ադրբեջանում հիմա էլ մշակում են Հայաստանի լեռնահանքային հանքավայրերի քարտէզը: Այն ցոյց է տալու, թէ Հայաստանում որտեղ կան օգտակար հանածոներ։ Այս մասին յայտնում է Ադրբեջանի Քարտէզագիրների հանրային միաւորումը։
Քարտէզում Հայաստանի ողջ տարածքն է, եւ ոչ թէ միայն այն հանքավայրերն ու արդիւնաբերական կենտրոնները, որոնք Ադրբեջանի հետ սահմանակից են: Այնտեղ նաեւ բնապահպանական կեղծ տեղեկատւութիւն է զետեղւելու, թէ որ գետն ինչով է աղտոտւում եւ ուր են դրանք հոսում։
Քարտէզը, ըստ ադրբեջանցիների՝ պատրաստ կը լինի չորս ամսից։ Այն լինելու է ըստ ադրբեջանական տեղանուններով եւ ներկայացւելու է անգլերէն, հայերէն, ադրբեջաներէն լեզուներով։
Թէ ինչու են այս անգամ էլ Բաքւում որոշել զբաղւել Հայաստանի լեռնահանքային հանքավայրերով, դժւար չէ կռահել` բնապահպանական յօրինւած խնդիրների անւան տակ Ադրբեջանը, որը Կասպից ծովն ամբողջութեամբ ապականել է, որոշել է Հարաւային Կովկասի բնապահպանական վիճակի մասին «ահազանգել» աշխարհին:
Վերջերս էլ ադրբեջանցիները, որոնց լկտիութիւնը չափ ու սահման այլեւս չի ճանաչում, բնապահպանական հայցերով դիմել էին միջազգային դատարան, նպատակ ունենալով նաեւ այդ կերպ մինչեւ վերջ Հայաստանը «խեղդել»:
Նրանք Արցախի «օկուպացիայի» ընթացքում բնութեան աղտոտման համար կոմպենսացիա են ուզում ստանալ եւ պահանջում են դադարեցնել տարածաշրջանի աղտոտման գործընթացները՝ հիմա՝ փակել հայաստանեան հանքերը»,- գրել է թերթը: