Ընդդիմութիւնը պէտք է վե՛րջ տայ մէկը միւսին հարւածելու, իրար ոչնչացնելու քաղաքականութեանը
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սէյրանեանի հիւրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։
«Վերջին երեք տարւայ մէջ ընդդիմութիւնը հանդէս է եկել մի քանի նախաձեռնութիւններով։ Երբ ասում են՝ ծրագիր, թեկնածու չէք առաջարկել, յիշեցնեմ՝ Հայրենիքի փրկութեան շարժում. պատերազմից յետոյ ընդդիմադիր 17 ուժ համախմբւել է, ներկայացրել են վարչապետի թեկնածու, ճանապարհային քարտէզ, լաւ կամ վատ, ճիշտ, թէ՝ սխալ, բայց յստակ ներկայացրել են, թէ ինչպէս պէտք է ստեղծւած իրավիճակից երկիրը դուրս բերել, ինչպէս պէտք է ձեւաւորւի ժամանակաւոր կառավարութիւն եւ նպատակին հասնելու համար պրոցեսներն ինչպէս ենք տեսնում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Իշխան Սաղաթէլեանը՝ անդրադառնալով ընդդիմութեան պայքարին։
Իշխան Սաղաթէլեանի խօսքով՝ ընդդիմութիւնը երկրորդ փորձն արել է ընտրութիւններին. «Ընտրութիւնների ժամանակ ներկայացրել ենք վարչապետի թեկնածու, երկիրը ստեղծւած իրավիճակից դուրս բերելու ծրագիր՝ բոլոր մանրամասնութիւններով. հասարակութեանը տրւել է այդ այլընտրանքը։ Երբ ասում են՝ դուք այլընտրանք չէք տւել, չէք ասում ինչպէս պէտք է երկիրը ստեղծւած իրավիճակից դուրս բերէք, ով պէտք է լինի վարչապետի թեկնածու, առնւազն այսօրւայ մեր խորհրդարանական ընդդիմութեան պլատֆորմը լաւը չէր, թող հաւանէին «Պատիւ ունեմ»-ինը։
Դիմադրութեան շարժում. շատ յստակ հասարակութեանն ասել ենք, որ այս մարդը տանում է Արցախը հայաթափելու եւ Հայաստանը թուրքացնելու ծրագիր։ Հրապարակել ենք մեր պատկերացումները, կոչ ենք արել, դուրս ենք եկել, երկու ամիս գիշեր-ցերեկ պայաքարել ենք, մեր կռիւը տւել ենք… Բացթողումներ, սխալներ ունեցել ենք, բայց մենք մեր պայքարի մէջ եղել ենք անկեղծ ու ազնիւ։ Մեր ուժերը չի հերիքել, որովհետեւ, նորից եմ ասում, պայքարը չենք կարողացել դարձնել համաժողովրդական, համահայաստանեան օրակարգ։
ԱԺ-ում ելոյթներից, խօսելուց բացի, հանդէս ենք եկել բազմաթիւ նախաձեռնութիւններով, որոնք, այո, իշխանութիւնը մերժել է։ Երբ թուրք-ադրբեջանական «Շուշիի հռչակագրի» դէմ այլընտրանք էինք ներկայցնում խորհրդարան իրենք հերքում էին, բայց մերժելով ցոյց էինք տալիս, որ՝ ժողովուրդ սրանք ձեզ խաբում են, սա է սրանց իրական դէմքը»,- ասաց Իշխան Սաղաթէլեանը։
«Մենք, առնւազն, երեք տարւայ մէջ կոնկրետ քայլերով ու գործողութիւններով հանդէս ենք եկել, փորձել ենք սրանց հեռացնել ու փոխել իրավիճակը, հիմա ցանկալի արդիւնքը չունենք. ո՞րտեղ ենք սխալւել, ի՞նչը պէտք է աւելի արդիւնաւէտ անենք, որ չենք արել, ինչո՞ւ իրական անկեղծ ու ամբողջական համախմբում չի եղել, այս խնդիրներն ընդդիմութիւնը, առնւազն, իր ներքին հաւաքների ժամանակ լրջօրէն պէտք է քննարկի»,- ընդգծեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչը։
Իշխան Սաղաթէլեանը նաեւ խօսեց նւիրեալ պայքարողների վրայ շարունակ ցեխ շպրտելու արատաւոր երեւոյթից։
«Նրանք, ովքեր հարւածներն ընդունել են, պայքարի պատասխանատւութիւնն են վերցրել, դարձել են սխալ, իսկ նրանք, ովքեր կարող էին օգնել, բայց չեն օգնել, ովքեր մի բան պէտք է անէին՝ չեն արել, ովքեր այս պայքարից հրաժարւել են տարբեր պատճառներով, դարձան ճի՞շտ»,- ասաց Իշխան Սաղաթէլեանը։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
-Ադրբեջանի հետ քննարկւող փաստաթուղթը հայկական կողմի համար որեւէ դրական դրոյթ չի պարունակում։ Այն փաստաթուղթը, որի անունը դրել են «խաղաղութեան պայմանագիր», խաղաղութեան հետ որեւէ կապ չունի։ Դա Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ կնքւող փաստաթուղթ է։ Սա մի փաստաթուղթ է, որով Ադրբեջանը ձգտում է լեգիտիմացնել նախկինում ուժի կիրառմամբ ձեռք բերւած ՀՀ տարածքները եւ որեւէ կերպ չի զսպում նրանց ախորժակը։
-Երկու կողմերի առաջարկներն էլ երեւում են այն փաստաթղթում, որը մեր պատգամաւորները տեսել են, սակայն Ադրբեջանը մերժել է հայկական կողմի բոլոր առաջարկները։
-Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինեանը, իսկ Արցախը հայաթափւել է Էրդողան-Ալիեւ-Նիկոլ Փաշինեան միասնական ջանքերով։
Բաւականին հաւանական տեսակէտ է այն, որ Նիկոլ Փաշինեանը, երկիրը կրկին ներքաշելով պայմանաւորւած պատերազմի մէջ, արդիւնքում կը ստորագրի Ալիեւի պայմաններով փաստաթուղթը։
-Նիկոլը ո՛չ Հիւսիս է գնում, ո՛չ Արեւմուտք, նրա արտաքին քաղաքական վեկտորն ուղղւում է դէպի Թուրքիա։
-Եթէ ընդդիմութիւնն իր գլխաւոր ուղղութիւնները պահում է, աշխատում է մեր ժողովրդի հետ, բայց զուգահեռ ներառում է քաղաքացիներին յուզող այլ խնդիրներ, դա պէտք է ընկալել՝ որպէս պայքարի ընդլայնում։ Բայց եթէ ընդդիմութիւնը հեռանայ իր գլխաւոր նպատակից, համագործակցի սրանց հետ, կը դառնայ Նիկոլ։
-Դաշտը շատ լայն է, բոլոր ուղղութիւններով պարտաւոր ենք աշխատել, հասարակութեանը յուզող բոլոր հարցերին պատասխանել, ցոյց տանք, որ սրանք չարիքի իշխանութիւն են։
-Կառավարութիւնը կեղեքում է գործարարներին, ոչ նպաստաւոր հարկային պայմաններ է ստեղծում նրանց համար, հիմա այս հարցի մասին ԱԺ ամբիոնից պիտի խօսւի՞, թէ՞ չէ։
-Մեզ աղերսում են վերադառնալ ու ստանձնել բոլոր այն պաշտօնները, որոնք վերապահւած են ընդդիմութեանը, որովհետեւ դրսից իրենց նեղում են արդէն։ Իշխանութիւնն այս խնդիրը լուծելու համար մեզ խնդրում է վերադառնալ ու ստանձնել այդ պաշտօնները։ Մեր պատասխանը միանշանակ «ոչ» է։
-Խմբակցութիւնում կան նաեւ պասիւ պատգամաւորներ, եւ դա շատ բնական է։ Բոլորը նոյն գիտելիքներն ու հմտութիւնները չունեն։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է պրոբլեմը, որ մեր պատգամաւորները գնում են խորհրդարան ու հարցեր են բարձրացնում։
-Նիկոլից պէտք է ազատւել։ Եթէ վաղը պահանջեցինք Ալէն Սիմոնեանի հրաժարականը, եւ եթէ ՔՊ-ից 18 հոգի չմիանան մեզ, բնական է, որ ցանկացած նախաձեռնութիւն տապալւելու է։
-Վաղը այս մարդիկ, նոյն Ալէն Սիմոնեանն ու Նիկոլ Փաշինեանը դնելու են հայոց այբուբենի փոփոխութեան հարցը։ Ասելու են՝ մեր այբուբենը հին է, 1600 տարւայ, չի համապատասխանում մեր պետութեանը, բացի դրանից, Մեսրոպ Մաշտոցն էլ Հայաստանում չի ապրել, վտանգում է մեր անվտանգութիւնը։ Ու, ասենք, կարող են Դանիէլ Իոաննիսեանին յանձնարարել նոր այբուբեն գրել։ Սրանք մեզ ուզում են կտրել մեր արմատներից։
-Այս մարդիկ Թուրքիայի ու Ադրբեջանի խամաճիկ իշխանութիւններ են։
-Ում-ում, բայց «ի՞նչ էք արել» հարցը ինձ չպէտք է տալ։ Դուրս ենք եկել, կռիւ ենք տւել, ուրիշների պէս մենակ ստատուս չենք գրել… Վերջին 3 տարւայ մէջ ընդդիմութիւնը հանդէս է եկել 3 նախաձեռնութիւններով՝ Հայրենիքի փրկութեան շարժում, ընտրութիւններ, Դիմադրութեան շարժում։ Բացթողումներ ունեցել ենք, ձախողել ենք, բայց մեր պայքարի մէջ ազնիւ ու անկեղծ ենք եղել։
Ովքեր իրենց վրայ պայքարի պատասխանատւութիւն են վերցրել, այսօր դարձել են սխալ, իսկ նրանք, ովքեր կարող էին օգնել, բայց չեն օգնել, դարձան ճի՞շտ։
-Իմ դէմ օգտագործում են «Բարձրախօսը վերցրել էր, չէր տալիս» թէզը, բայց էդ բարձրախօսը վերցնելու պատասխանատւութիւն ոչ ոք իր վրայ չի վերցրել։ Ես չեմ վախեցել, վերցրել եմ։ Ո՞ւր են բարձրախօս վերցնողները, բարձրախօսն ազատ է, թող վերցնեն։ Բայց չեն վերցնելու, էլի մենք ենք վերցնելու, Նիկոլին էլ մենք ենք լարելու:
-Ինչի՞ էք կռւում ընդդիմութեան դաշտի լիդերութեան համար։ Իմա՞ստը։ Իմ մօտ յաճախ տպաւորութիւն է, որ կռւում են ոչ թէ Նիկոլի տեղի համար, այլ խորհրդարանական ընդդիմութեան:
-Հայաստանին սպասում են հետեւեալ իրադարձութիւնները՝ Սահմանադրութեան փոփոխութիւն, արտահերթ ընտրութիւններ, «խաղաղութեան պայմանագրի» կնքում։ Ընդդիմութիւնն այսօրւանից պէտք է պատրաստ լինի դրան։ Չեմ կարծում, որ Նիկոլը կը գնայ հանրաքւէի, բայց եթէ նման բան լինի, սահմանադրական հանրաքւէն պէտք է վերածել Փաշինեանին անվստահութիւն յայտնելու հանրաքւէի։ Եթէ պայմանագիր ստորագրելու գնայ, ստորագրումից մինչեւ վաւերացում բաւականին ընթացք է։ Պէտք է օգտագործել այդ ժամանակն ու Նիկոլին իր փաստաթղթով ուղարկել գրողի ծոցը։ Արտահերթ ընտրութիւնների սցենարը նոյնպէս հաւանական է։ Չի բացառւում, որ վերջին երկուսը միաժամանակ փորձեն անել։
-Պէտք է նախապատրաստւել, օրակարգ մէջտեղ բերել ու գնալ դիմադրութեան ճանապարհով, պէտք է գնալ այդ ուղղութեամբ։
-Թրիգերի պէտք չէ սպասել, պէտք է նախապէս ծրագրել անելիքները, որ չհասնի դրան։
-Փետրւարի 10-ից յետոյ ՀՅԴ-ն, վստահ եմ, նաեւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն այցելելու են մարզեր, մարդկանց բացատրելու են իրավիճակը։ Սա չպիտի կարողանայ ժողովրդին խաբի, Հայաստանի կապիտուլիացիան ներկայացնի՝ որպէս ձեռքբերում։ Սա մենք պէտք է գիշեր-ցերեկ ժողովրդին բացատրենք։
-Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին կէտը հայ ժողովրդին ոչնչացնելն է։
-Այն, ինչ Նիկոլ Փաշինեանն անում է Սփիւռքի հետ, նոր ծաւալի սրիկայութիւն է։ Սա եւս Թուրքիայի պահանջն է, որովհետեւ տարիներ շարունակ Ցեղասպանութեան հետեւանքով ձեւաւորւած Սփիւռքն առնւազն նեղութիւն էր պատճառում Թուրքիային։ Որեւէ ՔՊ-ական, եթէ նկատել էք, չի ասում՝ «յարգելի հայրենակից», որովհետեւ հայրենակիցը միայն ՀՀ քաղաքացին չէ, այլեւ սփիւռքահայն է։
-Ոչ միայն պատրաստ ենք մեր տեղը զիջել ընդդիմադիր լիդերութեան համար, այլեւ փնտրտուքների մէջ ենք։ Փողոցային պայքարը ժելեած մազերով ու բաբըչկայով պայքար չէ։ Դու պէտք է կարողանաս ընկնել ու վեր կենալ։ Կեղծ պատկեր են ստեղծել, որ մենք թոյլ չենք տալիս ուրիշներին պայքարել։
-Մեզ ոմանք ասում են՝ ֆանարիկով երթ էիք անում։ Ֆանարիկով երթ անելու համար 150 հոգի մա՞րդ են բռնում։ Գայիք, դուք էլ ծեծ ուտէիք, պախկւում էք համակարգչի յետեւն ու բան էք պահանջում։
-Ես միշտ կողմ եմ բաց զրուցել, պարզել՝ ով էր ցոյց կազմակերպողն ու ցրողը։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ դա մեզ ի՞նչ է տալու։ Դրանից յետոյ ընդդիմադիր դաշտում լիքը մարդ պատերի տակով պէտք է ման գայ, չի կարողանալու հարցազրոյցների գնալ։ Բայց արդեօք դա հիմա մեզ պէ՞տք է։
-Վերջապէս եկէ՛ք հասկանանք՝ ով է ընդդիմութիւն՝ անուններով, որովհետեւ ինձ համար տարօրինակ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժը նստում հրապարակային քննադատում է ընդդիմութեանը։ Երբ լուրջ դէմքով գալիս, նստում են ու սկսում ընդդիմութիւնից խօսել, ընկե՛ր ջան, դու էլ ես կուսակցութեան ներկայացուցիչ, գնա՛յ, մեզնից լա՛ւ արա։
-Ընդդիմութիւնը պէտք է վե՛րջ տայ մէկը միւսին հարւածելու, իրար ոչնչացնելու քաղաքականութեանը։ Դրանից իրենք չեն ուժեղանալու, այլ այս չարիքի իշխանութիւնը։
-Բոլորը պահանջում են գործողութիւններ. դրանք պէտք է լինեն, բայց փողոց դուրս գալուց առաջ տնային աշխատանքը պէտք է ամբողջութեամբ անել։