Տիգրան Աբրահամեան. «Ուղիղ ասում են՝ Արցախն Ադրբեջան է, Արցախը սպառնալիք է, իսկ Արցախի յանձնումը փորձում են ներկայացնել որպէս փրկութիւն»
ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արցախի վերաբերեալ, վերջին օրերին ՀՀ գործող իշխանութիւնների տարբեր ներկայացուցիչների յայտարարութիւններին:
«Իշխանութեան տարբեր ներկայացուցիչների` Արցախի հետ կապւած տարբեր ապազգային, հակահայ, դաւաճանական յայտարարութիւնները միայն գալիս են ամրապնդելու այն մօտեցումը, որ իշխող ուժը Արցախի խնդրով զիջումների է գնացել, յանձնել ոչ միայն Ադրբեջանին սիրաշահելու եւ զիջում մատուցելու համար, այլ որ նաեւ այդ հարցում գաղափարապէս համախոհ է ադրբեջանցիների հետ:
3-4 տարի Արցախի ինքնորոշման իրաւունքը կառավարութեան ծրագրերով, բիւջէով, նախընտրական ծրագրով ամրագրածներն այսօր այնպիսի դէմքի բութ արտայայտութեամբ են խօսում Արցախի մասին, որ կարծես իրենք չէին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում ողջ ուժով գոռում՝ «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ»:
Երբ ժամանակին շատերս խօսում էինք այն մասին, որ սրանք եկել են Արցախը յանձնելու, հեկեկալով հերքում էին:
Իսկ հիմա չեն էլ ասում, թէ չի ստացւել, չկարողացանք, ուղիղ ասում են՝ Արցախն Ադրբեջան է, Արցախը սպառնալիք է, իսկ Արցախի յանձնումը փորձում ներկայացնել որպէս փրկութիւն»,- գրել է նա: