Յանցաւոր համաձայնութիւն
2022 թւականի հոկտեմբեր՝ Փաշինեանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը: Ադրբեջանը շրջափակում է Արցախը:
2023 թւականի մայիս՝ Փաշինեանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանութիւնն Արցախի նկատմամբ: Ադրբեջանն Արցախի շրջափակումը վերածում է պաշարման՝ 120 հազար հոգու դատապարտելով սովամահութեան: Հայաստանի իշխանութիւնների արձագանգն, իր ազդեցութեամբ, նման էր ամլիկ գառան մայոցին:
2023 թւականի սեպտեմբերի 1-ին անօգնական եւ անօգուտ Արայիկ Յարութիւնեանը, Բաքւի (չեմ բացառում, որ նաեւ Երեւանի) սպառնալիքի տակ հրաժարական է տալիս:
Արցախի քաղաքական ուժերը «կոնսենսուս՝ մինուս Սեամօ (Սամուէլ Բաբայեան, առաւել յայտնի է «Իժօ» մականունով)» սկզբունքով նոր իշխանութիւն են ձեւաւորում: Հայաստանի կողմից դաւաճանւած արցախցիները փորձում են Բաքւի հետ որոշ կոնտակտի գնալ՝ մարդասիրական հարցեր կարգաւորելու համար:
Հայաստանում իրենց արմատական կոչող որոշ խմբակներ, բնածին տկարամտութեան եւ/կամ ՀՀ իշխանութիւնների պասով, սկսեցին քննադատել Արցախի իշխանութիւններին: Փաշինեանը չբարեհաճեց ո՛չ շնորհաւորել, ո՛չ զօրակցել Արցախի Հանրապետութեան նորընտիր նախագահին:
Փաշինեանի պահւածքն ազդակ էր Ալիեւին: Արցախը միայնակ ու դաւաճանւած էր: Յարձակւելու համար աւելի յարմար պահ էլ կարող էր չլինել: Պահն իդէալական էր նաեւ Փաշինեանի համար. իշխանափոխութեանը հետեւեց Ադրբեջանի գրոհը: Նա կարող էր մեղադրել Արցախի «նորերին» ու թափանցիկ ակնարկներով հայաստանցիներին վախեցնել, թէ ինչ կարող է լինել, եթէ Հայաստանում էլ իշխանութիւն փոխւի:
Ու եղաւ ինչ եղաւ՝ Ալիեւը յարձակւեց, Փաշինեանն առիթից օգտւեց ու մեղադրեց «նորերին» իր պահած, գուրգուրած ու պաշտպանած Արցախը յանձնելու, Արցախի Հանրապետութիւնը լուծարելու մէջ…. բա՞ իր թիմակիցները: Մի կողմից լալահառաչ ողբում էին, միւս կողմից, իրար հերթ չտալով, Ալիեւ պապային վստահեցնում, որ Ղարաբաղի էջը փակւած է:
Իսկ հիմա, երբ Սամուէլ Շահրամանեանը յստակ հասկացնում է, որ իր ստորագրած թուղթն իրաւական հիմք չունի եւ ստորագրւել էր 120 հազար հայ փրկելու համար, մենակ տեսնէք, թէ որոշ ՔՊ-ականներն ինչ վնգստոց են դրել, թէ Արցախը, կը ներէք՝ Լեռնային Ղարաբաղը, կործանեցին հիմա ուզում են Հայաստանն էլ կործանել:
Այսքանից յետոյ գնալով աւելի եմ համոզւում, որ Արայիկին ոչ միայն Բաքւից են սպառնացել….
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր