ՅԻՇԵՆՔ ԵՒ ԱՂՕԹԵՆՔ, ՉԸՆԿՐԿԵՆՔ ԵՒ ՊԱՅՔԱՐԵՆՔ…
Մէկ տարի առաջ այս օրը՝ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից մեկնարկեց լայնամասշտապ ռազմական ագրեսիա ընդդէմ Արցախի Հանրապետութեան:
Ադրբեջանական հերթական ագրեսիան հետեւեց 2022 թւականի դեկտեմբերի 12-ից սկսւած Արցախի ամբողջական շրջափակամանը, ինչի արդիւնքում արցախահայութիւնը ենթարկւեց հումանիտար աղէտի:
Ռազմական գործողութիւնների առաջին իսկ ժամից ակնյայտ էր, որ թշնամին ցանկանում է իրականացնել էթնիկ զտումներ՝ վերջնականապէս հայաթափելով Արցախը:
Եւ թէեւ Արցախի ուժասպառ եղած Պաշտպանութեան բանակը ծանր մարտերի ընթացքում հերոսական դիմադրութիւն ցուցաբերեց թշնամու մի քանի անգամ գերազանցող ուժերին, այնուամենայնիւ արցախահայութեանը վերահաս կոտորածից փրկելու համար, Արցախի Հանրապետութեան ղեկավարութիւնը ստիպւած եղաւ ընդունել ռազմական գործողութիւնները դադարեցնելու համար թշնամու պարտադրած պայմանները, որին հետեւեց արցախահայութեան տեղահանութիւնը եւ Արցախի վերջնական հայաթափումը:
Տխուր է, բայց անհերքելի փաստ, որ այս բոլորը տեղի ունեցաւ ՀՀ գործող իշխանութիւնների յանցաւոր եւ անտարբեր հայեացքի ներքոյ: Հայաստանին պատերազմի մէջ չներքաշելու կեղծ պատրւակով, նրանք ոչ մի քայլ չձեռնարկեցին պաշտպանելու արցախահայութեանը: Դեռ աւելին, արդէն Հայաստանում՝ արցախահայութիւնը նոր զրկանքների, անիրաւութիւնների, նպատակային խտրական վերաբերմունքի թիրախ դարձան, որն անմիջականօրէն ուղղորդւում էր /եւ շարունակւում է ուղղորդւել/ ՀՀ իշխանութիւնների կողմից:
Այսօր պահն է յիշելու եւ խնկարկելու այն բոլոր հայորդիների յիշատակը, որոնք ընկան դաժան այդ օրերին՝ հայրենիքի պաշտպանութեան խրամատներում կամ գաղթի ճանապարհին: Պահն է նաեւ չհիասթափւելու, գօտեպնդւելու եւ նոր աւիւնով պայքարը շարունակելու:
Պահը օրհասական է, պատերազմն աւարտւած չէ: Այն թակում է իւրաքանչիւր հայ մարդու տան դուռը: Հայոց պետականութիւնը կանգնած է լինել-չլինելու մարտահրաւէրի առջեւ:
Եւ նման պայմաններում մենք զգօնութիւնը կորցնելու, ընկրկելու, երեւակայական «խաղաղութեան» մասին սին խոստումներին հաւատալու իրաւունքը բացարձակապէս չունենք:
Յիշե՛նք, մենք դեռ կռիւ ունենք տալու, մենք հայրենիք ունենք պաշտպանելու, մենք հայրենի հող ունենք վերադարձնելու:
Մենք պարտք ենք ապագայ սերունդներին: Չմնանք գլխիկոր ու ամօթով գալիք սերունդների եւ պատմութեան առջեւ:
ԽՄԲ.