Տիգրան Աբրահամեան. «Այսօր էլ Զինւած ուժերի ռազմական պոտենցիալի հիմնական մասը ձեւաւորւել է մինչեւ 2018 թւականը»
Տիգրան Աբրահամեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է.
«Ալիեւն իր ելոյթում նախօրէին կրկին յիշել էր 2020 թւականի 44-օրեայ պատերազմն ու Արցախի նկատմամբ իրականացրած վերջին ագրեսիան, որի հիմքում այս անգամ Հայաստանի ու Արցախի մեծածաւալ սպառազինութեան եւ զինտեխնիկայի թեման էր:
Ալիեւը հարց էր յղում` որտեղի՞ց հայկական կողմին 6 մլրդ. դոլարի սպառազինութիւն, ռազմական տեխնիկա ու պատասխանում, որ դա այլ երկրներ են նւիրաբերել:
Իհարկէ Ալիեւն անդրադարձաւ բացառապէս այն տեխնիկային, որը 2020-23 թւականների ընթացքում կա´մ խոցել են, կա´մ պատերազմական գործողութիւնների հետեւանքով անցել ադրբեջանցիների վերահսկողութեան տակ:
Թէ ինչքան զէնք-զինամթերք կամ սպառազինութիւն ունի ՀՀ ՊՆ-ն ամբողջութեամբ մէջ, բնականաբար դրա թւերը չունեն կամ չհնչեցւեցին:
Հայաստանը մինչեւ 2018-ը, տարբեր պայմանագրերի եւ պայմանաւորւածութիւնների շրջանակներում ստացել է մեծածաւալ ռազմական աջակցութիւն` գերակշիռ մասը ՌԴ-ից, սակայն զուգահեռ, անգամներով մեծ, խոշոր ռազմական գնումներ արել:
Նախագահ Սերժ Սարգսեանն այս թեմայով մի քանի անգամ հպանցիկ ակնարկել է՝ առանց մասնաւորեցնելու, թէ ե՞րբ, ո՞ւմ հետ եւ ի՞նչ պայմաններում է մեծ ծաւալի ռազմական մատակարարումներ իրականացւել:
Ի դէպ, այսօր էլ Զինւած ուժերի ռազմական պոտենցիալի հիմնական մասը ձեւաւորւել է մինչեւ 2018 թւականը, այլ բան է, որ դրա մասին Հայաստանի նախկին նախագահները, պաշտպանութեան նախարարները ընդհանուր գծերով են խօսել, որովհետեւ այն իր մէջ պետական եւ ռազմական բնոյթի գաղտնի տեղեկութիւններ էր պարունակել:
ՀՀ գործող իշխանութիւնը մսխել է այդ պոտենցիալի մի էական հատւած, այդ թւում` թշնամուն յանձնելու միջոցով, սակայն այսօր էլ այդ մնացած ռեսուրսներն են, որ Զինւած ուժերին հնարաւորութիւն են տալիս մարտական հերթապահութիւն իրականացնել, տարբեր ուղղութիւններում, ըստ իրադրութեան, մարտական առաջադրանքներ լուծել»: