Ստեֆան Շեննախ. «Հայաստանում իրավիճակը յիշեցնում է քաղաքական բռնաճնշումներ»

«ԱԼԻՔ» – «Դա նման է քաղաքական բռնաճնշումների»: Alpha News-ի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել ԵԽԽՎ աւստրիացի պատգամաւոր Ստեֆան Շեննախը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծւած քաղաքական իրավիճակին եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից դատական համակարգի գործունէութեանը միջամտելու հետեւանքով ժողովրդավարական նորմերի խախտմանը։
«Տեղի ունեցաւ կառավարութեան փոփոխութիւն, պարտութիւն Ադրբեջանի հետ պատերազմում։ Ակնյայտ է, որ ընդդիմութիւնը վարչապետին պատասխանատու է համարում այս պարտութեան համար, եւ դա միանգամայն հասկանալի է։ Ցանկացած ժողովրդավարական երկրում պէտք է երաշխաւորւած լինի խօսքի ազատութիւնը, եւ Հայաստանի կառավարութիւնը եւս պարտաւոր է յարգել այդ իրաւունքը։ Չի կարելի պատժել քննադատութեան համար քաղաքական բռնաճնշումներով եւ մարդկանցից խլել իշխանութեան հասցէին իրենց կարծիքն ու քննադատութիւնն արտայայտելու իրաւունքը»,- նշել է Շեննախը։
Նա նաեւ յաւելել է, որ պատերազմը ձախողման էր դատապարտւած՝ հաշւի առնելով, որ Ադրբեջանը աջակցութիւն էր ստացել Թուրքիայից։
«Հակամարտութեան աւարտից յետոյ Հայաստանը թուլացաւ։ Եւրոպայի Խորհուրդը պէտք է աջակցութիւն ցուցաբերի Հարաւային Կովկասի երեք երկրներին։ Մենք պէտք է օգնենք Վրաստանին վերադառնալ ժողովրդավարութեանը, օգնենք Հայաստանին գտնել ճանապարհ դէպի ազատ եւ ժողովրդավարական կեանք, որտեղ կապահովւի խօսքի ազատութիւնը։ Ամենավատ օրինակն Ադրբեջանն է, որտեղ բանտերը լի են քաղբանտարկեալներով, իսկ ժողովրդավարութիւնը չափազանց թոյլ վիճակում է։ Տարածաշրջանի միւս բոլոր երկրներն այդ ֆոնին աւելի բարւոք վիճակում են»,- նշել է նա:
«Ադրբեջանը դուրս է եկել ԵԽԽՎ-ից, Հայաստանը դեռ ԵԽԽՎ անդամ է։ Յոյս ունեմ, որ կունենանք յստակ առաքելութիւն եւ կառուցողական բանավէճեր հայկական հարցի շուրջ, քանի որ հիմա վտանգի տակ են ժողովրդավարութեան հիմնարար սկզբունքները։ Սա լուրջ խնդիր է ԵԽԽՎ-ի համար, յատկապէս, եթէ երկիրը շարունակում է մնալ ԵԽԽՎ անդամ»,- եզրափակել է Շեննախը: