Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Նիկոլն արդէն յանձնել է ադրբեջանցիների պահանջած՝ այսպէս կոչւած անկլաւները»
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագէտ Հրանտ Մելիք–Շահնազարեանը, արձագանգելով Նիկոլ Փաշինեանի երէկւայ ասուլիսում հնչեցրած յայտարարութիւններին, «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է.
«2021 թ. յունւարի 2-ին ադրբեջանցիները մտել են Սիւնիքի մարզի Շուռնուխ գիւղ եւ պահանջել, որ տեղի բնակիչները դուրս գան իրենց տներից։ Շուռնուխցիների համար անսպասելի է եղել թշնամու յայտնւելը։ Մարդիկ իրենց առօրեայ հոգսերով էին զբաղւած, մտքներով էլ չէր անցնում, որ յաջորդ պահին կարող են անտուն եւ անհայրենիք մնալ։
Գիւղացիներին ոչ ոք չէր ասել, որ իրենց տները «ՀՀ տարածքում չեն», որ ինչ-ինչ քարտէզներում «Շուռնուխն Ադրբեջանի կազմում է» եւ ընդհանրապէս, որ «գիւղի անունն էլ ոչ թէ Շուռնուխ, այլ Էյւազլի է»։ Հայաստանում դրա մասին ոչ ոք չգիտէր՝ բացառութեամբ դաւաճան իշխանութիւնների, որոնք փաստացի հայրենիքի այդ հատւածը՝ բնակիչներով հանդերձ, յանձնեցին թշնամուն։ Լաւ է՝ մարդիկ գոնէ կարողացան դուրս գալ բնակավայրի՝ թշնամուն փոխանցւած հատւածից։
Վաղը նոյնը լինելու է նաեւ Տաւուշի մարզում։ Նիկոլն արդէն յանձնել է ադրբեջանցիների պահանջած՝ այսպէս կոչւած անկլաւները։ Նա ուղիղ եթերում է արել դա այսօր՝ յայտարարելով, թէ ՀՀ տարածքում նման բնակավայրեր չկան։ Չեմ զարմանայ, եթէ պարզւի, որ զինւած ուժերն էլ են արդէն հեռացւած սահմանից։ Հետեւաբար վտանգի տակ է ոչ միայն մեր Հայրենիքի այդ հատւածը, այլեւ այնտեղ բնակւող մեր բազում հայրենակիցները։ Իսկ եթէ զօրքն այնուամենայնիւ դեռ կանգնած է սահմանում, ուրեմն վտանգւած են նաեւ զինւորականները։ Որովհետեւ առաջ գալով՝ թշնամին յղւելու է հէնց Նիկոլի խօսքերին՝ ասելով, թէ ի՞նչ գործ ունեն հայ զինւորներն Ադրբեջանի տարածքում։ Չէ՞ որ Նիկոլն արդէն յայտարարել է, որ այդ գիւղերը ՀՀ տարածքում չեն»։