Հրայր Բալեան. «Արեւմուտքը փորձում է այստեղ ռուսաստանի դէմ 2-րդ ճակատ բացել, զոհը մենք ենք լինելու»

168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտութիւնների կարգաւորման մասնագէտ, իրաւագիտութեան դոկտոր Հրայր Բալեանին։
Ամերիկահայ յայտնի կոնֆլիկտաբան, միջազգային իրաւունքի, միջազգային հակամարտութիւնների կարգաւորման եւ բանակցութիւնների մասնագէտ (Conflict Resolution, International Law, Mediation), իրաւագիտութեան դոկտոր Հրայր Բալեանը եղել է ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի ելոյթների հեղինակներից, նա 2008-2022 թթ. եղել է «Քարտեր կենտրոնի» (The Carter Center) Հակամարտութիւնների լուծման ծրագրի տնօրէնը:
Հրայր Բալեանը վերահսկելով ծրագիրը՝ մոնիթորինգի է ենթարկել ամբողջ աշխարհում առկայ հակամարտութիւնները եւ համակարգել այդ կենտրոնի միջծրագրային ջանքերը Մերձաւոր Արեւելքում: Նա նաեւ դասաւանդել է Էմորի համալսարանի իրաւաբանական դպրոցում (Emory University School of Law):
1991 թւականից ի վեր Հրայր Բալեանն աշխատել է Բալկաններում, Արեւելեան Եւրոպայում, նախկին Խորհրդային Միութիւնից անկախացած պետութիւններում, Մերձաւոր Արեւելքում եւ Աֆրիկայում՝ ծառայելով միջկառավարական կազմակերպութիւններում (ՄԱԿ եւ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւն (the United Nations and the Organization for Security and Cooperation in Europe)) եւ ոչ կառավարական կազմակերպութիւններում («Միջազգային ճգնաժամային խումբ» եւ այլն (International Crisis Group and others)):
Նա աշխատել է ընտրութիւնների կազմակերպման եւ վերահսկողութեան, մարդու իրաւունքների եւ հակամարտութիւնների լուծման ոլորտներում:
Հրայր Բալեանը ստացել է իրաւագիտութեան դոկտորի աստիճան Սան Ֆրանցիսկոյի «Ոսկէ դարպաս» համալսարանում (Golden Gate University in San Francisco):
2009 թւականի մայիսին Նոր Անգլիայի կոլէջը (New England College) Հրայր Բալեանին շնորհել է իրաւունքի դոկտորի աստիճան՝ պատւոյ աստիճան՝ «ողջ կեանքի ընթացքում բոլոր ժողովուրդների արժանապատւութեանը, յարգանքին եւ ինքնորոշմանը նւիրւածութեան» եւ «միջազգային հակամարտութիւնները լուծելու անզիջում ջանքերի» համար:
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
– Աբու Դաբիում Փաշինեան-Ալիեւ հանդիպման մասին. ես չգիտեմ՝ հայ-ադրբեջանական բանակցութիւնների ժամանակ ի՞նչ պայմաններ ու պահանջներ են դրւում։ Դրա մասին չի խօսւում։
– Ադրբեջանի համար չկայ փոխզիջում.Հայաստանից նրանք միայն զիջումներ են ուզում՝ սահմանազատում, «Զանգեզուրի միջանցք», Սահմանադրութեան փոփոխութիւն, միջազգային հայցերի յետկանչ, եւ այլն, եւ այլն։ 17 կէտերից բաղկացած «Խաղաղութեան համաձայնագրում» յայտնի չէ՝ ինչ առեւտուր է տեղի ունեցել։ Յուսամ՝ Հայաստանը կը դիմադրի Ադրբեջանի այդ պահանջներին։
– Ինձ համար շատ կարեւոր է Բաքւի բանտերում գտնւող գերիների հարցը։ Ես որեւէ տեղեկութիւն չունեմ՝ Հայաստանի իշխանութիւնը գերիների հարցով ինչ-որ բան անո՞ւմ է, թէ՞ չէ։ Կարող եմ միայն յուսալ, որ գերիների վերադարձի հարցը բանակցութեան մաս է։ Բայց եթէ Բաքւի բանտերում գտնւող հայ գերիների հարցը չի քննարկւում, ի՞նչ խաղաղութեան մասին է խօսքը։
– Երկար տարիներ է, որ Ադրբեջանը Երեւանն անւանում է՝ Էրիւան ու համարում իրենը, խօսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին… Այդ դէպքում Բաքւի հայերն էլ պէտք է վերադառնան Բաքու, արցախահայերը պէտք է վերադառնան Արցախ… Ինչո՞ւ Հայաստանի իշխանութիւններն այս հարցն առաջ չեն բերում: Չէ՞ որ վերադարձի իրաւունքը միջազգային իրաւունք է։
– Այսպէս կոչւած՝ «Զանգեզուրի միջանցք»-ը ես նախընտրում եմ անւանել «Մեղրիի միջանցք»։ Ադրբեջանը ներկայացնում է իր պահանջները, իսկ Հայաստանն ինչո՞ւ չի պահանջում Թուրքիայից դէպի Տրապիզոն 90 տարով ծովային միջանցքի վարձակալում, որ ելք ունենանք դէպի ծով, ինչո՞ւ չի պահանջում Ադրբեջանով ճանապարհ դէպի Ռուսաստան, Նախիջեւանով ելք դէպի Իրան։ Բոլոր ճանապարհները պէտք է բացւեն, ոչ միայն Զագեզուրի կամ Մեղրիի միջանցքը։
– Պարտւած ղեկավարը պէտք է հրաժարական տայ։ Սա ընդունւած եղանակ է աշխարհում, պատմութեան մէջ։ Հայաստանի ղեկավարը պարտութիւնից յետոյ մնաց, բայց գոնէ թող արդիւնաւէտ բանակցէր, առանց միայն զիջելու…
– Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրութիւնը փոխւի, ՀՀ իշխանութիւնները համաձայնութիւնը տւել են, որ փոխելու են: Բայց Ադրբեջանի Սահմանադրութեան մէջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Յուսամ՝ բանակցութիւնների ժամանակ Հայաստանը կը պահանջի նաեւ Ադրբեջանի Սահմանադրութիւնը փոխել։ Այո՛, Հայաստանը պարտւած երկիր է, բայց պարտւած երկիրն էլ կարող է պահանջներ ներկայացնել։
– Հայաստանն այսօր վտանգի տակ է։ Եթէ չբանակցենք՝ վտանգի տակ է, բանակցենք՝ նոյնպէս վտանգի տակ կարող է լինել՝ կախւած նրանից, թէ Հայաստանի իշխանութիւններն Ադրբեջանի կողմից ներկայացւած ինչ նախապայմաններ ու պահանջներ են ընդունում։
– 30 տարուց աւելի Մինսկի խմբի համանախագահները հաւասարակշռում էին բանակցութիւնները։ Այդ բանակցութիւնները տեղ չհասան։ Երբ 3-րդ կողմ է մասնակցում բանակցութիւններին, յաճախ նաեւ իր շահերն է առաջ մղում ու կարող է թոյլ կողմին աւելի թուլացնել, կամ իր շահերը նաեւ առաջ բերել։ ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական բանակցութիւններում ըստ երեւոյթին առաջարկում է, որ ամերիկեան իբրեւ թէ անկախ մասնաւոր ընկերութիւն վերահսկի այդ ճանապարհը, այսպէս կոչւած՝ «Զանգեզուրի միջանցք»-ը։ Բայց այդ կազմակերպութիւնն ո՞ւմ շահերն է պաշտպանելու։ Արդեօ՞ք այդ ընկերութիւնը տարածաշրջանից Իրանին ու Ռուսաստանին դուրս մղելու յանձնառութիւն չի ունենալու։ Գազայում էլ կայ նման ամերիկեան կազմակերպութիւն՝ ամերիկեան մասնաւոր անվտանգութեան եւ լոգիստիկ ընկերութիւն։ Ի՞նչ են անում… Մարդ են սպանում, Իսրայէլի գործառոյթն են կատարում։ Ես տեղեկութիւն չունեմ՝ ամերիկեան ի՞նչ մասնաւոր ընկերութեան մասին է խօսքը, որին ուզում են արտապատւիրակել «Զանգեզուրի միջանցք»-ի վերահսկողութիւնը, հարցնում եմ՝ ի՞նչ նպատակով է ամերիկեան կազմակերպութիւնը գալու այստեղ։
Յիշեցնենք, որ Գազայի հումանիտար հիմնադրամը (GHF) օգտագործում է ամերիկեան մասնաւոր անվտանգութեան եւ լոգիստիկ ընկերութիւններ՝ Գազա օգնութիւն հասցնելու համար։
Յիշեցնենք նաեւ, որ «Ազատութիւն» ռ/կ հետ զրոյցում ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարեանը յայտարարել է, թէ սկզբունքների՝ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ իրաւազօրութեան, պահպանման դէպքում Հայաստանը դէմ չէ Սիւնիքի ճանապարհի արտապատւիրակմանը։ Շատ մանրամասներ հայկական կողմը չի բացայայտում, միայն ասւում է, որ կան տարբեր առաջարկներ, եւ Հայաստանը դրանք դիտարկում է։
Օրերս նմանատիպ առաջարկի առկայութեան մասին էր գրել Carnegie Politika-ի իր յօդւածում վերլուծաբան Օլեսիա Վարդանեանը՝ յղում անելով երկու օտարերկրեայ դիւանագէտների եւ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երեւանին ու Բաքւին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ կապող ճանապարհի մասին։
– Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնն արդէն ուժ չունի, որովհետեւ նրա գլխաւոր առարկան՝ Արցախը, այլեւս գոյութիւն չունի։ Այդ յայտարարութեան հիման վրայ «Զանգեզուրի միջանցք»-ի բացման յանձնառութիւնը չպէտք է ստանձնել։ Այլ հարց է, եթէ նոր համաձայնագիր կնքւի։
– Այն, ինչ տեղի ունեցաւ Արցախում, էթնիկ զտում էր, հայաթափում եւ ցեղասպանութիւն։ Բաւականաչափ փաստեր կան, որոնք փաստում են՝ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանութիւն էր։
– Այսօր ամբողջ աշխարհը թքած ունի միջազգային իրաւունքի վրայ։
– Պէտք է ընդունել, որ Մինսկի խումբը գոյութիւն չունի, որովհետեւ կրկին՝ գոյութիւն չունի նրա ստեղծման իմաստը՝ Արցախը։ Մինսկի խմբի փակման հարցն ինձ համար անհեթեթ հարց է, գոյութիւն չունեցող մի բան։
– Եթէ համաձայնութիւն կայ «Խաղաղութեան համաձայնագրի» բոլոր 17 կէտերի շուրջ, ինչո՞ւ այն չեն հրապարակում։ Բանակցութիւնների ընթացքում գաղտնապահութիւնը պէտք է, բայց մինչեւ որոշ ժամանակ։ Հիմա այլեւս պէտք է հրապարակեն «Խաղաղութեան համաձայնագրի» տեքստը։ Ժողովուրդն իրաւունք ունի իմանալ՝ ի՞նչ է իրեն սպասւում։
– Բանակցութիւնները չպէտք է դադարեն, բայց հէնց բանակցութիւնների ընթացքում Հայաստանը պէտք է պահանջի, որ բոլոր 23 գերիներն անյապաղ ազատ արձակւեն առանց նախապայմանների։
– Խաղաղութեան պայմանագրերը միշտ ձախողւում են, երբ ժողովուրդները պատրաստ չեն լինում ընդունել դրա բովանդակութիւնը։ Պայմանագրում պիտի վէճերը լուծելու գործիքակազմեր լինեն, որ դրանք նոր հակամարտութեան չվերածւեն։
– «Խաղաղութեան պայմանագիր»-ը պէտք է ունենայ երաշխաւոր ու վերահսկողութիւն։ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը կարո՞ղ է երաշխաւոր լինել այդ համաձայնագրին։ Կարո՛ղ է: Ես համաձայնագիրը չեմ տեսել՝ չգիտեմ՝ կա՞յ նման կէտ, թէ՞ չէ։ Եթէ չկայ, ապա շատ վատ է։ Երբ երկու կողմերին քաջալերում են համաձայնագիր ստորագրել, թող նաեւ քաջութիւն ունենան ու երաշխաւոր լինեն այդ գործընթացին։
– Սամուէլ Կարապետեանի ասած խօսքի մէջ ո՛չ մի դատապարտելի բան չկայ։ Որպէս իրաւաբան՝ ես նրա ասած բառերի մէջ որեւէ յանցագործութիւն չեմ տեսնում։
– Երրորդ շաբաթն է՝ Հայաստանում եմ, ամէն օր ձերբակալութիւններ ու խուզարկութիւններ եմ տեսնում… երկու արքեպիսկոպոս է կալանաւորւել։ Ինձ համար մտահոգիչ է, որ երկրի գլխաւոր դատախազը Հանրային հեռուստաընկերութիւնում հարցազրոյցի ժամանակ արդէն դատեց բոլոր կալանաւորւածներին ու ոտնատակ տւեց անմեղութեան կանխաւարկածը։ Մարդուն դատարանում պիտի դատեն, ոչ թէ Հանրային հեռուստաընկերութեան տաղաւարում։ Այդ մարդիկ այնտեղ չէին, չէին կարող իրենց իրաւունքները պաշտպանել։ Դա անթոյլատրելի է, ինչպէ՞ս կարելի է նման բան թոյլ տալ:
– Անընդունելի է այն բառապաշարը, որով երկրի ղեկավարն անւանում է Եկեղեցու սպասաւորներին։ Չի կարելի արքեպիսկոպոսներին ասել «շնաբարոյ դուրսպրծուկ».դա ի՞նչ բառապաշար է… Ըստ Հայաստանի Սահմանադրութեան՝ Եկեղեցին ու պետութիւնն անջատ են։ Եկեղեցին կարող է կարծիք յայտնել։
– Չի կարող մարդու շապիկի վրայ գրւած Դաշնակցութեան «Մա՛հ կամ ազատութիւն» կարգախօսը յանցագործութեան տարր լինել։ Սա ի՞նչ անլուրջ վերաբերմունք է։
– Ես կուզէի՝ ընդդիմութիւնը միասնականօրէն պաշտպան կանգներ քաղաքական հալածւողներին։ Ես նախկին դաշնակցական եմ, բայց երբ հիմա տեսնում եմ՝ ՀՅԴ-ն հալածւում է, ասում եմ՝ ես ներկայ դաշնակցական եմ, պաղեստինցին է հալածւում՝ ես պաղեստինցի եմ, ես բոլոր հալածւողների կողքին եմ։
– Եթէ երբեւէ Հայաստանը հասնի Եւրամիութեան անդամ (ԵՄ) դառնալուն, դրա համար տասնամեակներ են պէտք, բայց ես չեմ տեսնում, որ Եւրոպան նման ցանկութիւն ունի։
– Ես նաեւ յուսով եմ, որ մեզ ՆԱՏՕ չեն տանի, որովհետեւ այդ դէպքում մենք կը թշնամանանք ուրիշ պետութիւնների հետ։ Մենք ուզո՞ւմ ենք հասնել այն օրին, ինչ 2008 թ.Վրաստանը կամ հիմա՝ Ուկրաինան։
– ՀԱՊԿ-ից դուրս գալը չի նշանակում, որ յաջորդ քայլը ՆԱՏՕ-ին միանալն է։ Եթէ մի օր Հայաստանի ու Թուրքիայի յարաբերութիւնները կարգաւորւեն, թերեւս 102-րդ ռուսական ռազմաբազան պէտք չի լինի։ Բայց Թուրքիան դեռ ուրանում է Ցեղասպանութեան իրողութիւնը։ Պէտք չէ խօսել պատմաբանների յանձնաժողովի մասին։ Ցեղասպանութեան իրողութիւնը փաստ է, պատմաբանները՝ հայ, թուրք եւ միջազգային, վաղուց ասել են այդ մասին։ Ամբողջ աշխարհը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը։ Ես հաւատում եմ՝ մի օր Թուրքիան ու Ադրբեջանն էլ պէտք է ընդունեն, որ ցեղասպանութիւն են իրականացրել՝ Արեւմտեան Հայաստանում եւ Արցախում։
– Արեւմուտքը յանցագործ է, եթէ չի խօսում Հայաստանում մարդու իրաւունքների խախտումների մասին։
– Արեւմուտքը փորձում է այստեղ Ռուսաստանի դէմ 2-րդ ճակատ բացել, որ Ուկրաինայում կարողանայ յաջողել։ Բայց եթէ մենք մտնենք այդ վտանգաւոր խաղի մէջ, մենք ենք տուժելու, զոհը մենք ենք լինելու։
– Ռուսաստանն այսօր արդէն դուրս է եկել տարածաշրջանից։ Չգիտեմ՝ կը փորձի՞ վերադառնալ, թէ՞ ոչ։
– Ղրիմի հարցով ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերն իրապաշտ մօտեցում ցոյց տւեց՝ ասելով, որ Ղրիմը Ռուսաստան է, ու դա այդպէս է։ Դա իրողութիւն է։
– Թրամփին թւում էր, որ եթէ ինքը յայտարարի, որ ռուս-ուկրաինական պատերազմն աւարտւելու է, այն աւարտւելու է։ Հիմա սովորեց, որ այդպէս չէ։ Բայց եկէ՛ք յիշենք, որ 2022 թ., երբ պատերազմից մի քանի ամիս էր անցել, բանակցութիւն պիտի ընթանար այն դադարեցնելու վերաբերեալ, սակայն ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան թոյլ չտւեցին, որ ուկրաինացիները կանգնեցնեն պատերազմը։ Ուկրաինան այսօր ամբողջովին աւերւել է։ Բանակցութիւններն այլընտրանք չունեն, պէտք է նստեն սեղանի շուրջ ու խօսեն։ Մեծ Բրիտանիան, ինչպէս միշտ, խառնում է:
Ռուսաստանը եւ Ուկրաինան, ըստ էութեան, 2022 թւականին Ստամբուլում համաձայնութիւնների էին եկել, սակայն յետոյ Կիեւը հրաժարւեց դրանցից։
Հետագայում պարզւեց, որ բանակցութիւնների խափանման, պատերազմի դադարեցման գործում մեծ դեր է ունեցել Մեծ Բրիտանիայի արդէն նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այդ փաստին անդրադարձել էր եւ միջազգային մամուլը՝ հրապարակելով Ջոնսոնի խօսքերը, եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը.
«Ուկրաինական կողմը նախաստորագրել է այդ փաստաթուղթը, նշանակում է՝ ընդհանուր առմամբ համաձայն էր դրան: Իսկ յետոյ ինչ-որ պատճառով հրաժարւեցին: Թէ ինչու, հասկանալի է: Որովհետեւ ժամանեց ձեր դաշնակիցը, պարոն Ջոնսոնը (խմբ.՝ Բորիս Ջոնսոն, այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը), լաւ սանրւածքով այդ մարդը, եւ ասաց, որ նրանք պէտք է պատերազմեն մինչեւ վերջին ուկրաինացին»,– նշել էր Պուտինը։
– Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցով յատուկ բանագնաց Թոմաս Բարաքը, կարծում եմ՝ արտայայտել է Սպիտակ տան տեսակէտը: Այլ կերպ չի կարող լինել, դեսպանն իր տեսակէտը չի արտայայտում, խօսքը համաձայնեցւում է Սպիտակ տան հետ: Եթէ դեսպանը շարունակում է պաշտօնավարել, ուրեմն նա արտայայտել է ԱՄՆ դիրքորոշումը:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցով յատուկ բանագնաց Թոմաս Բարաքը Նիւ Եօրքում յուլիսի 11-ին խօսել էր Սիւնիքի ճանապարհը 100 տարով վարձակալելու՝ ամերիկեան առաջարկի մասին.
«Թուրքիան աշխարհի կենտրոնում է: (…) Թուրքիան այդ ամէնի կենտրոնում է՝ ինչպէս Ադրբեջանն ու Հայաստանը: Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի համար, բայց սա կատակ բան չէ: Սա շարունակւում է մի ամբողջ տասնամեակ՝ 32 կիլոմետրանոց ճանապարհի համար: Եւ ինչ է տեղի ունենում. Ամերիկան գալիս եւ ասում է. «Լաւ, մենք դա կը վերցնենք մեզ վրայ: Տւէք մեզ 32 կիլոմետրանոց ճանապարհը հարիւր տարւայ վարձակալութեամբ, եւ բոլորդ կարող էք օգտւել դրանից»: Բայց այս ցեղային մտածողութիւնը չի վերանում: Մենք հասել ենք «e pluribus unum» կոչւող իրավիճակի: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է հրաժարւել զանգւածներից մէկի համար: Դա կայ Ամերիկայում: Դա չկայ այնտեղ: Այնտեղ առաջնայինը, նախ՝ անհատն է, ընտանիքը, ցեղը, եւ յետոյ նոր՝ ազգը: Բայց ես յոյս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս «e pluribus unum»-ը կը տարածւի, եւ մենք լատիներենից կանցնենք արաբերէնի, արաբերէնից՝ ռուսերէնի, ռուսերէնից՝ չինարէնի. գուցէ հնարաւորութիւն կայ»,- ասել էր նա (մէջբերումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտօնական կայքում հրապարակւած տեքստից):