Գեղամ Մանուկեան. «Մամիկոն Ասլանեանին 2 տարի պահում են բանտում, որովհետեւ իշխանութեանը դուր չեկող համայնքապետ չպէտք է լինի»
Տաթեւ Արցախը երեւի մեզ ների, որ մի դահլիճում հանգիստ նստած ենք, իր տեսակցութիւնները արգելած դատաւորի հետ: Այս մասին հոկտեմբերի 24-ին, ՀՀ ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանը:
«Կիրակի Դաւթաշէն քրէակատարողական հիմնարկում հանդիպել եմ երկու քաղբանտարկեալի: Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրով, 8 ամիս նստած է, ծանօ՞թ է պարոն Անդրէասեան, ոչ դատ կայ, ոչ բան կայ: Միւս դէպքը աւելի խայտառակութիւն է, Մամիկոն Ասլանեանը 2 տարի է նստած է, գրեթէ դատ չի լինում:
Նա 5 րոպէում դրսում կը լինի, մենակ այն դէպքում, որ ասի՝ համաձայն եմ, դուրս եմ գալիս Վանաձորի քաղաքապետի պաշտօնից: Ոչ մի օրէնք չկայ, խախտում չկայ, բան չկայ, ուրիշ պատճառ չկայ, իրեն պահում էք բանտում մի բանի համար, որովհետեւ իշխանութեանը դուր չեկող համայնքապետ չպէտք է լինի»,- ասել է նա: