Ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինեանը Հայոց Ցեղասպանութեան առնչութեամբ
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
2025 թ. յունւարի 25-ին` Շւէյցարիայի Ցիւրիխ քաղաքում շւէյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինեանը, մասնաւորապէս, յայտարարել է. «Մենք Հայոց Ցեղասպանութեան պատմութեանն էլ պէտք է վերադառնանք, պէտք է հասկանանք, լաւ՝ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել, եւ ինչպէս ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թ.-ին Հայոց Ցեղասպանութեան օրակարգ չի եղել, եւ ոնց է որ 1950-ին Հայոց Ցեղասպանութեան օրակարգ յայտնւել է: Սա մենք պէ՞տք է հասկանանք, թէ՞ չպէտք է հասկանանք»:
«Ցեղասպանութիւն» եզրոյթը հեղինակել եւ շրջանառութեան մէջ է դրել լեհ իրաւագէտ Ռաֆայէլ Լեմկինը 1944 թւականին Օսմանեան կայսրութիւնում հայերի եւ նացիստական Գերմանիայի կողմից բռնազաւթւած տարածքներում հրեաների զանգւածային ոչնչացումը բնութագրելու համար: Ըստ ամենայնի, հէնց այս հանգամանքով պէտք է պայմանաւորել մինչեւ 1944 թւականը եւ մասնաւորապէս՝ 1939 թւականին, «Հայոց Ցեղասպանութիւն» ձեւակերպման տարածւած չլինելը:
Ի՞նչ յանձնառութիւններ է ստանձնել Նիկոլ Փաշինեանը եւ նրա գլխաւորած քաղաքական ուժն ու ՀՀ կառավարութիւնը Հայոց Ցեղասպանութեան առնչութեամբ:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նիկոլ Փաշինեանի ՀՀ վարչապետի պաշտօնում պաշտօնաւորման ընթացքում՝ 2020 թ. յուլիսին հրապարակւել է ՀՀ Ազգային անվտանգութեան ռազմավարութիւնը, որի մէջ արձանագրւած է, մասնաւորապէս, հետեւեալը.
- «…Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝… Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, հետեւանքների յաղթահարումը եւ վերացումը:…»:
Ցեղասպանութեան կանխարգելման ենթաբաժնում արձանագրւած է հետեւեալը.
- «Որպէս 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը վերապրած զոհերի ժառանգորդ՝ հայ ժողովուրդը եւ նրա կողմից ստեղծւած պետութիւնը յանձնառու են ազգային, կրօնական, էթնիկ, ռասայական խմբերի եւ նրանց անդամների կեանքի իրաւունքի պաշտպանութեանը:»:
- «Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւ դատապարտումը մեծ աւանդ է ներդնում նոր ցեղասպանութիւնների կանխարգելման գործում:»:
- «Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան, դրա զոհերի եւ նրանց ժառանգների իրաւունքների ճանաչումը կը ձեւաւորի նպաստաւոր պայմաններ Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման համար:»:
20 ՅՈՒՆԻՍԻ 2021 Թ. ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախընտրական ծրագրում, մասնաւորաբար, արձանագրւած է հետեւեալը.
- «Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների շարքում։ Հայոց Ցեղասպանութեան անվիճարկելի փաստի համընդհանուր ճանաչումը կը նպաստի տարածաշրջանի կայունութեանն ու անվտանգութեանը, ժողովուրդների միջեւ հաշտեցմանն ու համերաշխութեանը, ինչպէս նաեւ երաշխիք կը դառնայ նմանատիպ ոճրագործութիւնների կանխարգելման համար։»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ 2021-2026 ԹԹ. ԾՐԱԳԻՐ
Կառավարութեան ծրագրի նախաբանում գրւած է հետեւեալը. «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան ծրագիրը հիմնւած է 2021 թւականի յունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրութիւններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախընտրական ծրագրի, քարոզարշաւի ընթացքում Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների առաջ ստանձնած պարտաւորութիւնների, նրանց տրւած նախընտրական խոստումների,… վրայ»:
Հարկ է նշել նաեւ, որ ՀՀ կառավարութեան 2021-2026 թթ. ծրագիրը հաստատւել է ՀՀ ԱԺ-ի կողմից 2021 թ. օգոստոսի 26-ին: Իսկ ԱԺ-ում մեծամասնութիւն ունեցող խմբակցութիւնը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնն է: Սա այն խմբակցութիւնն է, որի համանուն կուսակցութիւնը գլխաւորում է Նիկոլ Փաշինեանը:
ՀՀ կառավարութեան 2021-2026 թթ. ծրագրում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման վերաբերեալ, մասնաւորաբար, արձանագրւած է հետեւեալը.
- «Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգութեան երաշխիքների համակարգի ամրապնդմանը, եւ սա լինելու է Կառավարութեան առաջնահերթութիւնների շարքում:»:
Վերը յիշատակւած երեք կարեւոր փաստաթղթերով, այն է՝ ՀՀ Ազգային անվտանգութեան ռազմավարութեամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախընտրական ծրագրով, ՀՀ կառավարութեան 2021-2026 թթ. ծրագրով Նիկոլ Փաշինեանը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին, մասնաւորապէս՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման առնչութեամբ գրաւոր խոստացել է մի բան, իսկ այժմ անում է բոլորովին այլ բան:
Նիկոլ Փաշինեանը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման առումով չի կատարում պետութեան առանցքային փաստաթղթերով իր իմացութեամբ եւ հաւանութեամբ ամրագրւած դրոյթները: Աւելին՝ իրականացնում է այդ դրոյթներին հակասող, Հայաստանի Հանրապետութեան շահերը թուրքադրբեջանական տանդեմի շահերին ստորադասող քայլեր:
Այսպիսով, ամփոփելով կարող ենք պնդել հետեւեալը. իշխանութեամբ օժտւած Նիկոլ Փաշինեանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետութիւնում ապրող հայութեան համար: Հայաստանի Հանրապետութիւնում եւ Սփիւռքում բնակւող հայ ժողովուրդն այս պահին ունի մէկ կենսական կարեւորութեան ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանութիւնից հեռացնել Նիկոլ Փաշինեանին: