Քաղաքական

Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբան, սակայն այդպէս չէ

Հայերը յաճախ գանգատւում են, որ իրենք պառակտւած ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ միւս ժողովուրդները շատ աւելի միասնական են։ Այս ընկալումը նմանում է այն ընտանիքներին, որոնք վիճում են փակ դռների յետեւում՝ ենթադրելով, որ իրենց հարեւաններն ապրում են ներդաշնակութեան մէջ։ Սա՝ «խոտն աւելի կանաչ է ցանկապատի միւս կողմում» արտայայտութեան դասական օրինակ է։

Սակայն, ներքին պառակտումներ կան ամենուրեք, այդ թւում՝ Ադրբեջանում եւ Թուրքիայում: Ադրբեջանի բանտերը լի են Ալիեւի վարչակազմի դէմ բողոքող ցուցարարներով եւ այլախոհներով: Միեւնոյն ժամանակ, Թուրքիայում միլիոնաւոր մարդիկ դուրս էին եկել Ստամբուլի եւ այլ քաղաքների փողոցները՝ զայրացած մեծ ժողովրդականութիւն վայելող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի քաղաքական դրդապատճառներով ձերբակալութիւնից: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել էր բանտարկել Իմամօղլուին՝ վախենալով, որ նա կարող է լուրջ մրցակից լինել յաջորդ տարւայ նախագահական ընտրութիւններում:

Հայերի մօտ հաստատւած սխալ պատկերացումներից մէկն այն է, որ հրեաները լիովին միասնական են: Իրականում, իսրայէլական  կուսակցութիւնները խորապէս բեւեռացւած են, իսկ մրցակից հրեայ-ամերիկեան կազմակերպութիւնները յաճախ հակադրւում են միմեանց: Տարիներ առաջ ես արտայայտեցի իմ համոզմունքը հրէական միասնութեան վերաբերեալ մի խմբագրականում՝ գանգատւելով հայերի անմիաբանութիւնից, բայց ինձ ուղղեց «Հրէական ժառանգութիւն» թերթի հրատարակիչ Հերբ Բրինը։ Նա վիճարկեց, որ հրէական համայնքը լուրջ ներքին հակասութիւններ ունի, այդ թւում՝ ղեկավարների միջեւ դատական հայցեր եւ բռնութեան դրւագներ: Վառ օրինակ է

Իսրայէլի վարչապետ Իցհակ Ռաբինի սպանութիւնը Թել Աւիւում 1995 թւականին, ոչ թէ պաղեստինցու, այլ իսրայէլցի հրեայի կողմից:

Հրէական անմիաբանութեան ամենածայրայեղ դէպքը, թերեւս, տեղի ունեցաւ 2008 թւականին, երբ Նիւ Եօրքում տասնեակ ծայրայեղ ուղղափառ ռաբբիներ հանդիպեցին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ՝ ընդամէնը մէկ օր անց այն բանից յետոյ, երբ նա ՄԱԿ-ում դատապարտել էր «սիոնիստ մարդասպաններին»։ Այս ռաբբիները կարծում են, որ Իսրայէլ պետութիւնը պէտք է կործանւի՝ համաձայն Թորայի, որն արգելում է հրէական պետութեան ստեղծումը մինչեւ Մեսիայի գալուստը։ Նրանք նոյնիսկ աջակցում են Պաղեստինի ինքնիշխանութեանը Սուրբ Երկրի նկատմամբ:

Հանդիպման ընթացքում Իրանի նախագահը սիոնիզմը բնութագրեց որպէս քաղաքական շարժում, որը «ձգտում է հարստութեան եւ իշխանութեան» եւ իր ցանկութիւնն արտայայտեց, որ «Աստծոյ կամքով այն շուտով կոչնչացւի»։ Խմբի աւագ ռաբբի Մոշէ Բեր Բեքն ասաց Ահմադինեժադին. «Այն, որ մենք պատիւ եւ արտօնութիւն ունենք հանդիպելու նման նշանաւոր մարդու հետ, որը հասկանում է սիոնիզմի եւ յուդայականութեան միջեւ եղած տարբերութիւնը, մեզ համար չափազանց ուրախալի առիթ է»։ Մանհեթենի հիւրանոցում կայացած հանդիպումից յետոյ Ահմադինեժադը լուսանկարւեց ռաբբիների հետ։

Թուրք ամերիկացիները եւս բախւում են լուրջ տարաձայնութիւնների։ Վերջերս մեծ վէճ է բռնկւել Թուրք-ամերիկեան ընկերակցութիւնների համագումարի (ATAA) եւ Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալի միջեւ: Ամենամեծ թուրք-ամերիկեան կազմակերպութիւնը՝ ATAA-ն, որն ունի աւելի քան 50 մասնաճիւղեր ամբողջ Միացեալ Նահանգներում, անցկացնում է ամենամեայ համաժողով եւ տօնախմբութիւն, որը «միաւորում է ATAA անդամներին, թուրք ամերիկացիներին, համայնքային ղեկավարներին եւ մտաւորականներին ամբողջ երկրից, Կանադայից եւ Թուրքիայից», ըստ ATAA-ի կայքի:

Այս տարւայ համաժողովին եւ տօնախմբութեանը, որը տեղի ունեցաւ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքի Westin Crystal հիւրանոցում 2025 թւականի մայիսի 2-3-ը, յաջորդեց մայիսի 4-ի ATAA-ի Գլխաւոր համագումարը: Մայիսի 2-ի երեկոյեան ընդունելութիւն տեղի ունեցաւ Կապիտոլիումի գրասենեակի շէնքում, կրթութեան ենթայանձնաժողովի լսումների սենեակում: Հանդիպումներից մէկի խորագիրն էր «Հայկական սփիւռքի հետ առնչւելը. թուրք-ամերիկացիների առջեւ ծառացած մարտահրաւէրները»… Գլխաւոր խօսնակը ATAA-ի նախկին նախագահ (2011-13 թթ.) եւ ներկայիս հոգաբարձու Էրգուն Կիրլիկովալին էր: Կիրլիկովալին յայտնի է որպէս ցեղասպանութեան ժխտող: Տարիներ առաջ, Կալիֆորնիայի նահանգային ժողովի Հայոց Ցեղասպանութեան հարցերով յանձնաժողովի կողմից անցկացւած լսումների ժամանակ, նա սարսափելի մի ակնարկութիւն արեց, ասելով, որ «Եփրատ գետի ձկները թքում էին հայկական աչքեր»:

Այս տարի ծագած լուրջ խնդիրը պառակտում առաջացրեց Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալի եւ ATAA-ի միջեւ, երբ այն 2025 թւականի մարտի 19-ին հրապարակային յայտարարեց, որ «խստօրէն դատապարտում եւ բողոքում է Ստամբուլի քաղաքապետարանի ժողովրդավարական ճանապարհով ընտրւած քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի անարդար կալանքի դէմ: Այս քաղաքական դրդապատճառներով գործողութիւնը ուղղակի յարձակում է ժողովրդավարութեան, օրէնքի գերակայութեան եւ թուրք ժողովրդի հիմնարար իրաւունքների ու ազատութիւնների վրայ»:

Թուրք դեսպանները սովորաբար մասնակցում են ATAA-ի տարեկան համաժողովին եւ հանդէս գալիս հիմնական ելոյթով։ Սակայն, դեսպան Օնալը, ATAA-ի կողմից քաղաքապետ Իմամօղլուի ձերբակալութեան վերաբերեալ թուրքական կառավարութեան քննադատութիւնից յետոյ, չեղեալ յայտարարեց իր մասնակցութիւնը համաժողովին։

2025 թւականի ապրիլի 19-ին Իբրահիմ Քուրթուլուսը, որն իրեն համարում է թուրք «համայնքային ակտիւիստ», դեսպան Օնալին ուղղւած նամակում ողջունեց նրա հեռանալը ATAA-ի համաժողովից։ Քուրթուլուսը նաեւ քննադատեց ATAA-ին «հակաթուրքական տրամադրութիւն» ձեւաւորելու եւ խթանելու համար, որը նպաստում է «Թուրքիայի դիրքի ապալեգիտիմացմանը միջազգային ասպարէզում»։

Քուրթուլուսի նամակը «Թուրքական ֆորումի» կայքում տեղադրւելուց մի քանի օր անց, Մուրատ անունով մէկ այլ թուրք ամերիկացի, արտայայտելով իր անհամաձայնութիւնը Քուրթուլուսի հետ, պատասխանեց «Թուրքական ֆորումում». «Ի՜նչ անհեթեթ նամակ։ Դուք շփոթում էք պետութեան եւ երկրի շահերը միանձնեայ կառավարման շահերի հետ, մի վարչակարգի, որն այլեւս լիարժէք ժողովրդավարական չէ եւ աւելի ու աւելի է ճնշում իր ժողովրդին։ Դեսպանը պարզապէս դարձել է այս միանձնեայ կառավարման գործիքը՝ բնականաբար պառակտիչ քաղաքականութիւնը տարածելով ովկիանոսից այն կողմ»։

Ամփոփելով, պէտք է ասել, որ հայերը մենակ չեն ներքին պառակտումների հարցում։ Այնուամենայնիւ, հաշւի առնելով Հայաստանի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքները, միասնութիւնն այժմ աւելի կարեւոր է, քան երբեւէ։ Ինչպէս 17-րդ դարում դիպուկ ասել է Մարկօ Անտոնիօ դէ Դոմինիսը. «Էականի մէջ՝ միասնութիւն, անկարեւորի մէջ՝ ազատութիւն»։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button