Փաշինեանն ընտրութիւններով չի գնայ. թիմով թաթախւած են թալանի, կոռուպցիայի մէջ
Մինչեւ ժողովուրդը ոտքի չկանգնի, չի գնալու. ինքը գիտի՝ ինչ յանցանքներ է գործել

168TV-ի «Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր հոգեբան Կարինէ Նալչաջեանին ու պետական կառավարման մասնագէտ, տնտեսագէտ Յովհաննէս Աւետիսեանին:
Զրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
Կարինէ Նալչաջեան – Երբ խօսում ենք Փաշինեանի, իր մերձաւոր շրջապատի մասին, մի բան կայ, որ բնորոշ է բոլորին. դա իրենց բարոյական կերպարն է։ Ցաւօք, փողոցի պահւածքը եկել է հայոց Խորհրդարան. սա անկման մասին է խօսում։ 2 խեղկատակութիւն, մէկ սրիկայութիւն կամ հակառակը…յետոյ նորից նոյնը… արտաքին թաղանթը պահում են։ Սա իրենց սովորական գործելաոճն է։
Էս մարդիկ էթնիկական մուտանտներ են։ Իրենց բարոյական մակարդակը դա է, եւ հիմա քողարկւելու խնդիր էլ չունեն. իրենք բաց են խաղում։ Խորհրդարանում այդ տեսարաններով Փաշինեանը ցոյց էր տալիս իր ողջ էութիւնը։ Մենք պետութեան քայքայման ականատեսներն ենք։ Այս մարդն ուզուրպացրել է պետութիւնը։
Հասարակութեան տրամադրութիւնները պէտք է հաշւի առնել։ Իրենց այդ պահւածքով նրանք մարդկանց մօտ զզւանքի զգացում են առաջացնում։ Ուժի ցուցադրութիւն է, ամենաբռի ու գռեհիկ տեսքով։ Հասարակութեանն ասում են՝ մեր ձեռքում էք, ինչ կուզենք՝ կանենք։ Ուժի ցուցադրութիւնն ու վախի մթնոլորտի ստեղծումն ինչ-որ չափով աշխատում են, ու հէնց դրանք են ինչ-որ չափով սրանց պահում իշխանութեան ղեկին։
Յովհաննէս Աւետիսեան – Նիկոլ Փաշինեանի քաղաքական բրենդը կոռուպցիան է։ Իր ողջ քաղաքական կենսագրութիւնը նա կառուցել է թալանի ու կոռուպցիայի վրայ։ Հանրութեան աչքերում նա իրեն ներկայացրել է՝ որպէս արդարութեան համար, կոռուպցիայի դէմ պայքարող անձ։ Եւ շարունակաբար նա մինչ օրս իր աջակիցներին պահում է կոռուպցիոն պատմութիւնների թելի վրայ։ Ցանկացած բան ասէք իրեն իր վատ կառավարման մասին. նա այդ հարցին չի պատասխանի ու կրկին կը խօսի նախկինների կոռուպցիայից։ Կասի՝ թալանում էին, դրա համար սէնց եղաւ… իրենց բոլոր ձախողումներին որպէս պատճառ՝ դա է բերում: Ինքը բոլորին ասում է՝ կոռուպցիայի թեման իմ հաց ու ջուրն է, դուք ո՞նց կարող էք դրա մասին խօսել։
Նիկոլ Փաշինեանի թիմը թաթախւած է թալանի ու կոռուպցիայի մէջ, ինքը դրանով եկել, դրանով էլ գնալու է։ Դրա համար է նա ջղաձգւում, որովհետեւ լաւ գիտի՝ իր թիմն ամբողջովին թալանի մէջ է թաթախւած։
Քանի որ ինքն աւտորիտար իշխանութեան կրող է, լկտի ուժի ցուցադրութիւն է անում։ Վատն այն է, որ ընդդիմութեան ներկայացուցիչները, մասնաւորապէս՝ Սէյրան Օհանեանը, չեն էլ գիտակցում՝ իրենց հետ ինչ է տեղի ունենում։ Սէյրան Օհանեանին փչացնելը՝ որպէս բանակի նախկին ղեկավարի, Նիկոլ Փաշինեանի ու նրա թիմի համար կարեւոր, կենսական նշանակութիւն ունի։ Յիշէք՝ ինչպէս են խաբում մարդկանց՝ ասելով՝ «պատերազմը գցեցին ջեբներս, թռան»… Այն, ինչ անում են, Սէյրան Օհանեանի դէմ չի ուղղւած, այլ բանակի դէմ է։ Հանրութեանը ցոյց են տալիս, որ՝ մենք չէինք մեղաւոր, սրանք են մեղաւոր, որ պարտւեցինք…
Կարինէ Նալչաջեան – Մեր հասարակութեան գիտակցութիւնն արդէն սկսում է Փաշինեանական կապանքներից դուրս գալ, որովհետեւ այն թէզերը, որ ժողովրդի գիտակցութեան մէջ մտցրել էին 2018 թ.-ին ու դրանից առաջ՝ աղէտի նախապատրաստութեան ընթացքում, կարծես թէ չեն աշխատում։ Բաներ կան, որ այնքան ակնյայտ են, որ իրենց համար դժւար է այդ խաբէութիւնն առաջ տանել։
Սէյրան Օհանեանը մեր յաղթանակների խորհրդանիշներից է ու նաեւ նախկին է, ինչն իրենց համար նրան յարմար թիրախ է դարձնում։ Դրա համար են նրան փորձում ստորացնել։ Արցախի յաղթանակը կերտողների մի մասը Բաքւի բանտերում են, միւս, այստեղ գտնւող մասի վերաբերեալ քրէական գործեր են յարուցւած, բանտերում են։
Իշխանութիւնն ուզուրպացւած է բարոյական տհասների կողմից, ում համար չկան սրբութիւններ։
Անցել է այն փուլը, որ ընդդիմադիր պատգամաւորների սուր հարցադրումները հարցեր էին լուծում։ Այդ էտապը վաղուց անցել է։
Վաղուց տպաւորութիւն ունեմ, որ սրանց թիկունքում դրսից ամբողջ ինստիտուտներ են աշխատում։ Փաշինեան Նիկոլը խօսում է սոցիալ-հոգեբանութեան մասին՝ իր խախտւած, խեղւած տրամաբանութեամբ. դա շատ ծիծաղելի է։
Իրենց տէրերի ցուցումով հիմա իրենք փչացնում են իմպիչմենտի գաղափարը. Յովիկ Աղազարեանը յայտարարում է իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։ Սա դրա վառ ցուցիչն է։
Յովհաննէս Աւետիսեան – Հանրութեան չէզոք հատւածը՝ մօտ 70%-ը, դիտում է ե՛ւ նիկոլականների, ե՛ւ ընդդիմութեան ելոյթները։ Ընդդիմութիւնը փորձում է ցոյց տալ Փաշինեանի կեղծ էութիւնը՝ սադրիչ հարցեր տալով։ Սա է ընդդիմութեան մի մասի տակտիկան, ընդդիմութեան մի հատւածը չի մասնակցում հարցուպատասխանին։
Ինչ-որ չափով դա յաջողւում է, բայց դա ունի գին.այդ ընթացքում իրենց վրայ էլ են յարձակւում, նրանց օգտագործում են՝ իրենց գիծն առաջ տանելու համար։ Բայց ընդդիմութիւնն այլ տարբերակ չունի, եթէ ԱԺ-ում է։ Հակառակ դէպքում բոլորով պիտի մանդատները վայր դնեն։
Մանդատները պէտք են իմպիչմենտի գործընթացի համար։ Քաղաքական գործընթացներում քաղաքական գործիչը միւս քաղաքական գործիչների աչքում կշիռ է ունենում, երբ նրա հետեւում մարդկանց որոշակի քանակ կայ կանգնած։ Դասական քաղաքական գործընթացներում դա դրսեւորւում է ընտրութիւններին հաւաքած ձայների քանակով։ Ոչ դասականի դէպքում դա դրսեւորւում է փողոցային պայքարի ժամանակ իրենց կոչով մարդկանց քանակ հաւաքելու հետ։ Քաղաքական դաշտում կշիռ ունենալու այլ ձեւ չկայ։ Քանի որ իմպիչմենտի պրոցեսը շատ լուրջ պրոցես է, հարց է հնչում՝ ովքե՞ր են նախաձեռնողները, ի՞նչ կշիռ ունեն, նկատի ունեմ, թէ որքա՞ն մարդ իրենց կոչով փողոց դուրս կը գայ։ Օրինակ՝ ես քաղաքական գործընթացների մասնակցում եմ, հանրային կարծիքի վրայ որոշակի ազդեցութիւն ունեմ, բայց քաղաքական կշիռ չունեմ։
Այն պահին, երբ մարդիկ դուրս կը գան փողոց ու տուն չեն գնայ, մինչեւ սրանք չհեռանան, իմպիչմենտի պրոցեսը կը յաջողի։ Քանի դեռ փողոցում պրոցեսը գեներացւած չէ ու ի ցոյց դրւած չէ, իմպիչմենտի պրոցեսը չի յաջողի։
Նիկոլ Փաշինեանը, ես ձեզ վստահ ասում եմ, ընտրութիւններով չի գնալու։ Մինչեւ փողոցում մեծ ճնշում չլինի, նա չի գնալու, որովհետեւ ինքը գիտի՝ ինչ յանցանքներ է արել մեր պետութեան, մեր ժողովրդի նկատմամբ:
Գիւմրիի քաղաքապետի, աւագանու ընտրութիւնները ցուցիչ չէ։ Փաշինեանին անհնար է համապետական ընտրութիւններով պարտութեան մատնել (քանի որ ողջ վարչական ռեսուրսը, ուժային կառոյցները գործի են դնելու), մինչեւ հայ ժողովուրդը ոտքի չկանգնի։
Կարինէ Նալչաջեան – Այնպէս չի լինելու, որ մի առաւօտ արթնանանք ու որոշենք, որ բոլորս գնալու ենք Հրապարակ։ Դա պէտք է գեներացնել։ Եթէ մենք նստենք ու սպասենք` մինչեւ ժողովուրդը փողոց լցւի, նոր իմպիչմենտ նախաձեռնենք, դա հնարաւոր չէ։ Ցաւօք, իմպիչմենտի մասին՝ Փաշինեանին ԱԺ-ում անվստահութիւն յայտնելու այս ամբողջ խօսակցութիւնը տեղափոխւում է անձերի տիրոյթ։ Ես այստեղ տեսնում եմ ինքնագիտակցութեան խնդիր։ Սրբազան շարժումը բաւականին լայն թափ հաւաքեց, բայց չյաջողեց, որովհետեւ կօօրդինացիա չկար։
Ժողովրդական տրամադրութիւններն այնպիսին են, որ համաժողովրդական շարժում հնարաւոր է գեներացնել. նւիրեալներ կան, կօօրդինացիա չկայ։ Եթէ Պառլամենտում պրոցես սկսւի, ժողովրդի մէջ տրամադրութիւններն այնպիսին են, որ նրանք դուրս կը գան։
Յովհաննէս Աւետիսեան – Ազգային ժողովում չկան առաջնորդներ, որոնք կարողանալու են քաղաքական պրոցես գեներացնել։ Հետեւաբար՝ գեներացիան ԱԺ-ից չի լինելու։ Պէտք է լինեն առաջնորդներ, որոնք առաջնորդելու են լայն զանգւածներին։ Մինչեւ դա չլինի, իմպիչմենտի պրոցես հնարաւոր չի լինելու։
Կարինէ Նալչաջեան – Մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք այսօր գտնւում, եւ լուծումներն էլ պէտք է լինեն ոչ ստանդարտ։
Յովհաննէս Աւետիսեան – Նպատակի շուրջ համախմբւածութեան բացակայութիւնը մեզանում նոր երեւոյթ չէ։ Եթէ պառակտւած չլինէինք, Արցախ չէինք կորցնի։ Բայց ես չեմ հիասթափւում։ Պէտք է ունենանք հայկական, ազգային շահով առաջնորդւող իշխանութիւն, ոչ թէ դրսից կառավարւող իշխանութիւն։ Պէտք է ունենանք հայկական իշխանութիւն։ Ամէն բաց թողնւած օրը գնում է մեր երկրից։ Ցանկացած մարդու, ով այս իշխանութեանը հեռացնելու պրոցես է նախաձեռնում, ես չեմ կարող քննադատել՝ անկախ նրանից՝ համաձա՞յն եմ, թէ՞ ոչ։ Բայց, կրկնում եմ՝ առանց փողոցային պայքարի՝ իմպիչմենտի գործընթացը չի յաջողելու, իսկ փողոցային պայքարի համար անհրաժեշտ է լայն զանգւածների մօտ հեղինակութիւն ունեցող մարդու մասնակցութիւն։ Իսկ այսօրւայ դրութեամբ այդ մարդը Բագրատ Սրբազանն է, ով շարունակում է ակտիւ մնալ ու էլի մարդկանց համախմբելու ու փողոց դուրս բերելու կոչով հանդէս կը գայ։
Կարինէ Նալչաջեան – Ես պատասխանատւութիւնից հրաժարւելու միտում եմ տեսնում։ Չեն կարող հսկայական ճանապարհ անցած քաղաքական կուսակցութիւնները թեկնածու չունենալ։ Չի լինում այդպէս։
Ե՞րբ է մարդը բռնկւում, ամէն ինչ թողնում ու դուրս գալիս յանուն իր այսօրւայ ու վաղւայ։ Զզւանք, զայրոյթ, արհամարհանք…Այս պայթուցիկ եռեակն է մարդկանց դուրս բերում փողոց։ Այս տարիների ընթացքում մեր ազգային ինքնաքննադատութիւնը շատ են իջեցրել, մեր ինքնագնահատականը՝ հասցրել 0-ի։ Թշնամական քարոզչութեան թիրախներից մէկը հէնց սա է։ Մեզ դարձրել են զոհի կերպար, բայց մենք զոհ չենք։ Դա էլ է մեր դէմ տարւող քարոզչութիւն, վիկտիմիզացիայի քարոզչութիւն է, որում յաջողել են։ Մեզ հարկաւոր է վերագտնել մեր իսկական ազգային, հայկական ինքնութիւնը։ Հիմա ամէն ինչ արւում է, որ մենք դառնանք ուրիշ, դրա համար են փոխում մեր դեմոգրաֆիան։ Հարկաւոր են գործողութիւններ, մեր ժողովուրդը հոգեպէս պատրաստ է։
Յովհաննէս Աւետիսեան – Գործողութիւն պահանջողները պէտք է պատրաստ լինեն գործողութեան մասնակցել։
Նիկոլ Փաշինեանին ԱՄՆ-ից խորհուրդներ են տալիս՝ ինչ տեխնոլոգիաներ կիրառել:
Քաղաքական գործիչը միայնակ ոչինչ չի կարող անել, եթէ իր հետեւում չկայ աջակցութիւն։ Եթէ մարդիկ տներում նստեն ու ոչ մի բանի չմասնակցեն, ոչ մի յաջողութիւն չի լինելու։