Ինչի՞ շուրջ են հայ-ադրբեջանական կոնտակտները, եւ ինչո՞ւ էր Ադրբեջան այցելել Թուրքիայի Պաշտպանութեան նախարարը

Հայաստանն ու Ադրբեջանը յայտարարում են, որ միմեանց միջեւ խօսակցութիւն կայ, սակայն Ադրբեջանը չի դադարում թելադրել իր յայտնի նախապայմանները։
Այս անգամ Բահրէյնի Թագաւորութեան Խորհրդատւական խորհրդի նախագահ Ալի Սալեհ Աբդուլլահ ալ-Սալեհի հետ հանդիպմանն Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովն ի թիւս այլ հարցերի՝ անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական գործընթացներին՝ վերստին պնդելով, որ ՀՀ Սահմանադրութիւնը Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջներ» ունի։
«Ընդգծւել է, որ Հայաստանի Սահմանադրութեամբ եւ մի շարք օրէնսդրական ակտերով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակում են խոչընդոտել տարածաշրջանում խաղաղութիւն ապահովելու ջանքերին»,- ասւած է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրութիւնում: Այս ամէնին զուգահեռ՝ ժամանակ առ ժամանակ, այդ թւում՝ այսօր տեղեկատւութիւն եղաւ այն մասին, որ Ադրբեջանը խախտում է հրադադարը։
ՀՀ ԱԳ նախարարն օրերս նշել էր, որ հայ-ադրբեջանական խաղաղութեան պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցէ լաւ նորութիւններ լինեն: Միրզոյեանն ասել էր, թէ գործընթացում առայժմ առաջընթաց չկայ, բայց խօսակցութիւն կայ: «Եւ ինչպէս ցանկացած բանակցութեան դէպքում, համբերութեամբ զինւենք, եւ գուցէ առաջիկայում լաւ նորութիւններ լինեն»,- մանրամասնել էր Արարատ Միրզոյեանը։
Իր հերթին՝ Բայրամովը նշել էր, թէ Ադրբեջանը «լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից», եւ յաւելել, որ շփումներ կան հայկական կողմի հետ:
Ըստ նրա՝ խաղաղ գործընթացի շուրջ Երեւանի եւ Բաքւի միջեւ շփումները մի քանի ուղղութիւններով շարունակւում են։ Ջէյհուն Բայրամովն ասել էր, թէ այդ սպասումները կապւած են Հայաստանի սահմանադրութիւնից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպէս նաեւ Մինսկի խմբի լուծարման հետ»:
Բայրամովը նշել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի շուրջ աշխատանքները շարունակւում են երկու երկրների փոխվարչապետների նախագահութեամբ գործող յանձնաժողովների մակարդակով։ «Ադրբեջանի դիրքորոշումը տրանսպորտային հաղորդակցութիւնների վերականգնման հարցում յայտնի է: Կարծում եմ՝ այնտեղ շփումներ կը լինեն։ Մենք սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր պարտաւորութիւններն այս ուղղութեամբ»,- մանրամասնել էր Բայրամովը՝ ըստ էութեան ներկայացնելով երեք առանցքային նախապայման։ Ուշագրաւ է յատկապէս այն հանգամանքը, որ Բայրամովն այս նախապայմաններից նախօրէին խօսել է Բահրէյնում, որն այս օրերին Թրամփի մերձաւորարեւելեան տուրների ընթացքում, ամենայն հաւանականութեամբ, Պարսից ծոցի երկրների շարքում կը մասնակցի Թրամփի նախաձեռնած գագաթնաժողովին։
Վերջին շրջանում յաճախ ենք գրում Ադրբեջանի դիւանագիտական շփումների մասին Թուրքիայի, Իրանի, Իսրայէլի, Չինաստանի, Պակիստանի, ԵՄ-ի ուղղութեամբ։ Հարաւային Կովկասում տիրող իրավիճակի ֆոնին չի կարելի անուշադրութեան մատնել թուրք պաշտօնեաների համաժամանակեայ այցն Ադրբեջան։ Ադրբեջան են այցելել Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարար Եաշար Գիւլերը, ինչպէս նաեւ Թուրքիայի Ազգային անվտանգութեան խորհրդի գլխաւոր քարտուղար Օքայ Մեմիշը։ Սա նշանակումից յետոյ Մեմիշի առաջին օտարերկրեայ այցն էր, իսկ Գիւլեր-Ալիեւ հանդիպման առանցքում Քրդական PKK-ի ինքնալուծարման եւ Թուրքիայում ապստամբութեան աւարտի մասին որոշումն էր։
168.am-ի հետ զրոյցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասել է, որ վերջին մէկ ամսւայ ընթացքում նկատւում է, որ Ադրբեջանը, թէեւ զբաղւում է Հայաստանի հետ բանակցութիւններով, կան յայտարարութիւններ, կայ լարւած օրակարգ, սակայն Ադրբեջանն առաւելապէս կենտրոնացած է աւելի լայն օրակարգերի վրայ՝ պայմանաւորւած իր աշխարհաքաղաքական յաւակնութիւններով, ինչպէս նաեւ իր դաշնակիցների աւելի լայն աշխարհաքաղաքական հարցերում ներգրաււածութեամբ։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պայմանագիր կնքեց Չինաստանի հետ, փորձում է հաւասարը հաւասարի հետ երկխօսել Ռուսաստանի Դաշնութեան հետ, ձգտում է միջնորդական ջանքեր ծաւալել իր երկու դաշնակիցների՝ Թուրքիայի ու Իսրայէլի միջեւ մերձաւորարեւելեան զարգացումների հարցով, ինչպէս նաեւ աջակցում է Պակիստանին Թուրքիայի հետ Հնդկաստանի դէմ, հետեւաբար՝ նաեւ Իսրայէլի դէմ։
«Ինչպէս նկատում ենք, սա բաւականին բարդ արտաքին քաղաքական օրակարգ է։ Տեսնում ենք, որ Ադրբեջանը ձգտում է չէզոքութեան եւ արտաքին քաղաքականութիւնը կառուցում է յուսալի դաշնակիցների մեխանիզմի վրայ, որը ներկայումս, նկատում ենք, թէ ինչ բարդութիւնների է բախւում այդ դաշնակիցների միջեւ առկայ խորը տարաձայնութիւնների պատճառով, խնդիրները չեն շրջանցում նաեւ Ադրբեջանը»,- նշել է Խրամչիխինը։
Նրա կարծիքով՝ Եաշար Գիւլերի, ինչպէս նաեւ Օքայ Մեմիշի այցերն Ադրբեջան եւս միայն մասնակիօրէն էին վերաբերում Հարաւային Կովկասին։
Դրանք, ըստ նրա՝ առաւելապէս վերաբերում էին այն անվտանգային իրավիճակին, որում Ադրբեջանն ու Թուրքիան են, դրանք վերաբերում էին այն սպառնալիքներին, որոնք ներկայումս առկայ են Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ յատկապէս պայմանաւորւած Հնդկաստան-Պակիստան վերջին զարգացումներով։
Խրամչիխինն ասել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ինտենսիւ համագործակցութիւն են ծաւալում ռազմական ոլորտում՝ համատեղ ձեռնարկութիւններ, զօրավարժութիւններ եւ այլն։ Այդ ամէնը, ըստ նրա, ենթադրում է յաճախակի հանդիպումներ ու քննարկումներ։
«Օրէցօր փոխւող աշխարհաքաղաքական իրավիճակում տեսնում ենք, որ խնդիրներ են առաջանում նաեւ դաշնակիցների միջեւ, կան տարաձայնութիւններ որոշ հարցերում Իսրայէլի ու Ադրբեջանի միջեւ, երբեմն խնդիրներ են նկատւում նաեւ Ադրբեջան-Թուրքիա յարաբերութիւններում։ Կարծում եմ՝ Ադրբեջանում դրանցից փորձում են խուսափել պրոակտիւ քայլեր ձեռնարկելով»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկայ իրավիճակին, ապա, Խրամչիխինը կարծում է, որ հայկական կողմն ամենայն հաւանականութեամբ դիտարկում է Ադրբեջանի պահանջներին ինչ-որ կերպ արձագանգելու կամ այդ պահանջներին լուծում տալու հնարաւորութիւնը։
«Ադրբեջանն անընդհատ յայտարարում է այդ պահանջների մասին, նշանակում է, որ դրանք պէտք է, որ քննարկւեն կողմերի միջեւ, քանի որ համաձայնագիրն արդէն համաձայնեցւած է, կարող է ստորագրւել, սակայն չի ստորագրւում, քանի որ Ադրբեջանին պէտք չէ շտապել այդ հարցում։ Սակայն, եթէ կան շփումներ, նշանակում է՝ կայ փնտրտուք՝ հասնել փոխըմբռնման առաւելապէս Երեւանի կողմից, տեսնենք, թէ այս փուլում ջանքերն ինչ արդիւնք կը տան»,- նկատել է փորձագէտը։
Յիշեցնենք, որ 2024 թւականի դեկտեմբերին լրագրողներին Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարար Եաշար Գիւլերը յայտարարել էր, թէ Հարաւային Կովկասում կայունութեան ուղին անցնում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրմամբ։ Նա նշել էր, որ Անկարան ողջունում է այս ուղղութեամբ երկու երկրների կողմից գործադրւող ջանքերը եւ վերջին շրջանում ձեռք բերւած առաջընթացը։ «Թուրքիան աջակցել եւ աջակցում է Ադրբեջանի պայքարին: «Մէկ ազգ-երկու պետութիւն» կարգախօսի ներքոյ մենք ձգտում ենք բարձրացնել մեր սերտ յարաբերութիւնները. ամենաբարձր մակարդակը բոլոր ոլորտներում, մասնաւորապէս՝ պաշտպանական արդիւնաբերութեան եւ ռազմական համագործակցութեան»,- նշել էր Գիւլերը։
ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ