Դիետաները եւ վիտամինները չեն նպաստում քաղցկեղի ռիսկի նւազեցմանը

Վիտամինների ընդունումը եւ որոշակի դիետաներին հետեւելը չի նպաստում քաղցկեղի զարգացման ռիսկի նւազեցմանը կամ հիւանդութեան բուժման արդիւնաւէտութեան բարձրացմանը։ Այս եզրակացութեանն են հանգել իտալացի գիտնականները։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Aging Clinical and Experimental Research (ACER) ամսագրում։
Գիտնականները PubMed եւ ClinicalTrials գիտական պորտալներում հրապարակւած տասնեակ կլինիկական եւ նախակլինիկական հետազօտութիւնների մետա-վերլուծութիւն են անցկացրել։ Այն հաստատել է, որ սննդային յաւելումների անխոհեմ օգտագործումը կարող է վտանգաւոր լինել։ Հիպերւիտամինոզը, խախտելով միկրոէլեմենտների հաւասարակշռութիւնը, կարող է ոչ միայն վատթարացնել ընդհանուր վիճակը, այլեւ խթանել ուռուցքների աճը։ Սակայն, քաղցկեղի բուժման մէջ մուլտիւիտամինների օգտակարութեան վերաբերեալ որեւէ հետեւողական ապացոյց չի յայտնաբերւել։
Հետազօտողները նաեւ թերահաւատ էին այնպիսի յայտնի դիետաների արդիւնաւէտութեան հարցում, ինչպիսիք են յետոյ (բարձր ճարպային, ցածր ածխաջրային դիետաները), ընդհատւող ծոմապահութիւնը եւ վեգանութիւնը։ Կենդանիների մոդելների վրայ ստացւած խրախուսական տւեալներին չնայած, այս մօտեցումները կլինիկական պրակտիկայում համոզիչ արդիւնքներ չեն ցոյց տւել։
Մասնագէտները միջերկրածովեան դիետան համարում են ամենաապահով եւ հաւասարակշռւած սննդային ռազմավարութիւնը։ Հեղինակների կարծիքով, հէնց սա է օրգանիզմին ապահովում անհրաժեշտ հակաօքսիդանտներով, վիտամիններով եւ առողջ ճարպերով։ Գիտնականները նաեւ ընդգծում են առողջութեան նկատմամբ համալիր մօտեցման կարեւորութիւնը՝ ներառեալ ֆիզիկական ակտիւութիւնը եւ վատ սովորութիւններից հրաժարւելը։
news.am