Երկարատեւ երիտասարդութեան գաղտնիքը վիտամին D-ն է

Mass General Brigham-ի եւ Ջորջիայի բժշկական կոլէջի մասնագէտների միջազգային խումբը նոր լայնածաւալ հետազօտութեան ընթացքում պարզել է, որ վիտամին D-ի մշտական ընդունումը նպաստում է կենսաբանական ծերացման գործընթացների դանդաղեցմանը։ Այս երեւոյթի գլխաւոր մեխանիզմը թելոմերների երկարութեան պահպանման հետ կապն է։ Հէնց քրոմոսոմների ծայրերում գտնւող այս պաշտպանիչ «գլխարկներն» են պաշտպանում ԴՆԹ-ն վնասւածքներից։ Աշխատանքը հրապարակւել է American Journal of Clinical Nutrition-ում։
Թելոմերները ԴՆԹ-ի կրկնւող յաջորդականութիւններ են, որոնց գործառոյթը քրոմոսոմների պաշտպանութիւնն է։ Բջջի իւրաքանչիւր բաժանման ժամանակ դրանք կարճանում են։ Այս գործընթացների արագութիւնն ուղղակիօրէն կապւած է կենսաբանական տարիքի հետ, ինչպէս նաեւ կապւած է տարիքային հիւանդութիւնների, այդ թւում՝ սրտի պաթոլոգիաների եւ ուռուցքաբանութեան ռիսկերի հետ։
Հետազօտութեանը ներգրաււել է 50-ից բարձր տարիքի 1054 մարդ։ Հինգ տարի շարունակ դիտարկում է իրականացւել կամաւորների երեք խմբերի նկատմամբ։ Առաջին խմբի մասնակիցներն օրական ստանում էին 2000 ՄՄ վիտամին D3, երկրորդ խմբին նշանակւել էր օմեգա-3, իսկ երրորդին տրւել է պլացեբօ։ Մի քանի անգամ չափւել է թելոմերների երկարութիւնը։
Արդիւնքները տպաւորել են փորձագէտներին։ Վիտամին D ընդունող փորձարկւողների մօտ թելոմերների կարճացման գործընթացն զգալիօրէն աւելի դանդաղ է ընթացել, քան պլացեբօ խմբի մօտ։ Սա դրսեւորւել է կենսաբանական ծերացման՝ գրեթէ երեք տարով դանդաղեցման ֆոնին։ Նշւել է, որ օմեգա-3-ը թելոմերների վրայ նման ազդեցութիւն չի ունեցել։
Հետազօտութեան հեղինակները նաեւ նշում են, որ վիտամին D-ն ունի նաեւ հակաբորբոքային յատկութիւններ, ինչն օգնում է նւազեցնել տարիքի հետ կապւած որոշ քրոնիկ հիւանդութիւնների ռիսկերը։
News.am