Հայաստան - ԱրցախՔաղաքական

Աբրահամ Գասպարեան. «Նայէ՛ք Սիրիային եւ չկասկածէ՛ք, Նիկոլ Փաշինեան անունով այս խեղկատակը մեր ժողովրդի դէմ կօգտագործի իր գնած պաշտպանական զէնքը, ոստիկանական գւարդիան եւ թուրքական յատուկ ջոկատայիններին»

168TV «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրէն, քաղաքագէտ Աբրահամ Գասպարեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

– Հալէպի վիլայեթը Մետաքսի ճանապարհի՝ դէպի Հնդկաստան ու Չինաստան գնացող ամենահանգուցային կէտն է։

– Հալէպն առանց Իդլիբի ոչինչ է։ Որովհետեւ, եթէ Հալէպից պէտք է շարժւես Թուրքիա, առանց Իդլիբի դա հնարաւոր չէ։ Իդլիբը Թուրքիայի անմիջական հարեւանութեամբ է գտնւում։ Հալէպը Թուրքիայի պետական սահմանից 60 կմ հեռու է գտնւում։

– Սիրիայում կան ԱՄՆ ռազմաբազաներ: Մօտ 900 անձնակազմով, ռազմատեխնիկապէս բաւականին լաւ համալրւած ամերիկեան զօրախումբ կայ, որը հսկողութիւն է սահմանում սեւ ոսկու՝ նաւթի պաշարների վրայ։

– Սիրիայի մօտ 700 կմ-ի վրայ Թուրքիան ունի վերահսկողութիւն՝ շնորհիւ զինեալ ռադիկալների։ Կայ նաեւ քրդական գօտի, իսկ անկախ դաւանաբանական ու այլ տարբերութիւններից՝ քրդական գործօնը մի օր կարող է ակտիւանալ։

– Էրդողանն օգտւեց աշխարհաքաղաքական ստեղծւած պատուհանից՝ ռուսական գործօնի գերզբաղւածութիւն, եւ այլն, նաեւ քովիդի ընձեռած հնարաւորութիւնից օգտւելով՝ թուրք զինեալներին զինեց։

– Բաշշար Ասադի ճակատագրական սխալն էր Թուրքիայի հետ 2006 թ․ մեղրամսի գնալը։ Ես այդ ժամանակ էլ էի ասել, որ սա շատ ծանր է նստելու Սիրիայի եւ սիրիացի ժողովրդի համար։ Երբ 2009 թ․ գնացի Սիրիա, պատերազմ չկար, բայց ես իմ ծննդավայրը չէի ճանաչում․ ամենուր թուրքական դրօշներ էին։ Տնտեսական էքսպանսիան կլանել էր Սիրիան։ Թող սա դաս լինի Հայաստանի համար:

– Բաշշար Ասադի հայրը՝ Հաֆէզ Ասադը, իր 30 տարւայ պաշտօնավարման ընթացքում Մերձաւոր Արեւելքի միակ ղեկավարն էր, ով ընդամէնը մի անգամ էր այցելել Թուրքիա, այն էլ՝ ոչ թէ Անկարա, այլ Ստամբուլ։ Որդին՝ Բաշշար Ասադը, այլ քաղաքականութիւն որդեգրեց։

– Եթէ չլինէր Ամերիկան, Բաշշար Ասադն իշխանութեան չէր մնայ, որովհետեւ նա Մերձաւոր Արեւելքի միակ ղեկավարն էր, ով ոչ սպանւեց, ոչ բանտարկւեց՝ ի տարբերութիւն Սադամ Հուսէյնի, Քադաֆիի…

– Ասադ ընտանիքի կապւածութիւնը ռուսական յատուկ ծառայութիւնների հետ խոր արմատներ ունի՝ դեռեւս ԽՍՀՄ ժամանակներից։

– Որոշումների ընդունման սիրիական կենտրոնը՝ Դամասկոսը, բաւական լուրջ ճնշման տակ է եղել ռուսական եւ իրանական ազդեցութեան կողմից։ Այն, ինչ կատարւում է այսօր Սիրիայում, Բաշշար Ասադի չկողմնորոշւածութեան արդիւնքն է։ Որպէսզի Ասադը մնայ իշխանութեան, բոլոր տենդերները տրւել են չինական ընկերութեանը, սիրիացի ժողովուրդը տաքանում էր իրանական գազով, բայց դոմինանտ էր Ռուսաստանը։ Սա, իհարկէ, չէր կարող անտարբեր թողնել Իրանին։

– Արաբական քաղաքական միտքը պրակտիկ առումով սնանկ դարձաւ, եւ դրանից օգտւեց Թուրքիան, քանի որ, երբ նստեցին բանակցութիւնների սեղանի շուրջ, սիրիական ընդդիմութեան միանգամից 47 ղեկավար յայտնւեց, ու որեւէ մէկը չյաղթեց։

– Այն ամբողջ «մասկի-շոուն», որ հիմա Թուրքիան ցուցադրում է, նպատակ ունի նախ ուշադրութիւնը շեղել թուրք-իսրայէլական խորքային համագործակցութիւնից։ Առանց Իսրայէլի՝ Թուրքիան չէր կարող սա իրականացնել։ Ռուսական գործօնը պիտի դեր չունենայ այս ամնի մէջ։

– Թուրքիան ջանում է ներքին խնդիր լուծել․ նախ՝ ձերբազատւել «Սեւրի սինդրոմից», իսկ քրդական հարցում շատ հետաքրքիր քայլի է դիմում։ Վերջերս Էրդողանն ակնարկեց, որ կարող է քրդական ազատագրական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ազատ արձակել։ Որոշակի պայմանաւորւածութեան արդիւնքում ազատ կարձակի: Քննարկւում է՝ ազատ արձակել, բայց արգելել երկրից դուրս գալը։ Պայմանաւորւածութեան արդիւնքում, փոխարէնը՝ Օջալանը պաշտօնապէս յայտարարում է Թուրքիայում քրդական զինւած պայքարի դադարեցման մասին։ Սա շատ ուշագրաւ քայլ կը լինի, եւ լուրջ զարգացումներ կարող են լինել նաեւ քրդերի շրջանում:

– Գլխաւոր հարցն է՝ զինեալները կը սահմանափակւեն Հալէպը հսկողութեան տակ պահելո՞վ, թէ՞ կիջնեն ներքեւ՝ դէպի Համան։ Թուրքիայի ծայրայեղական խմբաւորումները տեղակայւած են այդտեղ։

– Եթէ Ռուսաստանը կործանիչներ չհանի, օդուժ չկիրառի, Սիրիան հնարաւորութիւն չունի Հալէպը վերանւաճել։ Սիրիան հիմա շատ թոյլ է։

– Սիրիայի իշխանութիւնն իր իշխանութիւնը պահելու համար իր յոյսը դրեց բացառապէս արտաքին գործօնի՝ Իրանի ու Ռուսաստանի վրայ եւ իր բանակը պառակտեց, թուլացրեց։

– Ես բազմիցս խնդրել եմ չմեկնաբանել այդ բիոզանգւածի (Նիկոլ Փաշինեանի,- խմբ.) յայտարարութիւնները, բայց նա ամէն ինչ տանում է հրաշալի, ինչպէս ծրագրւած է իր հովանաւորների կողմից։ Ինքն ամէն ինչ անելու է, որպէսզի Հայաստանից ստանայ սպառողական հասարակութիւն։ Սիւնիքն իրենք Արցախի հետ միասին դարձնելու են պոլիգոն՝ հակաիրանական գործողութիւնների համար։ Սրանք նոյեմբերից Նոր տարի են նշում, ամէն ինչ անում են, որ Հայաստանում ապրող հայը չմտածի պաշտպանւածութեան, իր սեփական անվտանգութիւնն ապահովելու մասին։ Ճիշտ նոյն բանը եղել է Սիրիայում… Տեսա՞ք՝ ինչ արեցին Սիրիայի իշխանութիւնները, էս չի՞ ձեր թղթէ տնակը։

– Փաշինեանը հրաշալի անում է այն, ինչի համար նրան բերել են։

– Սիրիական պետութիւնը կործանւած պետութիւն է, բայց Ասադը մտածում է՝ մայրաքաղաք Դամասկոսում նորմալ է, Դամասկոսը քանի դեռ չի ընկել, նորմալ է։ Նոյնը այստեղ է՝ Հայաստանում։ Մայրաքաղաքում լա՛ւ ապրէք, երեւանցիք, Շուռնուխը ո՞ւմ է հետաքրքիր։ Դամասկոսում հանգիստ ապրում են, բոլոր վայելքներից կարողանում են օգտւել։ Նրանց ինչի՞ պիտի հետաքրքրի Հալէպի ժողովուրդը…

– Յաջորդը լինելու է Իրաքը, եւ ամենեւին պատահական չեմ համարում, որ Իրաքի աշխարհազօրը, որի գլխին շիական առաջնորդ է կանգնած, Սիրիայի իր հայրենակիցներին ուզում է օգնութեան հասնել։

– Մեզ սպառնում է ադրբեջանական հնարաւոր ներխուժում։ Թուրքիան չի ներխուժի, բայց Ադրբեջանը կանի դա։ Եւ այս խեղկատակի՝ ազգ-բանակի դէմ խօսոյթը սրա մասին է։

– Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինեան անունով խեղկատակը, ոստիկանական գւարդիաներով բարիերներ ստեղծելն է։

– Հայաստան բերւում է պաշտպանական տեխնիկա, որն օգտագործւելու է ժողովրդի դէմ։ Հայաստանը ձեռք է բերում այնպիսի զինտեխնիկա, որ քաղաքական խժդժութիւնների, զարգացումների դէպքում օգտագործի ՀՀ քաղաքացիների դէմ։ Փաշինեանի արարքները սպիտակ եղեռնից էլ են այն կողմ անցնում…

– Չկասկածէք, որ հարկ լինի, սեփական ժողովրդի դէմ Փաշինեանը կօգտագործի նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմի յատուկ ջոկատայիններին…

– Վատիկան Նիկոլ Փաշինեանի եւ կնոջ՝ Աննա Յակոբեանի այցը՝ Էրատոյի պատկերով ականջօղերը, մեսիջ էին, որ Հայաստանի 3-րդ Հանրապետութիւնն այն տեսքով, ինչպիսին որ հիմա կայ, չի լինելու։

– Վատիկանը շատ վատ խաղ է խաղում մեր դէմ։ Պէտք է հասկանալ՝ անդրազգային ինչ կորպորացիաներ են յեղափոխութիւն իրականացնում ամբողջ աշխարհով մէկ, կամ ինչ նոր գլոբալիստական կազմակերպութիւններ են Վատիկանի կողմից ուղղորդւում։

– 4-րդ նախագահ Արմէն Սարգսեանն էր կուրացիա անում այստեղ Մեծ Բրիտանիայի քաղաքականութիւնը։ Մաւրն արեց իր գործը, Մաւրը հեռացաւ։ Նիկոլ Փաշինեանը միայն ֆասադն է, նրան դրսից խաղացնողներ կան։

– Մենք պէտք է շատ զգօն լինենք։ Սիրիայի իրադարձութիւնները շատ պիտի լուսաբանւեն։ Սիրիական նախորդ պատերազմների ընթացքում Սիրիայում հայկական դեսպանութիւնը միակն է եղել, որ չի փակւել, ու հիմա Հալէպում հիւպատոսը, առանց տեղեակ պահելու համայնքային կառոյցներին, լքում է Հալէպը…  

– Հալէպում Հայաստանի հիւպատոսը տեռորիստական յարձակումներից 24 ժամ առաջ իմացել է այդ մասին։ Եւ եթէ դու 24 ժամւայ ընթացքում համայնքային կազմակերպութիւնների ղեկավարներին չես յայտնում այդ մասին, դու ո՞ւմ շահերն ես սպասարկում։ Պարզ չէ՞, թէ որ երկրից կարող էին ՀՀ արտգործնախարարութեան ներկայացուցչին՝ հիւպատոսին, տեղեկացնել հնարաւոր ռազմական գործողութիւնների մասին. Թուրքիայի՛ց:

Related Articles

Back to top button