Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տաթեւ Սրբազան. «Փաշինեանը թող զգուշանայ. Եկեղեցու դէմ դուրս եկածները 7 պորտով կանիծւեն եւ դժբախտութիւնների մէջ կապրեն»

«ԱԼԻՔ» – «Ո՛չ Նիկոլ Փաշինեանը, ո՛չ որեւէ իշխանութիւն չի՛ կարող վախեցնել մեզ։ Նա ոչ մի իրաւունք չունի եկեղեցու ներքին գործերի մէջ մտնելու, կաթողիկոս փոխելու, նոր կաթողիկոս նշանակելու. դա իր գործը չէ՛։ Մենք նրան զգուշացնում ենք՝ թող զգոյշ լինի, իր խօսքերն ու արարքները միայն մեր դէմ չեն, այլ Աստծոյ դէմ են։ Աստւած համբերութիւն ունի, եւ կարող է մէկ անգամ այնպէս անել, որ ընդհանրապէս իր կործանումը եւ, դժբախտաբար, Հայաստանի կործանումը տեղի ունենայ իր ձեռքերով։ Թող ուշադիր լինի»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ եւ Բալկանեան երկրներում Հայրապետական պատւիրակ Գերաշնորհ Տէր Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանը։

Նա շեշտել է՝ Վեհափառ Հայրապետը ոչ թէ անձ է, այլ Եկեղեցին է․ «Ինչքան էլ ասեն՝ շարժումը եկեղեցու դէմ չէ՝ շարժումը եկեղեցու դէմ է, Վեհափառ Հայրապետը անձ չէ, ես անձ չեմ, ես ներկայացնում եմ Ռումանիոյ հայոց եկեղեցին՝ որպէս Տաթեւ Սրբազան։ Այս շարժումը եկեղեցու դէմ է, եւ մէկ անգամ եւս ասում  եմ՝ թող ուշադիր լինի, որ դժբախտութիւն չբերի ե՛ւ իրեն, ե՛ւ իր ընտանիքին, ե՛ւ ազգին, որովհետեւ այսպիսի պարագայում Աստւած կարող է այնպիսի պատիժ տալ նրանց, որոնք Եկեղեցու դէմ են, որ իրենց 7 պորտերը պէտք է անիծւեն, եւ իրենք դժբախտութիւնների մէջ պէտք է ապրեն»։

Սրբազանը նկատել է, որ Փաշինեանը եկեղեցին թուլացնելու տարբեր ճանապարհներ փորձելուց յետոյ հիմա գտել է անձանց, որոնք փորձում են Եկեղեցին տկարացնել․

«Վստահաբար, այդ անձինք կաշառւած են, եւ Փաշինեանը կարծում է, թէ կարգալոյծ քահանաներով կը կարողանայ յաջողութեան հասնել։ Մենք այդպիսի օրեր շատ ենք տեսել մեր պատմութեան մէջ։ Դրանց, ինչպէս պատրիարքներից մէկն էր ասում, հովը բերել է, հովն էլ կը տանի։ Մենք այնպիսի եկեղեցի ենք, այնպիսի կաթողիկոսութիւն ենք, մեր արմատներն այնքան խորն են, որ ոչ մի փոթորիկ, ոչ մի անձ չի կարող տապալել։ Այդ կարգալոյծ քահանաները թող իրենց յոյսը չդնեն Փաշինեանի վրայ, Փաշինեանն այսօր կայ, վաղը չկայ, իսկ Հայոց Եկեղեցին միշտ կայ, եւ իրենք յետոյ պատասխան պէտք է տան դրա համար»։

Ըստ նրա՝ հանրութիւնը պէտք է գիտակցի՝ կարգալոյծ հոգեւորականն իրաւունք չունի որեւէ ծէս կատարելու, եւ եթէ ժողովուրդը հետեւի այդ կարգալոյծին, իրենք էլ են մեղքի մէջ ընկնում, նրանց բոլոր արարողութիւններն էլ անվաւէր են հռչակւում՝ մկրտութիւն, պսակ, թաղում եւ այլն։

«Իրենք չեն կարող ասել, որ ժողովուրդն այդպէս է ուզում։ Քահանան, վարդապետը, եպիսկոպոսն իրենց օծումը ստանում են վերադասից, այսինքն՝ Կաթողիկոսն օծում է եպիսկոպոսին, եպիսկոպոսը՝ վարդապետին, քահանային։ Եթէ մենք տալիս ենք, ունենք նաեւ առնելու իշխանութիւն, ոչ թէ՝ ինչպէս իրենք են ասում։ Իրենք օծումն ունեն, բայց այդ օծումն ի կատար ածելու իշխանութիւն չունեն, չեն կարող որեւէ արարողութիւն կատարել, որովհետեւ եպիսկոպոսն իրենց զրկել է այդ օրհնութիւնը տալու իշխանութիւնից։

Related Articles

Back to top button