Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արշակ Սրբազան. «Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու իշխանութեան գործելաոճը որեւէ արդիւնք չի ունենալու»

«ԱԼԻՔ» – «Տեղեկացայ, որ համացանցով տարածւում են անպատշաճ բովանդակութեամբ ինչ-որ տեսանիւթեր, դրանք փորձելով կապել իմ եւ ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ, իրեն լրատւամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրեւ թէ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել»։  Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ սոցցանցերի իր հարթակներում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը։

Սրաբազանը մասնաւորապէս գրել է.

«Իշխող քաղաքական ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրութիւնների համատեքստում՝ շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատւամիջոցները այլ ընտրութիւն չունեն, քան տարածելու «Երկրի հակառակ կողմը» վերնագրւած պղծապատումին չզիջող այլասերութիւններ ու զրպարտութիւններ: Մարդկանցից շատեր ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել եւ հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դէմքով չեմ կարող լծւել յօրինւածքների ու զրպարտութիւնների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել:

Հետեւաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակաւ «յղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը: Առաջարկում եմ այդ տեսագրութիւնները տեղադրել նաեւ «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպէս եւ ՔՊ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպէս իրենց նախասիրութիւնների ցայտուն վկայութիւն։ Ուղղակի զաւեշտական է, թէ երկրի շուրջ ծաւալւող վտանգաւոր զարգացումների, հասարակութեան պառակտման, մոլեգնող յանցաւորութեան եւ նմանօրինակ ծանր մարտահրաւէրների պայմաններում ինչպիսի խեղկատակութիւններով է զբաղւած իշխող քաղաքական ուժի քարոզչամեքենան, անշուշտ, հետեւելով գործադիր իշխանութեան ղեկավարի հակաօրինական ուղորդումներին, այդ թւում եւ՝ հրապարակային։ 

Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրութեանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու իշխանութեան յայտնի գործելաոճը, համոզւած եմ, որեւէ արդիւնք չի ունենալու։ Խնայէք Ձեր էներգիան, պարոնայք եւ տիկնայք, այն ձեզ պէտք է լինելու պատասխանատւութեան ժամին, երբ ամբողջապէս կը բացայայտւեն «ձեր երեսների հակառակ կողմերը»»։

Related Articles

Back to top button