Արցախի ԱԺ-ի յայտարարութիւն
Յաջակցութիւն Արցախի՝ «Եւրոպացիները՝ յանուն Արցախի» հարթակի նախաձեռնութեամբ յունւարի 27-ին եւ 28-ին եւրոպական տասնչորս երկրների աւելի քան յիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Միջոցառումներին մասնակցում են Եւրոպայի հայութիւնը եւ տասնեակ եւրոպական կազմակերպութիւններ, որոնք իրենց ազգային կառավարութիւններին եւ համաեւրոպական ղեկավար կառոյցներին իրենց պահանջն ու յորդորն են ներկայացնելու։
Այդ առիթով Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի չորս խմբակցութիւններ ուղերձ են յղել միջոցառումների մասնակիցներին: Ուղերձում մասնաւորապէս ասւում է.
«Այն ամէնը, ինչ տեղի ունեցաւ Արցախում 2020 թ. 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցութեամբ, ունի մէկ անւանում՝ Օսմանեան կայսրութեան ժամանակներից սկիզբ առած թուրքական յանցաւոր ծրագրերի շարունակութիւն: 100 տարի առաջ հայ ժողովրդին ցեղասպանութեան ենթարկելու գործողութիւնները կրկնւեցին մեր օրերում, բայց մէկ, չնչին տարբերութեամբ՝ առաջատար դեր վերապահելով Ադրբեջանին:
Հազարամեայ պատմութիւն ունեցող հայկական Արցախը, որ մշտապէս դիմակայել է տարբեր հրոսակախմբերի ասպատակութիւնների, 21-րդ դարում, միջազգային իրաւունքի անտեսման պայմաններում դէմ-յանդիման կանգնեց ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից 2020 թ. սեպտեմբերին պարտադրւած պատերազմին, բազում զրկանքներ կրեց 9-ամսեայ համընդհանուր շրջափակման օրերին եւ հրէշաւոր ահաբեկչութեան ճանապարհով 2023 թ. սեպտեմբերին ենթարկւեց էթնիկ զտման: Իրականացւող ցեղասպանութեան ու դրա սպառնալիքի ներքոյ 120 հազար արցախցի հայեր ստիպւած էին հեռանալ իրենց բնօրրանից՝ թողնելով նախնիների հարուստ պատմա-մշակութային ժառանգութիւնը, քրիստոնէական սրբավայրերը եւ սեփական օջախները:
Հայերի հանդէպ Ադրբեջանի իշխանութիւնների ցեղասպանական քաղաքականութիւնը, ատելութիւնն ու թշնամանքը տասնամեակներ շարունակ իր արտացոլումն է գտել Սումգայիթից մինչեւ Մարաղա՝ հայաշատ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի, ոճրագործութիւնների միջոցով: Եւ այն իրողութիւնը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակում են գերեվարւած մնալ Բաքւի բանտերում, հաստատում է այդ երկրի պաշտօնական շրջանակների կողմից հակահայկական քաղաքականութիւնը շարունակելու մտադրութիւնները:
Եւրոպայի 14 երկրների 50-ից աւելի քաղաքներում յաջակցութիւն Արցախի նախատեսւող միջոցառումները, վերը նկարագրւած աղէտալի պայմաններում յոյս ներշնչող բացառիկ ազդակներ են: «Եւրոպացիները՝ յանուն Արցախի» հարթակի կողմից կազմակերպւած հերթական միջոցառումը միաւորել է Եւրոպայում ապրող մեր այն հայրենակիցներին, ում համար Արցախը տարիներ ի վեր եղել է ոգեշնչման աղբիւր, հարիւրաւոր կազմակերպութիւնների, որոնք տարիներ շարունակ աշխատել են Արցախի միջազգային հեղինակութիւնը բարձր պահելու եւ տեսանելի դարձնելու ուղղութեամբ:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնները, արտայայտելով ծանր ու բարդ իրավիճակում յայտնւած արցախահայութեան տրամադրութիւնները, բռնատեղահանւած ժողովրդի անունից երախտագիտութիւն են յայտնում այն հոգատարութեան եւ աջակցելու պատրաստակամութեան համար, որ ցուցաբերում են հարիւրաւոր եւրոպական կազմակերպութիւններ՝ Արցախին օժանդակելու նպատակի շուրջ օրակարգ ձեւաւորելու մեծածաւալ աշխատանքի միջոցով:
Մենք շնորհակալ ենք նաեւ եւրոպացի մեր բոլոր բարեկամներին, ովքեր տեւական ժամանակ պաշտպանել են Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ինքնիշխան պետութիւն կառուցելու մեր իրաւունքը:
Մեծ եռանդով միանում ենք արդարացիօրէն ցանկագրւած այն յորդորներին ու պահանջներին, որոնք ուղղւել են ձեր նստավայր երկրների կառավարութիւններին ու համաեւրոպական ղեկավար կառոյցներին:
Խորապէս համոզւած ենք, որ համազգային համախմբումը եւ նրա սահմանների ընդլայնումը, Հայրենիքում պահանջւած ու սպասւող աշխատանքի իրականացման հետ մէկտեղ կարող են ստեղծել այն նախադրեալները, որոնք անհրաժեշտ են մեր գլխաւոր խնդրի՝ անվտանգութեան միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձն իրականացնելու համար:
Յաջողութիւն ենք մաղթում բոլորիս՝ պատմական այդ առաքելութեան իրականացման ճանապարհին:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւններ՝
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»,
«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն»,
Արցախի «Արդարութիւն»,
«Արցախի Ժողովրդավարական կուսակցութիւն»
27 յունւարի, 2024թ.»: