Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լաւրովը տարակուսանք է յայտնել ՀՀ-ից հնչող մեղադրանքների կապակցութեամբ

ՌԴ նախարարը կարծում է, որ Բրիւսէլը հայ գործընկերներին կը ստիպի հատուցել յատկացւած 15 մլն եւրոյի իւրաքանչիւր ցենտի համար։

ՀՀ իշխանութիւնների կողմից Ռուսաստանին ուղղւած «հիբրիդային սպառնալիքների» վերաբերեալ մեղադրանքները տարակուսանք են առաջացնում Մոսկւայում։ Ասուլիսի ժամանակ այդ մասին յայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը։

Լրագրողներից մէկը նշել է, որ ՀՀ իշխանութիւնների հակաեկեղեցական արշաւը մեծ մասամբ ներկայացւում է որպէս Ռուսաստանից բխող «հիբրիդային սպառնալիքների» դէմ պայքար։

Լաւրովը պատասխանել է, որ Ռուսաստանը ցաւով է հետեւում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Միեւնոյն ժամանակ նա ընդգծել է, որ վերջերս թէ՛ վարչապետը, թէ՛ ԱԺ խօսնակը չեն հերքել, որ Հայաստանի դէմ ուղղւած «հիբրիդային սպառնալիքները» իբր բխում են նաեւ Ռուսաստանի կողմից։

«Յայտարարութիւնները տարակուսանք են առաջացնում։ ԵՄ-ի հետ մերձեցումը անհետեւանք չի անցնում։ Հէնց ԵՄ-ն է անընդհատ պնդում «Ռուսաստանից բխող հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն փող է տալիս դրա համար. վերջերս խօսւեց 15 մլն եւրոյի մասին։ Կասկած չունեմ, որ Բրիւսէլի բիւրոկրատիան կը ստիպի մեր հայ բարեկամներին հատուցել այդ տրանշի իւրաքանչիւր ցենտի համար»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։

Լաւրովը յիշեցրել է նաեւ Եւրամիութեան արտաքին գործերի եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այն յայտարարութիւնը, որ ԵՄ-ն Հայաստանում գործելու է մոլդովական սցենարով։

Լաւրովի խօսքով՝ Կալասի ասածը մտորելու տեղիք է տալիս՝ հաշւի առնելով, թէ ինչպէս կոպտօրէն կեղծւեցին Մոլդովայում վերջերս տեղի ունեցած ընտրութիւնները։

ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է նաեւ Գիւմրու քաղաքապետ Վարդան Ղուկասեանի հետ կապւած քրէական գործը եւ նրան ներկայացւած մեղադրանքներից մէկը, որը կապւած էր Ռուսաստանի հետ Հայաստանի միութեան օգտին հնչեցրած յայտարարութիւնների հետ։ Նախարարի խօսքով՝ ռուսական կողմին լրջօրէն մտահոգել է այն հանգամանքը, որ անձի դէմ քրէական գործ է յարուցւել քաղաքական հայացքների համար, որոնք ոչ մի կերպ չեն խաթարում Հայաստանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը։

Մոսկւան յուսով է, որ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների զարգացման եւ խորացման օգտին հանդէս եկող հայ քաղաքական գործիչները քրէական հետապնդման չեն ենթարկւի։

Sputnik Armenia

Related Articles

Back to top button