Հայաստան - ԱրցախՔաղաքական

Աջափնեակում շարունակւել է «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշաւը

«Մենք կարա՞նք էնքան առաջ գնանք, որ հասնենք 2005 թւականին», «Իհարկէ, կարո՛ղ ենք». Աջափնեակում՝ Ռոբերտ Քոչարեանին

«ԱԼԻՔ» – Երեւանի Աջափնեակ վարչական շրջանում երէկ՝ ուրբաթ, մայիսի 15-ին կայացել է «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշաւի հանդիպումը քաղաքացիների հետ, որի ընթացքում ելոյթ է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը։

Հանդիպման ընթացքում Քոչարեանն անդրադարձել է երկրի ներքաղաքական իրավիճակին, կառավարութեան գործունէութեանը եւ անվտանգային խնդիրներին։ Նրա խօսքով՝ ներկայիս կառավարման համակարգում ձեւաւորւել է այնպիսի մթնոլորտ, որտեղ կառավարութեան անդամները չեն հակադարձում վարչապետի գնահատականներին։

Մենք կարող ենք ունենալ Ադրբեջանին զսպող ժամանակակից մարտունակ բանակ.

Մենք իսկապէս կարող ենք ունենալ ժամանակակից մարտունակ բանակ, որն ի վիճակի է զսպել Ադրբեջանին։ Եւ սա չեմ  ասում նրա համար, որ մենք պէտք է այդպիսի բանակ ունենանք պատերազմի համար: Հէնց բանակը պէտք է ունենաք պատերազմ չունենալու համար: Սա ես չեմ յօրինում, ուղղակի մարդկութիւնն ուրիշ տարբերակ դեռ չի յօրինել: Պէտք է ունենալ մարտունակ, պրոֆեսիոնալ բանակ եւ եթէ երկիրը փոքր է, ուրեմն նաեւ հզօր դաշնակից։ Այս մասին Աջափնեակում «Հայաստան» դաշինքի քարոզարշաւի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Հանդիպման ընթացքում ներկաներից հնչած հարցերին պատասխանելով՝ Քոչարեանը անդրադարձել է նաեւ Արցախի թեմային, ինչպէս նաեւ 2008 թւականի մարտի 1-ի իրադարձութիւններին։ Նրա գնահատմամբ՝ այդ իրադարձութիւնների հիմնական հրահրողն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինեանն էր։

«Միանգամից յիշողութեանս է գալիս հետեւեալը կառավարութեան նիստին Փաշինեանն ուղղակի ասում է, որ մենք տգէտ ենք, բոլորս տգէտ ենք եւ ոչ ոք այդ դահլիճում չասեց, որ ինքը տգէտ չէ, բոլորն ընդունեցին։ Սա ուսապարկային կառավարում է: Ես էլ եմ եղել նախագահ, եղել եմ վարչապետ, ես չեմ պատկերացնում ոնց է կարելի կառավարութեան անդամներին նստացնել եւ ուղղակի ասել տգէտ էք դուք, չեմ պատկերացնում ինքնասիրութիւն ունեցող մարդն այդ միջավայրում ինչպէս պէտք է աշխատի»,- Աջափնեակում «Հայաստան» դաշինքի քարոզարշաւի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

«10 տարւայ ընթացքում եղել է իմ յիշողութեամբ մէկ լրագրողի սպանութիւն, այդ լրագրողը մեր թիմի անդամ էր՝ Տիգրան Նաղդալեանը: Այդ սպանութեան հեղինակը եղել է հէնց այսօրւայ գործչի եղբայրը եւ, ինչքան ես գիտեմ, դա ընտանիքի որոշում էր: Իմ յիշելով նաեւ դատապարտւել է եւս մէկ լրագրող, որը դատապարտւել է ոչ թէ իր պրոֆեսիոնալ գործունէութեան համար, այլ մէկ բանի համար՝ բանակից խուսափեց, հարեւանի երկու երեխային գրեց իր անունով, յետոյ ինքն իր մօր վրայ ցուցմունք տւեց, որ դա մայրն է արել, ոչ թէ ինքը: Դուք պատկերացնո՞ւմ էք մարդ, որը ցուցմունք է տալիս սեփական մօր վրայ: Եւ դա փաստեր են, որոնք հնարաւոր չի ժխտել: Դա բերել են, ներկայացնում են հիմա որպէս խօսքի ազատութեան ճնշում: Ի՞նչ կապ ունի խօսքի ազատութիւնը»,- այս մասին Աջափնեակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահաւաքի ժամանակ ասել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Ի պատասխան ներկաներից մէկի հացին, նախագահը նաեւ զուգահեռ է տարել մարտի 1-ի դէպքերի հետ՝ նշելով. «Մարտի 1-ի սադրողը, հիմնական պատասխանատուն եւ մեղաւորը հէնց Նիկոլ Փաշինեանն է»։

Հանդիպման աւարտին քաղաքացիներն իրենց աջակցութիւնն ու հարցերն էին ներկայացնում դաշինքի առաջնորդին՝ քննարկելով երկրի անվտանգութեան, կառավարման եւ ապագայ զարգացման հետ կապւած հարցեր։

«Հայաստան» դաշինքը շարունակում է իր նախընտրական հանդիպումները տարբեր համայնքներում՝ ներկայացնելով իր ծրագրերն ու մօտեցումները Հայաստանի զարգացման եւ անվտանգութեան ապահովման ուղղութեամբ։

Լուրը ձեւակերպւել է հեռւոստաեթերից ստացւած տեղեկատւութեան հիման վրայ:

Related Articles

Back to top button