Գառնիկ Դանիէլեան. «Ընտրութիւնների նախաշեմին անձնագրերի հարցով արհեստական խոչընդոտների ստեղծումը կասկածի տեղիք է տալիս»

ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը գրում է.
«Ամենօրեայ ռեժիմով մեր հայրենակիցներից ստանում եմ նամակներ եւ զանգեր, որոնք վերաբերում են անձնագրերի, այդ թւում՝ նոյնականացման քարտերի ստացման ժամկէտների հարցին։ Բանն այն է, որ հերթագրւելու դէպքում միայն ամիսներ յետոյ կարող ես ձեռք բերել կամ թարմացնել անձնագիրդ, ինչն էլ առաջացրել է մեր հայրենակիցների արդարացի զայրոյթը։ Պարբերաբար անդրադառնալով հարցին՝ նշել ենք, որ համակարգը ծանրաբեռնւած է, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որպէսզի յատկապէս մայրաքաղաքի բնակիչները ստիպւած չլինեն հերթագրւելու ՀՀ մարզերում՝ ժամանակը մի փոքր կրճատելու համար։
Վստահ եմ, որ լուծում գտնելը եւ այսպիսի ոչ մեծաքանակ բնակչութեանը պատշաճ սպասարկելը խրթին հարց չէ։ Նման աննախադէպ հերթերի դէպքում կարելի է ընդլայնել անձնագրային բաժինները, համալրել անձնակազմը։
Ինձ դիմում են նաեւ Արցախից բռնի տեղահանւած մեր հայրենակիցները՝ ՀՀ քաղաքացիութեան ստացման գործընթացի ձգձգման խնդրով։ Յատկապէս ընտրութիւնների նախաշեմին նման արհեստական խոչընդոտների ստեղծումը անթոյլատրելի է եւ կասկածի տեղիք է տալիս։
Նկարագրւած խնդիրների պարզաբանման վերաբերեալ գրաւոր հարցումներ եմ ուղղել պատկան մարմիններին»:



